Մասիսում իրեն և 4-ամյա դստերը թունավորած կինը սնդիկը դպրոցից էր ձեռք բերել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ն ավելի վաղ հաղորդել էր, սեպտեմբերի 16-ի Մասիսում ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել: «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ.Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։

Այսօր armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով:

Մասիսի քննչական բաժնում իրականացված քննության նախնական տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ, ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։ Պարզվել է սնդիկի հիդրօքսիդի ձեռքբերման աղբյուրը. այն Շ.Թումանյանն իր տուն է բերել նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից։ Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները։

Դեպքի վայրի զննության ժամանակ Շ.Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաև մեկ նարնջագույն ներարկիչ, որի վրա առկա է եղել գազարագույն փոշենման նյութ և թեյի բաժակ, որի ներսի հատվածը քայքայված է եղել ինչ-որ նյութի ազդեցությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Համաձայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Շ.Թումանյանն ի վիճակի չէ բացատրություն տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներա ու պատճառները։




Լրահոս