ՀԷՑ-ի խայտառակ գործարքը Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքներից մեկն է. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ավելի շատ PR հանդիպում էր, քան գործնական: Armlur.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշեց, որ Ռուսաստանն այժմ շատ ծանր աշխարհաքաղաքական կացության մեջ է: «Ռուսաստանը հիմա պիտի փորձի ակտիվանալ որոշակի տարածքներում, որպեսզի իր հետ հաշվի նստեն: Դրա համար միակ հարցերը, որոնք քննարկվել են տնտեսական և Ղարաբաղի հարցն էր: Մնացած հարցերը` հէցեր, բէցեր, դրանք գործնական խոսակցություններ են և կարիք չկա հանդիպում կազմակերպել: Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ գոնե որոշակի կետերում ինքը կարողանում է հարց լուծել, բայց արի ու տես այդ հարցերն էլ չեն լուծվում»,- ասաց Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով` ՀԷՑ-ի վաճառքը ևս Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի հանդիպման արդյունքներից մեկն է. «Վերջիվերջո, տրամաբանությունն ասում է, որ դա ռուսական ակտիվ է եղել: ՀԷՑ-ի վաճառքը խայտառակ գործարք էր»:

Ըստ նրա` այս գործարքից տնտեսական առումով Հայաստանի համար որևէ դրական բան չի լինի: «Հայաստանին տնտեսական առումով որևէ լավ բան չի սպասվում: Հայաստանն ինչ է արել, որ լավ բան էլ սպասի: Նոր գործարաննե՞ր են բացվում, որա՞կն է փոխվում, ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անում, որ տնտեսության համար լավ լինի: Դոլարի կուրսը պահում են տարրական, էլեմենտար միջոցներով, բանջարաբոստանային կուլտուրաները դուրս տանելով: Դա չէ՞: Ուրիշ ինչ կա: Նախարարների մեծ մասից, վարչապետից, Սերժ Սարգսյանից սկսած տնտեսության հասկացողության մակարդակը սա է, սա էլ լինելու է: Իրենք մի բան գիտեն` փողերը բերում ենք, փողերը բաժանում ենք, իրար մեջ կիսում ենք, հետո նորից բերում ենք, բաժանում ենք, կիսում ենք: Ոչ մի նոր բան չի լինելու, որովհետև նրանց պատկերացումները այսպիսին են: Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ եթե միայն զբաղվենք գյուղատնտեսությամբ, դա Հայաստանի համար հրաշալի կլինի: Մարդ կա, որ զբոսաշրջությունն է ասում, ավելի խելացիները` այ թի ոլորտը և այլն: Ոչ մի նոր բան մի սպասեք, ոչ մի տնտեսական ինչ-որ հեղափոխական մտքեր, գաղափարներ չեն լինելու: Տնտեսական ակտիվությունից են խոսում, 4 տոկոս աճից: Ամբողջությամբ կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Գոնե օգտվեն այդ կախվածությունից, դա էլ չեն անում: Ռուսաստանում ինչքան օբյեկտներ կան, որ չեն աշխատացվում: Սերժ Սարգսյանի մամլո խոսնակին հարցրեք` Պուտինի հետ հանդիպման ժամանակ քանի անգամ է Սերժ Սարգսյանը հարց բարձրացրել, թե Ռուսաստանի մի շարք ձեռնարկություններն ինչու չեն աշխատում, ինչու կապիտալ չի ներդրվում: Մի հատ հարցրեք` Պուտինին նման բան հարցրե՞լ է, թե վախեցել է նույնիսկ մոտը նստած շնչի »,- տեսակետ հայտնեց Արամ Կարապետյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին:

Ք. Աղալարյան




Լրահոս