Ով է Գյումրիում ոստիկանների դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հատուկ քննչական ծառայությունից տեղեկացանք, որ Գևորգ անունով մի քաղաքացի հաղորդում է տվել, թե 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել:

Բացի այդ, քաղաքացին ասել է, թե ինքը ոստիկանության Կումայրիի բաժնում տևական ժամանակ է պահվել:

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ը պարզեց, որ խոսքը գյումրեցի մի տղամարդու մասին է, ով գրեթե ամեն օր ահազանգում է ոստիկանություն, իսկ ահազանգի հետքերով գնացած ոստիկանները նրան մշտապես հայտնաբերում են կիսամերկ, հարբած վիճակում: Ի դեպ, այս վերջին դեպքի հետ կապված էլ մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդը, կրկին հարբած վիճակով, գնացել է նախկին կնոջն ու երեխային տեսակցության, նրանց տանը աղմուկ է բարձրացրել, և նախկին աները ստիպված է եղել ոստիկանություն կանչել:

Ժամանած ոստիկանները չեն կարողացել Գևորգին կարգի հրավիրել, և մի կերպ նրանց հաջողվել է նրան տանել Կումայրիի բաժին:

Եվ ահա, վրդովված քաղաքացին հաղորդում է ներկայացրել` հայտարարելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել` հայհոյանքներով զուգորդված:




Լրահոս