ԿԱՐՈՏԵԼ ԷԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում կայացած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսը բավական մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին` ակնկալելով Ր. Հովհաննիսյանից ստանալ ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ:
Նկատենք, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեջ շատ էին ծանոթ դեմքերը, որոնք նախորդ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներին եւս պարտաճանաչ կերպով ներկա էին լինում: Ու ընդհանուր առմամբ, մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ կարծես կարոտել էին հանրահավաքներին: Նրանք չէին կորցրել հանրահավաքային մթնոլորտում մտքեր փոխանակելու եւ իրենց դժգոհությունը արտահայտելու առիթը:
«Ժողովուրդ»-ը փորձեց հանրահավաքների բոհով անցած մի քանի գործիչներից պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն Ր. Հովհաննիսյանից:

Կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
-Ցավոք սրտի, պարզ է, որ կլիներ այսպես, պարզ էր, որ կհաղթի ժողովրդի ընտրյալը, եւ պարզ է, որ բռնապետությունը չի հանձնի իշխանությունը, եւ 2008թ. ընտրությունները մեզ համար պետք է դաս լինեին: Առանձին-առանձին ոչինչ չի ստացվի, եւ պետք է միավորվել: Կարելի է այստեղ հիշել Վինսթոն Չերչիլի խոսքերը. «Սա դեռ վերջը չէ, սա դեռ վերջի սկիզբը չէ, բայց սա սկզբի վերջն է»: Այսինքն՝ այդ սկզբնական շրջանը ավարտվում է, եւ մտնում ենք մի նոր փուլ, որը կլինի նոր պետության սկիզբ:

ԱԺ նախկին փոխխոսնակ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Ր. Հովհաննիսյանը շատ մեծ պատասխանատվության տակ է դրել կես միլիոն քաղաքացիների քվեն, եւ ես իրեն մաղթում եմ հաջողություն եւ համարձակություն: Չգիտեմ՝ ինչ հետընտրական զարգացումներ կլինեն: Կա ավանդական փորձարկված ճանապարհը, որը հաջողություն չի ունեցել: Պետք է փնտրտուք լինի՝ ավելի արդյունավետ մոտեցումների համար:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ
-Ես եկել եմ այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ: Իմ սպասելիքները գիշերվա կեսին էին, եւ սպասում էի լուրջ հայտարարության, որը չեղավ: Հիմա քանի գնում է՝ հույսներս փոքրանում են: Հետընտրական մեծ զարգացումների չեմ սպասում, եւ ահա այս ժողովրդի մասնակցությունն էլ այդ ամենի վկայությունն է:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ
-Այս պահին ոչ մի ակնկալիք չունեմ եւ սպասում էի, թե Ր. Հովհաննիսյանն ասուլիսին ինչ կհայտարարի: Փառք Աստծո ասեմ, թե ցավոք սրտի, բայց նոր բան չհայտնաբերեցի: Հապշտապ հայտարարություններ անել պետք չէ: Կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ հետընտրական զարգացումներ կլինեն:
Հ.Գ. Ի դեպ, հատկանշական էր այն, որ Ազատության հրապարակում էին նաեւ ՀՀՇ նախկին նախագահ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Արարատ Զուրաբյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս