Երևանի Նուբարաշեն վարչական շրջանն ու Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքը գործընկերներ դարձան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և եվրոպական քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման ու եղած կապերի ամրապնդման գործում ակտիվ են նաև մայրաքաղաքի վարչական շրջանները։ Սեպտեմբերի 11-16-ը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաք՝ քաղաքապետ Միշել Օմասի հրավերով։

Առնուվիլի քաղաքապետ Միշել Օմասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրընկալ կողմի նախաձեռնությունը՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերի և համագործակցության հարցում հետևողականության ու գործնական քայլեր կատարելու համար, և նշել, որ լավ սկիզբ ունեցող համագործակցությունը նախանշում է արդյունավետ շարունակականություն։
Համագործակցության ամրապնդման նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի և ֆրանսիական Առնուվիլ քաղաքի միջև կնքվել է հուշագիր. արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Լևոն Դավթյանը:

Նուբարաշեն վարչական շրջանի պատվիրակության անդամների այցը Առնուվիլ հագեցած է եղել տարաբնույթ միջոցառումներով։ Պատվիրակությունն այցելել է նաև Առնուվիլի մանկապարտեզ, ձեռք բերել համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություն:




Լրահոս