ԱԱ՞Ծ-ն է Վահան Մարտիրոսյանին ներդրել Ադրբեջան և ի՞նչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Նա, Հայաստանում գտնվելով հետախուզման մեջ, հեշտությամբ կարողացել է հատել սահմանը և հասնել Ադրբեջան: Ուր էին իրավապահ կառույցները:

«Եթե երկրի ազգային անվտանգության ծառայությունը ներդրում չի կատարել, այսինքն` մարդուն չի ներդրել Ադրբեջան, ուրեմն այդ պարագայում բոլոր կառույցներն էլ թերացել են»: Armlur.am-ի հետ զրույցում վերը նշվածի վերաբվերյալ նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Բոլոր տարբերակները պետք է հաշվի առնել: Իսկ նպատակները կարող են շատ տարբեր լինել: Սա մի տեսակետ է, որը քիչ հավանական է: Իսկ եթե դա այդպես չէ, ապա բոլոր կառույցները թերացել են: Մենք գիտենք, որ Հայաստանում իրավապահ համակարգն այնպիսին է, որ եթե ինչ-որ մեկին հետևում են, ապա դա այնպես են անում, որ նա չի կարողանում նույնիսկ հեռախոսից օգտվել»,- նշեց Արամ Կարապետյանը և հավելեց` պետք է սպասել համապատասխան հայտարարության: Նրա խոսքով, Ադրբեջանին հարկավոր է, որ Հայաստանում խոսվի Վահան Մարտիրոսյանի և իր արարքի մասին:

Նշենք, որ մինչ այս պահը ՀՀ իրավական կառույցներից և ոչ մեկը դեռ համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել և չի մեկնաբանել կատարվածը: Իսկ մինչ այդ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ասուլիս է տալիս: 




Լրահոս