Իրեն և 4-ամյա երեխային սնդիկով թունավորած կինը հոգեկան խնդիրներ ունի. ինչ վիճակում է գտնվում փոքրիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` սեպտեմբերի 16-ին, Մասիսում ինքնասպանության փորձի դեպք է եղել: 35-ամյա մի կին փորձել է թույն խմելու միջոցով ինքնասպան լինել: Նույն թույնը նա տվել է նաև իր 4-ամյա դստերը:

Armlur.am-ը «Մուրացան» ԲԿ-ից տեղեկացավ, որ երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:Վնասվել է նրան կերակրափողն ու ստամոքսի լորձաթաղանթը: «Այժմ երեխայի մոտ են նրա տատիկն ու պապիկը: Նա պետք է բժիշկների երկարատև հսկողության տակ մնա, որովհետև սնդիկը մի քիչ ուշ է հեռանում օրգանիզմից»,- ասացին ԲԿ-ից:

Երեխայի մայրն էլ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, որտեղից տեղեկացանք, որ նրա վիճակը ևս կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Մոր մոտ սակայն հոգեկան ինչ-որ խնդիրներ կան: Նա դեռևս բացատրություն չի տվել: Շուտով այլ բուժհաստատություն կտեղափոխվի:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով: Մասիսի քննչական բաժնում իրականացված քննության նախնական տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ, ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։ Պարզվել է սնդիկի հիդրօքսիդի ձեռքբերման աղբյուրը. այն Շ.Թումանյանն իր տուն է բերել նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից։

Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները։ Դեպքի վայրի զննության ժամանակ Շ.Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաև մեկ նարնջագույն ներարկիչ, որի վրա առկա է եղել գազարագույն փոշենման նյութ և թեյի բաժակ, որի ներսի հատվածը քայքայված է եղել ինչ-որ նյութի ազդեցությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ): Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Համաձայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Շ.Թումանյանն ի վիճակի չէ բացատրություն տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներա ու պատճառները։




Լրահոս