ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե մատակարարն ընդհանրապես ինչ իրավունքներ ունի բաժանորդի նկատմամբ: Այսինքն՝ եթե բաժանորդը ծախսած գազի դիմաց վճարում չի կատարել, ապա որո՞նք են մատակարարի իրավունքները: Ընդհանրապես, վերջինս իրավունք ունի՞ ընդհատել գազամատակարարումը, եթե այո՛, ապա ո՞ր դեպքերում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը եւ ընդհատման տեւողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տեւողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետեւանք է: Գազաֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ: Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին եւ նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը՝ դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին:
Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց եւ այդ մասին մատակարարին հայտնելուց հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորինս կարճ ժամկետում, բայց 36 ժամից ոչ ուշ, եթե պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատակարարի՝ վերը նշված լիազորությունների սահմանները նախեւառաջ պետք է իմանա բաժանորդը եւ թույլ չտա մատակարարին այդ սահմաններն անցնել: