ԵԶԱԿԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Lifenews.ru-ն հայտնում է, որ ՌԴ Ռոստովի շրջանում բժիշկները եզակի վիրահատություն են կատարել: Նրանք դեռ չծնված երեխային պորտալարի միջոցով 500 գրամ արյուն են փոխներարկել: Մայրը հղիության 5-րդ ամսում է եղել, երբ երեխայի մոտ սակավարյունություն է հայտնաբերվել: Երեխային փրկելու համար որոշվել է արյան փոխներարկում կատարել, քանի դեռ նա մոր արգանդում է: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Երեխան առողջ է ծնվել:
ՕԴԱՆԱՎ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ
«Բրյուսելի օդանավակայանում ինկասացիայի եւ թանկարժեք իրերի տեղափոխման «Բրինքս» ամերիկյան ընկերության մեքենան ենթարկվել է հարձակման»,-գրում է ԹպրՑՌ-ն: Հանցագործները զինված են եղել, սակայն կողոպուտի ընթացքում ոչ մի կրակոց չի հնչել, բայց աղբյուրներից մեկը ենթադրում է, որ օդաչուին կամ վարորդին նշանառության տակ են պահել: Հանցագործները տարել են 10 կգ ադամանդ: Դատախազությունը սկսել է հետաքննությունը:
50-ԻՑ ԱՎԵԼԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»
Մոսկվայի իրավապահները հատուկ գործողության իրականացման շրջանակներում Պրեոբրաժենսկի վալում գտնվող սրճարաններից մեկում ձերբակալել են 50-ից ավելի ադրբեջանցի քրեական հեղինակությունների: Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք հավաքվել են սրճարանում հերթական «օրենքով գողի թագադրումը» նշելու նպատակով: Ձերբակալման պահին նրանցից մի քանիսը փորձել են դեն նետել իրենց մոտ եղած զենքերը, սակայն դրանք առգրավվել են եւ ուղարկվել փորձաքննության: Բոլոր ձերբակալվածներն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ: