ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԵՑ
ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո երեկ Սերժ Սարգսյանին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ս. Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Ս. Սարգսյանին համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարօրություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս շնորհավորել է Սերժ Սարգսյանին:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրություններին չի մասնակցել, որովհետեւ չի եղել հանրապետությունում, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը zham.am-ին ասել է. «Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում եւ պարզապես չի մասնակցել ընտրությանը. դա որպես անհատ, որպես քաղաքացի՝ պարոն Ծառուկյանի որոշումն է եղել»:
ՄԵՌԵԼՈՑԱՅԻՆ
Ակտիվիստ Սեւակ Կիրակոսյանը երեկ «մեռելոց» է հայտարարել` ի նշան կեղծ ընտրությունների դեմ բողոքի: Նա անցորդներին «դագաղներ» է բաժանել` եւս հինգ տարի անշարժ վիճակում ապրելու համար, այսինքն` գործազրկություն, արտագաղթ, կեղծարարություններ…
ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԴԱՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետ կապված՝ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ցուցադրեցին, թե ինչ աստիճանի է խորացել համաժողովրդական ատելությունը գործող ռեժիմի եւ անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ Հայաստանում իշխող վարչախումբը, ի հեճուկս տարիներ շարունակ իր տված խոստումների, երբեւէ չի հրաժարվի ընտրակեղծիքների իր ստեղծած մեքենայի գործադրումից, քանի դեռ դրա դեմ, որպես քաղաքական գործոն, չի ծառացել ժողովրդի միասնական կամքը, եւ ընտրակեղծարարության այդ փաստերին համարժեք վերաբերմունք չի արտահայտել միջազգային հանրությունը։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես դիտորդական առաքելությունները, դադարեցնեն դայակությունը Հայաստանի հանցավոր իշխանությունների նկատմամբ, հրաժարվեն Հայաստանի իշխանությունների օրենսդրական ձեռնածությունները որպես դրական բարեփոխումներ ներկայացնելու իրենց պրակտիկայից եւ վերջապես հասկանան, որ հայաստանյան ընտրությունների արատը ոչ թե օրենսդրական թերությունները, զանազան խախտումներն ու օրինազանցություններն են, այլ համակարգային այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ընտրացուցակներում Հայաստանից մշտապես բացակայող 700.000 մարդկանց անունների առկայությունը եւ կրկնաքվեարկության դեմ արդյունավետ միջոց կիրառելու իշխանության չկամությունը»:
ԼՅԱՐԴԸ ԼԱՎ ՉԷ
ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանն ընտրությունների վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն կներկայացնի վերջնական տվյալները։ «Ես այժմ ոչ մի բան չեմ կարող ասել, հիվանդանոցում եմ»,-«Ա1+»-ին ասել է Վ. Սեդրակյանը։ Նա Միքայելյան հիվանդանոցում է՝ լյարդի հետ կապված խնդիրներով։
ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ
«Ընտրությունները ցույց են տալիս, որ ֆորմալ պահանջների կատարման առումով ահագին առաջադիմել են հեռարձակվող լրատվամիջոցները՝ մոտենալով միջազգային նորմերին, սակայն խնդիրները մնում են բովանդակային»,-«Առավոտ»-ին ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
ՄԵԿԻՑ ԱՎԵԼ Է
ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի շտապում հայտարարություն անել եւ գնահատել ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Նա NEWS.am-ին ասել է. «Շտապել պետք չէ, երբ դու տալիս ես առարկայական եւ գործնական հետեւություններ պահանջող գնահատական»: Անդրադառնալով իր արդյունքներին` Հայրիկյանը նշել է, որ Գողթնում իր քաղաքացիական պարտքը կատարելիս հայտարարել է, որ մեկ ձայն արդեն ունի, իսկ այժմ հայտարարում է. «Պարզվեց, որ մեկ ձայն չունեմ, մի քիչ ավել է»: