Թերթին դատի տալով և 2 մլն պահանջելով Բաբլոյանը կկարողանա՞ վերականգնել իր ԲԿ-ի հեղինակությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  ՀՀԿ֊-ական պատգամավոր, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանը «Հրապարակ» օրաթերթի դեմ հայց է ներկայացրել, որով պահանջում է հերքում և ներողություն «Արաբկիր կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի «բարենպաստ» օջախ» հոդվածի համար, բացի այդ, 2 միլիոն դրամ՝ որպես  բարոյական վնասի փոխհատուցում։

Armlur.am-ը Բաբլոյանից հետաքրքրվեց` որն է թերթին դատի տալու և նրանից գումար պահանջելու պատճառը, և ինչու պատգամավորը միայն հերքումով չի բավարարվում: Ի պատասխան Բաբլոյանը նշեց, թե թերթին դատի է տվել, որովհետև սուտ լուրեր է տարածել:

Մեր այն դիտարկմանը, որ քաղաքացու դիմումի հիման վրա է գրվել, Բաբլոյանը նշեց. «Ոչ, ճիշտ չէ: Դատարանը կքննարկի, կորոշի: Եթե ինքը որոշի, որ թերթը ճիշտ է, ես խնդիր չունեմ: Երևում է, որ թերթը հետևողական այդպիսի բաներ է անում»: Հարցին` ինչու եք գումար պահանջում, նա նշեց. «Որ այդ գումարով հետագայում օգնենք մարդկանց ովքեր կարիք ունեն, թերթը սխալ է արել, պետք է պատժվի»:

Հիշեցնենք, որ  այդ հոդվածում նշված է` «Արա Բաբլոյանին պատկանող բժշկական կենտրոնում «բուժում» ստացած մարդիկ կան, որ մի կերպ հասել են Բելգիա եւ առաջին իսկ հետազոտությունից հետո պարզել, որ Բաբլոյանի կենտրոնից «սյուրպրիզ» ունեն՝ հեպատիտ C»: Քաղաքացիներից մեկը, որ հենց Բելգիայում էր իմացել իր հեպատիտի մասին, Օվսաննա Զոհրաբյանն էր:

Սակայն,  գաղտնիք չէ` բժշկական կենտրոններից և բժիշկներից որքան դժգոհություններ են առկա: Ակնհայտ է, որ այս կերպ նա փորձում է այնպես անել, որ լրատվամիջոցների համար «դաս» լինի և վերջիններս հետագայում վախենան` քննադատություններ հայտնել: Մնում է հասկանալ` այդ երկու միլիոնով Բաբլոյանին կհաջողվի՞ փրկել և վերականգնել իր բժշկական կենտրոնի հեղինակությունը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս