«ԸՆՏԱՆԻՔԸ ԹՈՂ ԱՇԽԱՏԻ, ԱՊՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ (Պոնչոն) զվարճացնում էր հեռուստադիտողին «Թաքնված տեսախցիկ» հումորային նախագծով, հիմա դերասանին էկրանին տեսնում ենք շատ հազվադեպ, վերջին տարիներին նկարահանվել է «Охотники за бриллиантами», «Պահանջվում է միլիոնատեր», «Եթե բոլորը» ֆիլմերում: Իսկ թե որն է լռության պատճառը, պարզեցինք անձամբ նրանից:
-Ձեր մականունը բոլորս գիտենք, իսկ սովորաբար ինչպե՞ս են դիմում:
-Մտերիմներս Պոնչո, Պոնչ, մի քիչ պաշտոնականները Վահագ Գուրգենիչ, պարոն Սիմոնյան… Ի դեպ, ես ինքս սիրում եմ ընկերներիս դիմել հայրանունով: Ամենից շատ բարկանում եմ այն երեւույթի վրա, երբ մեկն ինձ 2 անգամ բարեւ է տալիս ու մեկ էլ ասում է՝ Պոնչ, իբրեւ թե ցույց տա, որ մտերիմ է ինձ հետ:
-Ո՞րն է Ձեզ լռության պատճառը, հեռուստատեսային նախագծերում չկաք, սերիալներում` նույնպես:
-Կատեգորիկ չեմ նկարվում սերիալներում: Կարպ Խաչվանքյանը մի լավ բան է ասել ընկերոջը. «Ամենավատ մասնագիտությունը վատ դերասանն է»: Ընկերն էլ հարցրել է` բա բժի՞շկը: Գիտե՞ք` ինչ պատասխան է տվել Խաչվանքյանը. «Բժիշկը ընդամենը ֆիզիկապես է սպանում»:
Սերիալում նկարահանվելու համար ինձ առաջարկել էին օրական 55.000 դրամ, բայց ես չհամաձայնեցի, սկզբունքային հարց է: Սերիալում արվեստ չկա, խաբեության պես մի բան է:
-Բայց չէ՞ որ ընտանիք պահելու խնդիր կա:
-Ընտանիքը թող աշխատի, ապրի, ինձնից ի՞նչ են ուզում (ծիծաղում է-Ե. Ռ.):
-Լավ, եթե հեռուստաընկերությունում չեք աշխատում, սերիալում չեք նկարվում, ո՞նց եք գումար վաստակում, կողմնակի բիզնե՞ս ունեք:
-Ես արդեն ինչքան ժամանակ է՝ փող հեռուստացույցով եմ տեսնում (ծիծաղում է-Ե. Ռ.): Մտածում եմ՝ ավելի լավ է գնամ լոլիկ վաճառեմ կոպեկներով, բայց չկորցնեմ իմ ձեռք բերածը: Ես արդեն 40 տարի է՝ բեմի վրա եմ: Ուզում եմ հավատարիմ մնալ իմ ստեղծածին:
-Ստեղծել եք ու կանգ առել, բա հետո՞:
-Տե՛ղ տվեք` կկառուցեմ: Սցենար ունեմ, որ վստահ եմ, նկարելուց հետո կմտնի Հոլիվուդ, «Օսկար» էլ կստանա: Տվե՛ք ինձ թեւեր՝ թռչեմ: Եթե գումար ներդնեն, ես երաշխիքով կանեմ այդ գործը, վստահ եմ, մեծ հաջողությունների կհասնեմ, որովհետեւ սցենարը շատ լավն է, մնում է՝ հովանավոր գտնվի:
-Թամադայություն անո՞ւմ եք:
-Չէ՛, ես պանիխիդա եմ շատ սիրում (ծիծաղում է-Ե. Ռ.): Փորձել եմ թամադայություն անել, բայց զգացել եմ, որ իմը չէ: Չնայած եթե անեմ, ամիսը իմ հաշվարկներով կունենամ 60-70 հազար դոլար, լուրջ եմ ասում:
-Իսկ ինչո՞ւ չեք անում:
-Փորձել եմ, չի ստացվում: Ես օդաչու եմ, ինձ նավ եք տալիս քշելու, դա դժվար բան է: Մի խոսքով, ես այդ գործը չեմ անում:
-Իսկ ի՞նչ գործ եք անում:
-Ոչ մի գործ: Տարին մի քանի անգամ հնարավոր է՝ իմ շոու ծրագիրը ցույց տամ` էստրադա-կրկեսային համարներս, որով մի քիչ գումար եմ վաստակում: Բայց եթե այդ ելույթներով դուրս գամ Ռուսաստան կամ Եվրոպա, շատ ավելի գումար կվաստակեմ, ուղղակի հիմա շեղվել եմ կինոյի վրա:
-Հիմա կինոինդուստրիան էլ շատ ակտիվ չէ, որ հաճախակի նկարվեք:
-Կոպիտ ասած` սկել ենք (ծիծաղում է-Ե. Ռ.):
-Ձեր սոցիալական կարգավիճակը Ձեզ գոհացնո՞ւմ է, ի՞նչ եք անում այն բարելավելու համար:
-Իհարկե չի գոհացնում: Ես առավոտյան 5-6-ին արթուն դա եմ մտածում, ինձ պատեպատ եմ տալիս:
-Մտածելով հարց լուծվո՞ւմ է:
-Ահավոր քիչ: Ինձ թվում է՝ մեկը կա, ով ինձ խանգարում է: Ես հաստատ չգիտեմ, բայց կասկածում եմ, անընդհատ ճանապարհս փակում է:
-Ի՞նչն է պատճառը:
-Ագահությունը, նախանձությունը, խանդը շատ է մեր գործի մեջ: Ես ինքս ոչ մեկին չեմ խանգարել, իմ գործն եմ արել: Ա՛յ հիմա էլ գտե՛ք ինձ համապատասխան գործ, անեմ:
-Եթե այդպես փնտրեք, միգուցե երբեք էլ Ձեր սրտով համապատասխան գործ չգտնեք:
-Լավ, էսպես ասեմ, ընկերներ ունեմ, ովքեր որպես ծաղրածու վետերոկներում են աշխատում:
-Ավելի լա՞վ չէ ստիպված որեւէ բան անել, քան բացարձակապես ոչինչ չանել:
-Ավելի լավ է չանել ոչինչ, քան անել ինչ-որ բան: Ցամաք հացը մի կերպ ստեղծվում է, բայց եթե դու կորցնես նաեւ այն, ինչ ձեռք ես բերել, ցամաք հացդ էլ կկորի: Օրինակ, եթե ինձ չճանաչեին, ես տաքսի կքշեի կամ էլ բիզնեսով կզբաղվեի, ինչը ժամանակին արել եմ: Տոպրակներով փող եմ աշխատել: Հիմա էլ ունեմ բույսերի աշխարհ, ինքս եմ աճեցնում: Նոր Հաճնի ճանապարհին 4000 մետր հող ունեմ, ամեն առավոտ գնում եմ, բահը ձեռքս եմ վերցնում, փորում եմ, խնամում: 200 հազար հատ բույս ու ծառ ունեմ:
-Եվ վերջում, ինչի՞ կարիք ունեք` որպես քաղաքացի:
-Կուզեմ, որ մարդիկ փողոցում շատ ժպտան: Մի բանից էլ եմ նեղվում, համակարգիչն անջատել է մարդկանց միմյանցից, բոլորիս դարձրել բիզնեսմեններ, «բարեւը» փողով, «դո սվիդանյան» փողով… Հետո՞, ո՞ւր ենք գնում: Ամենուր փող, փող, փող, իսկ ո՞ւր է մարդը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս