Դիարբեքիրում թուրք ոստիկանները թալանել են հայ կաթոլիկ եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին, սույն տարածքում հայտարարված պարետային ժամի ընթացքում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Դիջլե» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն` Հասըրլը թաղամասում գտնվող սույն հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները, սակայն, չեն բավարարվել միայն եկեղեցու վրա հարձակմամբ. նրանք գողացել են այստեղ գտնվող որոշ պատմական իրեր:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը գործակալությանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել` այս փաստի կապակցությամբ: Նա նշել է, թե եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրա գումարի չափով վնաս:

Քարագյոզյանը նաև ասել է. «Ոստիկանությունը եկեղեցի է մտել` կոտրելով այստեղի պատմական դռները: Ակնհայտ է, որ մեծ հարձակում է գործվել եկեղեցու վրա: Գողացվել են հախճապակու վրա արված մեր 6 պատմական նկարները, ինչպես նաև` մեր պահեստում գտնվող փորագրված պատմական քարերը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Սուրի շրջանում ոստիկանների և ՊԿԿ-ի անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին:




Լրահոս