Քիչ է` Դիանա Գրիգորյանը սցենարիստն է, նաեւ` գլխավոր հերոսուհին. նոր սերիալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է նոր հեռուստանովելի անոնս, որի միջոցով տեղեկանում ենք` «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկում է նոր հեռուստասերիալ, որի սցենարիստը Դիանա Գրիգորյանն է: Ընդ որում, վերջինս չի բավարարվել «Առաջնորդները» կոչվող սերիալում սցենարիստի պարտականությունները ստանձնելով. նա նաեւ նկարահանվել է սերիալում:

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ սկանդալային սցենարիստը հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի, եւ, ինչպես երեւում է, վերջինիս դուր է եկել այդ աշխատանքը: Հաղորդավարուհին, իհարկե, էկրանին այդ ֆորմատով երեւալու իր ցանկությունը կարող էր բավարարել երկրորդական դերեր ստանձնելով, բայց ոչ. նրան բաժին է հասել հենց գլխավոր հերոսուհու կերպարը:

Անոնսից տեղեկանում ենք, որ սերիալում խաղում են հայտնի դերասաններ Ալբերտ Սաֆարյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արա Դեղտրիկյանը, Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաղորդավարուհու խաղը համարում է ստացված, դերասանը շեշտեց, որ Դիանա Գրիգորյանը պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղալու փորձ ունի: «Նա խաղացել է նաեւ «Ճակատագրի գերիներ»-ում` հանդես գալով իմ հերոսի դստեր կերպարում, այն, ինչ ես տեսել եմ, ինձ գոհացնում է»,-ասաց դերասանը:

Պետք է նկատել, որ պրոֆեսիոնալների հետ նկարահանվելը մի բան է, պրոֆեսիոնալ որակներով օժտված լինելը` բոլորովին այլ: Մեր այս դիտարկմանը Արա Դեղտրիկյանը չցանկացավ անդրադառնալ. «Կներեք, եկեք՝ հիմա ես ոչ մի բան չասեմ»:

Պարադոքսալ մի իրավիճակ է ստացվում. վաստակավորներն ամենատարբեր առիթներով քննադատում են բոլոր այն սերիալները, որոնցում ընդգրկված են մասնագիտությամբ ոչ դերասաններ, ոչ պրոֆեսիոնալներ, իսկ հետո իրենք դառնում են նրանց գործընկերները:

Մենք փորձեցինք սերիալում իր դերակատարության վերաբերյալ զրուցել նաեւ Դիանա Գրիգորյանի հետ, սակայն նա նշեց, որ շատ զբաղված է եւ ժամանակ չունի:
Սերիալի մեկ րոպեանոց անոնսում արդեն տեսնում ենք բռնության, սպանության դաժան տեսարաններ, եւ անզեն աչքով ճանաչելի է «Դժվար ապրուստ», «Դժբախտ երջանկություն», «Հարազատ թշնամի» եւ մի շարք այլ սերիալների սցենարիստի ձեռագիրը:

Սերիալի անոնսից պարզ է դառնում նաեւ, որ այն նկարահանվել է բավական բազմազան վայրերում, այսպես ասած` չորս պատերի ներսում նկարահանված սերիալ չէ, եւ դրա վրա, ըստ էության, բավական մեծ գումարներ են ծախսվել: Անոնսի միջոցով հեռուստադիտողին խոստանում են, որ «Առաջնորդները» կդառնա վերջին ժամանակների հայկական ամենառեյտինգային սերիալը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս