Ու՞ր էին ուժային կառույցները, երբ հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը լքեց երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին, որ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը Արբեջանից քաղաքական ապաստան է խնդրել և վաղը Բաքվում ասուլիսով հանդես կգա: Մի կողմ թողնենք, որ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելը բարոյական տեսանկյունից դավաճանություն է: Այստեղ խնդիրներ են առաջանում իրավական տեսանկյունից: Եվ այսպես` Վահան Մարտիրոսյանի անվան շուրջ ստեղծված աղմուկը հայտնի է, դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Օգոստոսի 15-ին Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծի են ենթարկել: Դրանից հետո նա ժամանակավոր բնակվել էր իր ծանոթներից Ռուզան Մարգունու տանը: Նրանց հեռանալուց հետո հիշյալ կինը դիմել էր իրավապահներին եւ տեղեկացրել, որ իր բնակարանից 3820 դոլար գումար է անհետացել: Ավելի ուշ, այս կնոջ հաղորդման հիման վրա Մարտիրոսյանը տեղափոխվել էր Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այնուհետև Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Ավելին՝ հարցաքննվեց եւ ստորագրությամբ ազատ արձակվեց:

Այսօր արդեն Armlur.am-ին հայտնի դարձավ, որ գողության մեղադրանքով Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ինչպես է ստացվում, որ հետախուզման մեջ գտնվող և ստորագրությամբ բաց թողնված քաղաքացին կարողացել է հատել Հայաստանի սահմանը:

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ այդ հարցին պատասխանելն իրենց իրավասության մեջ չի մտնում: «Դա պետք է հարցնեք մյուս պատկան մարմիններին: Նա գողության համար սեպտեմբերի 9-ից հետախուզման մեջ էր գտնվում»,- ասաց Սոնա Տռուզյանը: Ոստիկանությունն այս առնչությամբ առհասարակ որևէ ողջամիտ մեկնաբանություն չտվեց` միայն նշելով, որ Վահան Մարտիրոսյանի գործը գտնվում է Քննչական կոմիտեում:

Փորձեցինք Ազգային անվտանգության ծառայությունից որևէ հստակ տեղեկություն ստանալ այս հարցի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում ԱԱԾ մամուլի աշխատակիցներից մեկը նշեց, որ հիմա ստուգումներ են անցկացվում. «Այդ հարցով զբաղվում են, այս պահին որևէ նորություն չեմ կարող ասել: Երբ նոր բան լինի, կտեղեկացնենք»:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ Հայաստանում ոչ մի կառույց, այդ թվում ազգային անվտանգությունն ապահով, իր տեղում չէ: Հետախուզման մեջ գտնվող քաղաքացին հեշտությամբ կարող է լքել երկիրը, ավելին գնալ Ադրբեջան և քաղաքական ապաստան խնդրել: Հուսանք` առաջիկայում իրավապահ մարմինները ողջամիտ և «խելքին մոտ» բացատրություն կտան կատարվածի վերաբերյալ:

 Քրիստինա Աղալարյան




Լրահոս