ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՇՈՒՏ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու կոնկլավը, որի ժամանակ պետք է գաղտնի քվեարկությամբ ընտրվի նոր Հռոմի պապ, կանցկացվի նախատեսված ժամկետից շուտ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրությունը կարող է կայանալ մարտի 15-ին: Սուրբ աթոռի տեղեկատվական ծառայության ղեկավար հոգեւորական Ֆեդերիկո Լոմբարդին հաղորդել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներից հասցնեն հավաքվել բավարար քանակի կարդինալներ՝ քննարկելու թեկնածությունների առաջադրումը: Նշենք, որ Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարվելու մասին հայտարարել էր փետրվարի սկզբին՝ որպես պատճառ նշելով առողջական վիճակը:

ՀԱՋՈՂԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
Նոր Զելանդիայում 20-ամյա երիտասարդը ողջ է մնացել 9 սանտիմետրանոց դանակով գլխին վնասվածք ստանալուց հետո: Երիտասարդը հարվածը ստացել է վիճաբանության ժամանակ: Իրավապահների տվյալներով` դանակի ծայրն անցել է աչքից եւ ուղեղից 2-ական սմ հեռավորությամբ: Նրան հիվանդանոց են տեղափոխել հենց դանակը վերքի մեջ: Բժիշկներին հաջողվել է փրկել ոչ միայն  երիտասարդի կյանքը, այլեւ տեսողությունը:

ԱՐՅՈՒՆ Է ԽՄՈՒՄ
«Թուրքիայի 23-ամյա բնակիչը դստեր մահից հետո սկսել է արյուն խմել»,-գրում է Lifenews.ru-ն: Նա պարբերաբար ածելիով կտրել է ձեռքերը, փորը եւ խմել արյունը: Սկզբում նա արյան կարիք ունեցել է շաբաթական մի քանի անգամ, սակայն ավելի ուշ այն վերածվել է ուժեղ կախվածության: Նա արյուն է գողացել ոչ միայն արյան բանկից, այլեւ դանակով հարձակվել է մարդկանց վրա, որպեսզի հերթական չափաբաժինը ստանա: Իրավապահները մի քանի անգամ ձերբակալել են «վամպիրին»: Հոգեբանական փորձաքննություն անցկացնելուց հետո պարզ է դարձել, որ տղամարդը լուրջ խնդիրներ ունի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս