Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Արգենտինայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային և նրա տեղակալ Ադրիանա Տրոտտային։

Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը կարևորեց ավանդական կապերը երկու երկրների միջև, որոնք ավելի են սերտացել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի ու վերապրածներին ցուցաբերված մեծ աջակցության արդյունքում։

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ ազնիվ ու աշխատասեր արգենտինահայերին մոտիկից ճանաչելու շնորհիվ առավել կհեշտանա ծանոթությունն ու համագործակցությունը հայաստանյան գործընկերների, մասնավորապես ոստիկանության հետ։
Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանի ոստիկանության և Արգենտինայի դեսպանության փոխգործակցության կապակցությամբ և բարձր գնահատեց հայ ոստիկանների պրոֆեսիոնալիզմը։

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների ոստիկանական կառույցների միջև՝ երկուստեք փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման հեռանկարով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։




Լրահոս