Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ օր ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` պահանջելով մինչեւ այսօր` ժամը 17-ը, ժողովրդին հանձնել իշխանությունը: «Սերժ Սարգսյանին հնարավորություն ենք տալիս անցնցում իշխանությունը հանձնել ժողովրդին: Ժողովուրդն է հաղթել, եւ դա իրենք գիտեն: Վաղը` մինչեւ ժամը 17:00-ն, ով ունի խոստովանանք, թող խոստովանի. նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, հրամանատար: Ով մինչեւ վաղը ժամը 5-ը խոստովանի, իմ եւ ժողովրդի անունից ներում կստանա, իսկ եթե ոչ` պատասխան կտա: Ժողովուրդը հաղթել է, թե աշխարհն է տեսնում»,-Ազատության հրապարակում երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նա` կոչ անելով գալ այսօր կայանալիք հանրահավաքին:
«Ուզում եմ հավատալ, որ մինչ այդ ժամը Սերժ Սարգսյանը կունենա այն ջիղը` ընդունելու ժողովրդի հաղթանակը»,-ասաց նա: Հովհաննիսյանը, որը, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, ստացել է 37 տոկոս ձայն, նշեց, թե իրականում իր օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների 80 տոկոսը: Իսկ ԿԸՀ հրապարակած թվերը, նրա խոսքով, որեւէ առնչություն չունեն իրականության հետ, այլ կեղծված են: «Ես պաշտոնների չեմ հավատում, բայց ես այսօր նախագահն եմ Հայաստանի Հանրապետության»,-նշեց նա: Թեկնածուի խոսքով՝ առաջիկայում ինքը կներկայացնի «ձեւավորելիք կառավարության մանրակերտը», որը լինելու է ազգային համաձայնության կառավարություն: Իսկ դրա կազմում, ինչպես ասաց Հովհաննիսյանը, ընդգրկված կլինեն ՀՅԴ, «Ժառանգության», Կոնգրեսի, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ եւ «արժանավոր ՀՀԿ-ականներ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության օրը՝ ուշ երեկոյան, հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ փետրվարի 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Սակայն երեկ հայտարարվեց` Ր. Հովհաննիսյանը ոչ թե հանրահավաք, այլ բացօթյա ասուլիս է անցկացնելու: Ու չնայած այդ հանգամանքին՝ Ազատության հրապարակը երեկ բավական բազմամարդ էր: Այստեղ կարելի էր հանդիպել ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների. այնտեղ էին ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները, նաեւ` պարզապես քաղաքացիներ: Մասնավոր զրույցներում մարդիկ խոստովանում էին` եկել են տեր կանգնելու իրենց քվեին, մի մասն էլ` Ազատության հրապարակ էր եկել պարզապես հետաքրքրությունից դրդված, ուզում էին տեսնել` ինչ է լինելու: Այնուամենայնիվ, մեկ բան ակնհայտ էր` հասարակության զգալի հատվածը չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու ցանկանում է փոփոխություններ: Ասուլիսի ժամանակ էլ քաղաքացիները պարբերաբար վանկարկում էին՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր, Սերժի՛կ մարդասպա՛ն», «Րաֆֆի՛, նախագա՛հ»: Իսկ ասուլիսից հետո, երբ Հովհաննիսյանը փորձում էր հեռանալ, հավաքվածները պահանջում էին մնալ ու նստացույց անել: Այնուամենայնիվ, հրապարակում հավաքվածների մի մասը մինչեւ ԿԸՀ երթով ուղեկցեց Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նկատենք, որ երեկ բաց մնաց մեկ հարց` արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ վերջ տեր կկանգնի իր ձայներին, արդյոք այսօրվանից նա կսկսի շուրջօրյա հանրահավաքների շարքն ու այդպես կգնա հեղափոխական ճանապարհով, թե այս ամենը կավարտվի ինչ-որ պաշտոնի շուրջ համաձայնությամբ կամ ժողովրդին անհեթեթ մեկնաբանությամբ տուն ուղարկելով: Հետագա պայքարի վերաբերյալ հարցին հստակ պատասխան չի տվել անգամ Ր. Հովհաննիսյանը` ասելով, որ ինքը պայքարը տանելու է բոլոր սահմանադրական մեթոդներով` հավելելով, թե հետագայում կոնկրետ քայլերը մշակվելու են ժողովրդի հետ լայն քննարկումների արդյունքում:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրինք` Ս. Սարգսյանը պատրաստվում է արդյոք կատարել Ր. Հովհաննիսյանի պահանջը: Պարզվեց` ոչ: «Ես հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր գլխապտույտի մեջ է` հավաքած ձայների ու հիմա իր շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված, բայց չեմ կարծում, որ մենք պետք է գնանք նրա մոտ: Աշխարհում ընդունված կարգ է, որ պարտված թեկնածուն է գնում հաղթողի ձեռքը սեղմելու, շնորհավորելու: Ես կարծում եմ` Ր. Հովհաննիսյանն ունի այդ քաղաքական կամքը»,-ասաց նա: «Իսկ եթե այսքանից հետո Ր. Հովհաննիսյանը գնա հանրահավաքային պայքարի՞»,-այս հարցին ի պատասխան՝ Հ. Սահակյանը նշեց, թե յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում. «Ր. Հովհաննիսյանին մենք հարգանքով ենք վերաբերվում, բայց մինչեւ այնտեղ, որտեղից սկսվում են մեր իրավունքներն ու ազատությունները: Ուստի խորհուրդ կտամ ե՛ւ Ր. Հովհաննիսյանին, ե՛ւ մյուս թեկնածուներին լինել իրենց իրավունքների ու ազատությունների շրջանակներում, բայց ոչ այլոց հաշվին»: