Ես սպասում եմ, որ պատգամավորն իր խոստումը կատարի ու հրապարակի ՀԷՑ-ի կտրոնները. Մարալիկի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ խորհրդարանում ԱԺ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ Մարալիկում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրողներին բաժանվել են ՀԷՑ-ի կողմից տրված էլ.էներգիայի վճարման անդորրագրեր: Ասել է թե՝ ցանկալի թեկնածուին ընտրելու համար այդ քաղաքում «լույսի չեկ» են բաժանել: Ինչ է մտածում այս մասին Մարալիկի վերընտրված քաղաքապետ Արտակ Գևորգյանը:

– Ես անկեղծ ասած զարմացա, որ Արամ Մանուկյանը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, նման հայտարարություն արեց, քանի որ դա բացարձակ սուտ տեղեկություն էր: Ես ակնկալում եմ, որ ԱԺ պատգամավորը, ինչպես խոստացել էր, կհրապարակի, ցույց կտա այդ կտրոնները: Թեեւ ես վստահ եմ, որ այդպիսի բան չկա:

Եթե չկա, այդ դեպքում ինչո՞ւ էր պատգամավորը նման համոզվածությամբ հայտարարում: Ի վերջո ընդունված է ասել, որ «ծուխն առանց կրակ չի լինում»:

– Ես որպես Մարալիկի քաղաքապետ, քաղաքապետի նախկին թեկնածու, վստահեցնում եմ, որ Մարալիկում ընտրակաշառքի որեւէ դեպք չի եղել, անգամ փորձ: Մեր քաղաքում տեղի են ունեցել իդեալական ընտրություններ ու չի բացառվում, որ հենց այդ հանգամանքը հանգիստ չի տալիս ինչ որ մարդկանց: Ամեն կերպ փորձ է արվում բիծ գտնել. եթե անգամ նման բան տեղի ունեցած լիներ, բայց, նորից եմ կրկնում, բացառում եմ, չի եղել: Բայց նույնիսկ եթե տեսականորեն ընդունենք, որ նման բան է եղել. ինչ որ մեկը մի բնակչի փոխարեն վճարել ու կտրոն է տվել, դրա հետ ի՞նչ կապ կարող էր ունենալ ՀԷՑ-ը կամ կուսակցությունը:

– Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը կարող էր Ձեր անունից կտրոններ բաժանել:

– Այո բացառում եմ: Չի կարող նման բան լինել: Թող մի կտրոն ցույց տան, որ բաժանվել է ընտրողներին: Սուտ է:

– Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ես սպասում եմ, որ պատգամավորն իր խոստումը կատարի եւ հրապարակի կտրոնները: Առայժմ սպասում եմ, ուրիշ ոչինչ: Ու քանի որ ըտրություններից հետո իմ առաջին հրապարակային խոսքն է, կուզենամ ձեր միջոցով իմ շնորհակալությունը հայտնել Մարալիկի բնակչությանը՝ ընտրությունների օրը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, ընտրական գործընթացը նորմալ անցկացնելու, ինձ վստահության քվե տալու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ իմ մրցակից թեկնածուին՝ առաջադրվելու եւ մրցակցային ընտրապայքար ապահովելու համար: Մարալիկի բնակիչներին էլ խնդրում եմ մի կողմ դնել ընտրող-թեկնածու հարաբերությունները, վերադառնանք մեր առօրյային, լինենք համախմբված ու միասին աշխատենք: Ես էլ կշարունակեմ իմ բարեխիղճ աշխատանքը, կիրականացնեմ իմ ստանձնած պարտավորությունները, որ օրենքով տրված են քաղաքապետին եւ կշարունակեմ ծառայել ժողովրդին:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս