Վերջին մեկ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են ռազմավարական նշանակության բազմաթիվ աշխատանքներ և իրականացվել լուրջ բարեփոխումներ:
Մասնավորապես, առաջին անգամ սահմանվել է քաղաքացիների ընդունելության կարգ, գործարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը (www.ced.am), ինչպես նաև տեղեկատվական ձայնային պորտալը և արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը:
Քրեակատարողական ծառայությունը նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով համալրելու նպատակով մշակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման պետական կրթական չափորոշիչ, ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետի շուրջ 3 տասնյակ հրամաններով և հանձնարարականներով կանոնակարգվել են ծառայության գործունեության իրավական կանոնակարգումներ չունեցող ոլորտները:
Այսպես՝ ստեղծվել է օպերատիվ խորհրդակցությունների մշտական հանձնաժողով, ապահովվել է կարգապահական խախտումների արդյունքներով իրականացվող ծառայողական քննությունների միատեսակ վարչարարությունը, կանոնակարգվել են քրեակատարողական հիմնարկների ճաշարանների և սննդամթերքի պահման վայրերի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը ապահովելու, չծխող անձանց ծխողներից անջատ պահելու կարգն ու պայմանները:
Կանոնակարգվել են նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, հիմնարկները մաքուր ջրով ապահովելու, դրանց տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ ամենօրյա հսկողություն սահմանելու, ճաշարանի սպասքի, գույքի լվացման և ախտահանման աշխատանքների պատշաճ կատարում ապահովելու գործառույթները, քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հայտնաբերման արձանագրությունները պատշաճ կազմելու, հայտնաբերվածների պատկանելությունը պարզելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու և այլ իրավահարաբերություններ:
Արդիականացվել են քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպման աշխատանքները, սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ անազատության մեջ գտնվող անձանց օրական տրվող սննդի չափաքանակի, սննդամթերքի ցանկի, ճաշացուցակի և որակի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում սահմանելով կալանավորված անձանց պահելու վայր՝ 40 լրակազմով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ձևավորելու տեխնիկական առաջադրանք:
2015թ. ապրիլ և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնագիտացված ընկերության աշխատակիցները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, պարբերաբար իրականացրել են բոլոր քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) և միջատների վերացմանը միտված (դեզինսեկցիոն) աշխատանքներ:
Թվով 271 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
Չեն անտեսվել նաև մարզական և մշակութային միջոցառումները:
Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, տաղավար տոներին մատուցվել են պատարագներ, կատարվել են տոնական ծիսակարգեր: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օծվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը:
Մշակվել և շրջանառության մեջ են դրվել քրեակատարողական ծառայության աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ մասնավորապես հանձունքների հանձնումն առցանց եղանակով կազմակերպելու և դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան», «Հրազդան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ:
Իրականացվել են նաև բազմաբնույթ շինարարական և վերանորոգման աշխատանքներ ՔԿ վարչությունում, «Հրազդան», «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Արմավիր», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկների բուժմասերում, խոհանոցներում, սանհանգույցներում, բնակելի գոտիներում և այլ հարակից տարածքներում: