ԱԻՆ-ը` օրինակելի նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 22-ին, Հայաստանի ԱԻՆ է այցելել հատուկ կարիքավոր մարդկանց աջակցության “Ունիսոն” հկ-ի նախաձեռնած “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” ծրագրի մասնակիցների 19-հոգանոց խումբը:
Վերոնշյալ ծրագրով ,Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության եւ Human Dignity and Peace հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվում է “Աշխատատեղի հարմարեցում” թեմայով դասընթաց: Այն վարում է Նիդեռլանդներից ժամանած փորձագետ Յան Հոսթինգը։
Դասընթացի շրջանակներում, “Ունիսոն”-ի խնդրանքով, կազմակերպվել է այցելություն ԱԻՆ`  ծանոթանալու համակարգում փորձաշրջան անցնող հաշմանդամների աշխատանքային պայմաններին:
Խոսելով ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու նախաձեռնության մասին` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը մասնավորապես ասել է. “ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` “Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ” (ԱՌՆԱՊ) հիմնադրամում ստեղծվել է “Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի” թեմատիկ խումբ, որն աշխատում է հաշմանդամներին ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման եւ աշխատանքային պայմանների ստեղծման ուղղությամբ:  Խմբում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայումս այդ ծրագրի շնորհիվ ԱԻՆ համակարգում աշխատանքի է անցել հաշմանդամություն ունեցող 10 քաղաքացի: Ընդհանուր առմամբ` մեր համակարգում հաշմանդամներին հատկացված է 30 աշխատատեղ։ Կա քաղաքական կամք եւ այն թիմը, որը կյանքի է կոչում այս նախաձեռնությունը: Մենք արդեն մոտ 150 դիմում ենք ստացել, բայց առաջին փուլում նախապատվություն է տրվել ամենախոցելի`  սայլակավոր հաշմանդամներին: Ծրագիրը շարունակական է լինելու եւ կիրականացվի նաեւ մարզերում”:
Հյուրերը շրջել են նախարարության մասնաշենքերում, ծանոթացան ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման կենտրոնի եւ “911” արագ արձագանքման ծառայության աշխատանքներին, նախարարության մյուս ձեռքբերումներին եւ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների աշխատանքային պայմաններին:
Հյուրերը հնարավորություն են ունեցել նաեւ անձամբ զրուցելու հաշմանդամների հետ։ Դասընթացի մասնակիցները հույս են հայտնել, որ սա օրինակ կծառայի նաեւ մյուս գերատեսչությունների համար։
Շրջայցի ավարտին հոլանդացի փորձագետ Յան Հոսթինգը մասնավորապես ասել է. “Այս ամենը հրաշալի էր: Ես անգամ խոսքեր չեմ գտնում տպավորություններս կիսելու համար: Ահռելի աշխատանք է կատարվել, ընդ որում` շատ բարձր մակարդակի վրա: ԱԻՆ պարտականությունների մեջ չէր մտնում աշխատանքի ընդունել հաշմանդամներին, սակայն նախարարությունը գնացել է այդ քայլին, ինչը շատ գովելի է: Նման փորձ շատ քիչ երկրներում է կիրառվում: Հաշվի առնելով նաեւ այն, որ իմ երկրորդ մասնագիտությունը հրշեջ է` ես ավելի քան հիացած եմ իմ տեսածով”:




Լրահոս