«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործընթացը այս տարվա սեպտեմբերին է տեղի ունենալու, «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս մարտ ամսին: Այն ժամանակ արդեն հայտնի էր, որ ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի մասնագետները ուսումնասիրում են ՀԷՑ-ը, եւ այդ գործընթացը ավարտվելու է սեպտեմբերին, ու հենց այդ ժամանակ էլ որոշվելու է գործարքի հետագա ճակատագիրը: Երեկ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ազդարարեց, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է իրենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու համաձայնություն ստանալու համար:
Կառավարության եզրակացությունը կտրվի մոտ մեկ շաբաթից: Այսինքն՝ ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պայմանագիրը ուժի մեջ կմտնի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի ընկերությունը հին սեփականատիրոջից նորին փոխանցման գործընթացը: Գործարքի արժեքը դեռեւս չի հրապարակվում, սակայն, մեր տեղեկություններով, այն մոտ կես միլիարդ դոլար է կազմում, որի մոտ 300 միլիոնը ՀԷՑ-ի պարտքերն են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀԷՑ-ի պարտքերի մարման համար անհրաժեշտ 300 մլն դոլարը` վարկի տեսքով, կստանա ընկերությունը՝ ՌԴ Կառավարության երաշխավորությամբ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԷՑ-ի նոր գնորդը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Վերջինիս եղբայրը` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: