Վահան Մարտիրոսյանը տարիներ առաջ էր ցանկացել Ադրբեջան գնալ, սակայն խնդիրներ ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է` համացանցը ողողված է «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին լուրերով: Հայությունը քննադատում է այս քայլը` սա որակելով որպես դավաճանություն:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, ով պարզվում է երկար ժամանակ է` ճանաչում է  Վահան Մարտիրոսյանին, համացանցի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով, որ մի քանի տարի առաջ Վ. Մարտիրոսյանը հայտնել էր Ադրբեջան գնալու իր ցանկության մասին:

Armlur.am-ը նշված թեմայի շուրջ զրուցեց Տիգրան Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյա’ն, ստացվում է, որ Վահան Մարտիրոսյանը վաղուց է նպատակադրված եղել Ադրբեջան գնալ, և այս երկրի ԶԼՄ-ներին արված հայտարարությունները, թե վերջերս նրա նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, ինչն էլ պատճառ է դարձել լքել երկիրը, ամենևին էլ իրականությանը չե՞ն համապատասխանում:

-Չեմ կարծում: Հետագայում նրա հետ շփվելիս հասկացա, որ նա շատ էպոտաժային անձնավորություն է: Նա իրեն անընդհատ այստեղ-այնտեղ ցույց էր տալիս: Նա այն ժամանակ այստեղ ինչ-որ կոնֆլկտներ է ունեցել, ու ցանկացել էր գնալ Ադրբեջան, սակայն հետագայում այլևս այդ միտքը էլ չարտահայտեց: Առնվազն իմ ներկայությամբ: Ուղղակի նա ահավոր փառասեր է, մեդիադաշտում երևալու մեծ մոլուցք ունի: Չի կարող ապրել առանց կամերաների, առանց նրա, որ հեռուստաէկրաններին իր անունը չտեսնեն: Ադրբեջանում նրա վերջին ասուլիսն էր: Նա այլևս ոչ մեկին պետք չի:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ նա տարիներ շարունակ Հայաստանում Ադրբեջանի համար է աշխատել: 

-Չեմ կարծում: Ճիշտն ասած` ինձ մոտ նման տպավորություն չի եղել: Նա նման հարցերով չէր զբաղվում: Իրեն իր երազած տղայի տեղն էր դրել: Ուղղակի նպատակը եղել է ադրբեջանական մամուլի էջերում երևալ:

-Դուք գիտեի՞ք, որ նա արդեն ավելի քան 10 օր է` Ադրբեջանում է:

-Ոչ, չգիտեի: Այստեղ արդեն բավականին շատ հարցեր կան, որ իրավապահ մարմինները պետք է պատասխան տան:

-Երբ նա տարիներ առաջ հայտնել էր Ադրբեջան գնալու իր ցանկության մասին, որևէ քայլ չձեռնարկեցի՞ք, չբարձրաձայնեցի՞ք:

-Չէ, ես նրա ասածին լուրջ չեմ վերաբերվել:

-Ի՞նչ գիտեք նրա ղեկավարած շարժման մասին: Ովքեր են դրա անդամները:

-Շարժումը ինչքանով ես եմ հասկանում, բաղկացած է նրանից և նրա կնոջից:

-Նրա ծանոթներից մեկը սոցցանցում գրառում էր արել, որ այդ շարժումը Ադրբեջանում է գրանցված: Ի՞նչ գիտեք այդ մասին:

-Սուտ է: Հիմա նա գնացել է, ով ինչ ուզում գրում է: Թող այն ժամանակ ասեին, երբ հետը շփվում էին:




Լրահոս