ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍԿԱՆԴԱԼ ԵՆ «ՍԱՐՔԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեին ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովում սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում են պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը մի քանի պատգամավորների հետ այցելել է Ղրիմ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, ըստ մեր տեղեկությունների, «թեժ» է եղել: Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ բանավեճեր են եղել եւ ի՞նչ թեմաների շուրջ:
-ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը սկսվեց սկանդալով: Ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում էին պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը անտեսելով Ուկրաինայի օրենքները, առանց իշխանությունների թույլտվության՝ Ֆրանսիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ այցելել էր Ղրիմ: Սակայն հանձնաժողովի նախագահ Մարիանին նիստին չէր մասնակցում, Ուկրաինայի պատվիրակները նիստի ժամանակ ուղղակի բղավում էին, որ նա վախեցել է իրենց հետ առերեսումից ու դրա համար չի եկել հանձնաժողովի նիստը նախագահելու: Բանն այն է, որ հանձնաժողովը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ Ռենե Ռուքեն, իսկ ուկրաինացիներն էլ պահանջում էին հանձնաժողովում քվեարկության դնել Մարիանիի հանդեպ սանկցիաներ կիրառելու հարցը: Ավելին՝ ուկրաինական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ Ուկրաինայի դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Իսկապես, շատ թեժ մեկնարկեց նիստը:
-Իսկ ինչպե՞ս լուծվեց խնդիրը, ինչպե՞ս կարողացան ուկրաինացի պատգամավորներին հանդարտեցնել, արդյո՞ք վիճաբանությունը որեւէ լուծում գտավ:
-ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության պատգամավորներն անդրդվելի էին, նրանք ամբողջ նիստի ընթացքում պնդեցին իրենց դիրքորոշումը՝ հայտարարելով, որ պետք է պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահին: Սակայն նա հանձնաժողովի նիստին ներկա չէր, ուստի չեմ կարող ասել, թե ինչպես է լուծվելու խնդիրը:
-Դուք եւս հարց եք բարձրացրել` կապված ՀՀ եւ ԼՂՀ սահմանում տիրող լարված իրավիճակի հետ: Ինչպե՞ս են արձագանքել ԵԽԽՎ պատգամավորները՝ արդյո՞ք նրանք կարծում են, որ նախահարձակ կողմն իսկապես Ադրբեջանն է:
-Ես ներկայացրել եմ վերջին օրերին սահմանային լարվածության հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն անցել է բացարձակ, լկտի ագրեսիայի, եւ արդեն ծանր զինատեսակներով ռմբակոծում են հայկական գյուղերը: Հիշեցրել եմ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հայտարարությունը, որ հայկական այն տարածքները, որոնք ինչ-որ մի զինատեսակով կկրակեն, իրենց կողմից կռմբակոծվեն: Այնուհետեւ հիշեցրի Ալիեւի ցինիկ հայտարարությունը, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում քարը քարի վրա չմնա: Ու նաեւ ԵԽԽՎ-ից պահանջեցի, որ ոչ թե աջակցեն Վոլտերի խայտառակ զեկույցի աշխատանքներին, որի իրական նպատակը հասկանալի է բոլորին, այլ պատվիրակություն կազմեն ու գան ՀՀ` տեսնելու համար, թե ինչ է կատարվում սահմանին ու գյուղերում: Նիստը նախագահող Ռենե Ռուկեն նշեց, որ իմ կողմից բարձրացված հարցը շատ մտահոգիչ է, ու ճիշտ կլինի, որ մենք սեպտեմբերի 28-ին մեկնարկող նստաշրջանում այդ հարցով դիմենք ԵԽԽՎ ղեկավարությանը` ներկայացնելով իրավիճակը:
-Իսկ հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են վերաբերում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին:
-Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ես ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ իրավիճակը, նաեւ այն, ինչ ես տեսել եմ Տավուշի մարզում անձամբ` օրերս մի գործընկերների հետ այնտեղ լինելով: Ու կրկին խնդրեցի Վոլտերին՝ չօգնել գրելու մի զեկույց, որի իրավասությունը ԵԽԽՎ-ն չունի, այն է՝ զբաղվել հակամարտությունների լուծման աշխատանքներով: Փոխարենը խնդրեցի գալ ու տեսնել, թե ինչ է կատարվում այդ գյուղերում, ու թե ինչպես է Ադրբեջանն արդեն անցել բացահայտ ագրեսիայի: Նշել եմ նաեւ, որ հետագա բոլոր հնարավոր զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Իսկ հայկական կողմը նման դեպքերում տվել ու տալու է համարժեք պատասխան: Ես մանրամասնորեն ներկայացրել եմ հայկական գյուղերում ապրող բնակիչների վիճակը ու բացատրել, թե իրականում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼԱՎ ՉՀԱՍԿԱՑԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը Կառավարության հերթական նիստում ներկայացրեց մի նախագիծ, որով պետք է փոփոխություն կատարվի գործադիրի ընդունած նախորդ որոշումներից մեկում: Ըստ այդ փոփոխության` խստացվում է առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման եւ քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթեւեկության եւ երկաթուղային գծերի անցման կանոնները: Սակայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այդ նախագիծը չի ստորագրելու:

Արթուր Առաքելյանը նախագիծը ներկայացնելով` նշեց, որ որոշման ընդունման արդյունքում կբարձրանա երկաթուղու շարժակազմի անվտանգ երթեւեկության ու երկաթուղու անվտանգ գործունեությունը, ինչպես նաեւ քաղաքացիների կյանքին սպառնացող ռիսկերը: Սակայն Հ. Աբրահամյանը Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչ է այդ ամենը տալու հանրությանը: Փոխնախարարն էլ տեղեկացրեց, որ գնահատում են իրականացնում:
«Ի՞նչ եք գնահատում, եթե մինչեւ հիմա հանդուրժել եք: Ի՞նչ է փոխվել: Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք՝ որեւէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, եւ դա վերաբերում է բոլորին: Եթե մենք այս պայմաններում մինչեւ այսօր հանդուրժել ենք, ապա ինչն է պատճառը, որ մենք այժմ գնում ենք ավելի խստացման: Դա ինձ համար անհասկանալի է: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթեւացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել: Յուրաքանչյուր գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը եւս մեկ անգամ հաստատել: Մինչեւ մանրամասն չզեկուցեք, սա չեմ ստորագրելու»,-հայտարարեց վարչապետը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանից պարզել, թե ինչու են խոչընդոտներ ստեղծում տնտեսվարողների համար, ինչի պատճառով ՀՀ վարչապետը նկատողություն արեց:
-Սույն փոփոխությամբ նման բան չի նախատեսվում, ընդամենը նախատեսվում է երկաթուղային օբյեկտներում քաղաքացիների անվտանգ գտնվելու վարվելակերպի վերաբերյալ որոշակի կանոնների սահմանում: Համոզված եմ, որ պարզաբանումը ներկայացնելուց հետո հստակ կդառնա, որ որեւէ խնդիր կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չկա:
-Իսկ ինչո՞ւ այդ պարզաբանումը նախապես չներկայացրեցիք վարչապետին, որպեսզի նա նման կերպ չարձագանքեր Ձեր ներկայացրած նախագծին:
-Վարչապետն ասաց` ներկայացրեք ավելի մանրամասն, մենք էլ դա ներկայացնելու ենք: Սա բիզնեսի հետ կապ չունի, այստեղ բիզնեսի հետ կապված որեւէ խնդիր չկա:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՓՈՂԸ ԿՏԱՆ
Երեկ ՀՀ Կառավարության նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով Կառավարության պահուստային ֆոնդից 62 հազար 100 եւ 9 հազար 60 եվրո հատկացվեց ԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած տույժերը վճարելու համար: Այդ գումարները հատկացվելու են «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործերով ԵԴ-ի կայացրած վճիռները կատարելու համար: Այսինքն՝ միայն այս երկու վճիռները պետբյուջեին արժեցան 71 հազար 160 եվրո:

 

«ՕՐԱՆԺԻ» ՀԱՄԱՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունը օրերս տուգանել է «Օրանժ Արմենիա» ընկերության անունով Հայաստան ապրանք ներմուծած «Ֆաստ բրոքեր սերվիս» ընկերության մաքսային մասնագետին: Մաքսային մասնագետ Վահրամ Տոնոյանը «Օրանժ Արմենիայի» անունով ներքին սպառման համար հայտարարագրել է ապրանքներ, սակայն հայտարարագրում հաշիվ ապրանքագրերի արժեքները սխալ է լրացրել: Արդյունքում, մաքսային ծառայությունում որոշել են նրան տուգանել 50 հազար դրամի չափով:

 

 

 

«ՌՈԲԵՐՏ ԵՎ ՏԱՐՈՆ»-Ը ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
2015թ հուլիսի 10-ին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է հօգուտ իրենց ընկերության «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ից բռնագանձել 112 հազար դրամ: Այս գործը ուշագրավ է այն պատճառով, որ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն կապվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա աներորդու՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանի անունների հետ: Ի դեպ, «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն Երեւանում սպասարկում է 5 եւ 32 երթուղիները: Ավելին՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը դատարանին միջնորդել է «Ռոբերտ եւ Տարոն» ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Հայցը քննող դատավոր Նաիրա Մարգարյանը միջնորդությունը բավարարել է:

 

 

ԱՐԾՎԻԿԸ ԷԼ ՉԻ ԼՌԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզել, որ նա փոխի լռելու իր որոշումը: Մարգարյանը պատգամավորին հորդորել է «լռության ուխտը» դադարեցնել եւ վերադառնալ ակտիվ գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ այդ փոփոխությանը դեմ, եւ դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը: Նա այդ հանդիպումից հետո սկսել է հարցազրույցներ տալ ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ մամուլի այլ միջոցներով, սակայն խոսում է բացառապես ՀՀ Սահմանադրությունից եւ ոչ ավելի:




Լրահոս