«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վարձի վճարման կտրոններ են բաժանվել: Նա ասել էր նաեւ, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երեւանից ու Մարալիկից երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի այս հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել եւ կներկայացնեմ նաեւ փաստաթղթերը»: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ եւ ԲՀԿ գրասենյակներից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: