Երևանի Դավթաշեն վարչական շրջանն ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքը «քույրեր» դարձան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև հաստատված համագործակցության շրջանակում Անտոնիի քաղաքապետի հրավերով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-13-ն այցելել է Ֆրանսիայի Անտոնի քաղաք: Այցի շրջանակում պատվիրակության անդամները նախ հանդիպել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հետ: Առանձնակի կարևորելով երկուստեք հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը՝ կողմերը քննարկել են առաջիկա անելիքները:

Երևանյան պատվիրակության անդամները Անտոնիի գործընկերների հետ միասին ներկա են գտնվել «Գինու և պանրի» 29-րդ փառատոնին, որտեղ ներկայացված է եղել նաև հայկական ապրանքանիշը: Փառատոնի բացումը մեկնարկել է համաձայնագրի ստորագրումով: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրություն: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետը մշտապես ողջունել է միջազգային համագործակցության ընդլայնումը, այդ թվում նաև Երևանի վարչական շրջանների ու այլ քաղաքների համանման գործակցության համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը:

«Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև համագործակցության ձևավորման հարցում մեծ է Անտոնիի նախկին քաղաքապետ, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր հայազգի Պատրիկ Դևեջյանի, Անտոնիի հայկական միության, քաղաքապետ Ժան-Իվ Սենանի, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանի ու Անտոնիի քաղաքային խորհրդի անդամ, Ֆրանս-հայկական ակումբի նախագահ Վիսսամ Նեհմենի աջակցությունը և ներդրումը: Համոզված եմ, որ երկուստեք գործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կընդգրկի նոր շրջանակներ»,- նշել է Ռուսլան Բաղդասարյանն ու իր հերթին Անտոնիի քաղաքապետին հրավիրել է այցելել Երևան:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:




Լրահոս