Սեպտեմբերի 17-ին ու 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի դպրոցներում 3 մարզահրապարակ, 1 մարզադաշտ, երկու դասասենյակ պաշտոնապես հանձնվել են աշակերտներին:
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված կամ կառուցված, նոր գույքով հագեցած մարզահրապարակներն ու դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդի տարածաշրջանի ավելի քան 1000 դպրոցականի համար:
ՀՕՖ-ի ծրագրի շրջանակներում արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել: Այս տարի նրանց թիվը մեծանալու է արդեն տեղ ունեցած աշխատանքների շնորհիվ:
Մասնավորապես, Բերդի թիվ 1 դպրոցում վերանորոգվել ու նորովի կահավորվել է Ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին: Վահանը 10-րդ դասարանում զոհվել է հակառակորդի կրակից՝ պաշտպանական դիրքեր զինամթերք մատակարարելու ժամանակ:
«Ես հպարտ եմ, որ իմ որդին զոհվել է չքնաղ Տավուշի պաշտպանության դիրքերում: Իմ միակ ցանկությունը խաղաղությունն է: Շնորհակալ եմ իմ որդու հիշատակը հարգելու եւ նրա անվամբ Բերդի թիվ 1 դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչելու համար», -դասասենյակի բացմանը նշեց Վահանի մայրը՝ Անահիտ Բաղդասարյանը: