ԱՄՆ-ն դժգոհ է Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ չնայած ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների եւ հանրության դրական գնահատականների մասին ՀՀ իշխանությունների ոգեւորված հայտարարություններին, այդուհանդերձ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բացասական գնահատական է տվել՝ հորդորելով իշխանություններին չկոծկել ընտրախախտումները եւ ընտրությունների երկրորդ փուլ գնալու քաղաքական որոշում կայացնել: Ինչպես հասկանում ենք ԱՄՆ դեսպանի ցանկացած խոսք չի կարող ինքնագլուխ լինել, հետեւաբար եւ պետք է համաձայնեցված լինի իր պետության ղեկավար մարմինների հետ, ուստի այն կարելի է ընկալել որպես ԱՄՆ-ի դիրքորոշման արտահայտում:
Հայաստանի իշխանությունները, ըստ zham .am կայքի աղբյուրների, մերժել են դեսպանի առաջարկը, որից հետո Ջոն Հեֆերնը հայտնել է, որ ՀՀ իշխանությունները կարող են խնդրի առաջ կանգնել: Սա էլ ընկալվել է որպես սպառնալիք: Եթե թեկուզ ընդունենք որպես սպառնալիք, նույնպես պարզ է, որ երկրի դեսպանն իրավասու չէր կարող լինել այն հնչեցնելու առանց իր երկրի ղեկավարության համաձայնության: Ոսւտի Ջոն հեֆերնի շուրթերով այստեղ խոսում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Հետաքրքրական է, որ, ըստ լրատվամիջոցների, դեսպանի կողմից նշվել է նաեւ Հայաստանի իշխանության ուզուրպացված լինելու եւ իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահելու հարցում պետական լծակներն օգտագործելու մասին:
Դժվար թե ԱՄՆ-ի նման դիրքորոշումը չմտահոգի ՀՀ իշխանություններին, որքան էլ փորձեն միջազգային հանրության կողմից ընդունելի լինելու ժողովրդվարացման գործընթացում մեկ քայլ առաջ գնալու տեսանելիություն ստեղծել:
Եթե հիշենք 2011թ. սեպտեմբերի 15-ին “Հայկական Ժամանակ” թերթում հրապարակված՝ հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի՝ “սերժ Սարգսյանի եւ ռոբերտ Քոչարյանի բիզնես բուրգերը” վերնագրով զեկույցը, որը նա վաշինգտոն էր ուղարկել դեռ 2009-ին թվականին, ապա առավել քան պարզ է դառնում ԱՄՆ-ի անվստահությունը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության եւ նրանց հռչակած ժողովրդավարության նկատմամբ նոր երեւույթ չէ, նամանավանդ որ հիշյալ զեկույցում շատ ավելի բազմակողմանի անդրադարձ է կատարված Հայաստանի իշխանությունների քաղաքականության եւ քրեաօլիգարխիկ համակարգի հետ սերտ համագործակցության մասին, իսկ հայաստանյան քաղաքականության սկզբունքը բնութագրվել է “հաղթողը վերցնում է ամեն ինչ” արտահայտությամբ: Բնականաբար, նման քննադատություններին հնչեցնելուց հետո յովանովիչը չէր կարող արժանանալ ՀՀ իշխանությունների դրական վերաբերմունքին: Նույնը կարծես թե կրկնվում է Ջոն Հեֆերնի դեպքում:
Որքան էլ ՀՀ իշխանությունների իրենց վարած քաղաքականությամբ կառչեն Ռուսաստանից, միեւնույն է՝ չեն կարող հաշվի չնստել նաեւ ԱՄՆ-ի նման խոշոր գերտերության հետ: Այդ իսկ պատճառով առ այսօր խճճված են եւ հավանաբար դեռ երկար խճճված կմնան ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Միանգամից երկու նապաստակի հետեւից վազելու հնարամտությունը առայժմ ՀՀ իշխանությունները կարողանում են օգտագործել, սակայն նման դեպքում, բնական է, չեն կարող արհամարհել այդ երկուսից մեկի կարծիքը որոշ երեւույթների վերաբերյալ: Ուստի Ջոն Հեֆերնի հնչեցրած սպառնալիքը կարելի է համարել իրոք մտահոգիչ:
Կարեն Վարդանյան




Լրահոս