ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՋԷԿ-ԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության տնտեսության վիճակի իրական բնորոշիչ գործոններից մեկը էներգակիրների սպառման ցուցանիշն է: Եթե պետության տնտեսությունն աճ է ապրում, ապա էներգակիրների ծախսը եւս ավելանում է: Իսկ էներգակիրների սպառման պայմաններում տնտեսության աճի մասին խոսելը, մեղմ ասած, անհեթեթություն է:

Պաշտոնական աղբյուրները երեկ հրապարակել են այս տարի Հայաստանում ներկրված եւ սպառված գազի վերջին ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 144 միլիոն 400 հազար խորանարդ մետր գազ՝ անցած տարվա 1 մլրդ 179 մլն 870 հազար խորանարդ մետրի դիմաց: Անցած տարվա համեմատ գազի ներկրումը նվազել է 35,5 մլն խ/մ-ով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ հիմնականում նվազել է Ռուսաստանից ներկրվող գազը: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործման համար գազը ներկրվում է Իրանից: Անցած տարվա առաջին կեսին Ռուսաստանից ներկրված է եղել 1 մլրդ 12 մլն 750 հազար խ/մ գազ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 960 մլն 500 հազար խ/մ, անկումը կազմել է 52 մլն 250 հազար խ/մ:
Ուշագրավ են նաեւ գազի սպառման թվերը. անցած տարվա համեմատ բաշխման ցանցով սպառված գազի ցուցանիշը նվազել է 117 մլն 180 հազար խ/մ-ով: Նկատենք, որ անցած տարվա առաջին կեսին բաշխվել է 949 մլն 780 հազար խ/մ գազ, այս տարի՝ 832 մլն 600 հազար խ/մ: Այսպիսով, պետք է արձանագրել, որ գազի սպառման գրեթե բոլոր խմբերում անկում է արձանագրվել: Միակ բացառությունը գազալցակայաններն են, որոնք անցած տարվա առաջին կեսի համեմատ՝ 3 մլն խ/մ-ով ավել գազ են սպառել: Բնակչության սպառած գազը նվազել է մոտ 3 մլն խ/մ-ով: Սակայն խիստ մտահոգիչ է արդյունաբերության սպառած գազի կտրուկ անկման փաստը: Այս տարի արդյունաբերությունը սպառել է 95 մլն 300 հազար խ/մ գազ, որը անցած տարվա ցուցանիշից պակաս է 21 մլն 550 հազար խ/մ-ով, անկումը կազմել է ավելի քան 18 տոկոս: Հասկանալի է, չէ, որ աճող տնտեսության արդյունաբերության գազի սպառումը նման կտրուկ ձեւով չի նվազում:
Ի դեպ, ըստ հրապարակված տվյալների՝ գազի ներկրման ընթացքում կորուստները կազմել են 48,9 մլն խ/մ, իսկ բաշխիչ համակարգում կորուստները 19,4 մլն խ/մ: Ստացվում է, որ մինչեւ գազը Հայաստանի սահմանից հասնում է սպառողին, վեց տոկոսը անհետանում է, իսկ այս երեւույթը կոչվում է կորուստ:
Սակայն ամենաարտառոց երեւույթն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք սպառված գազի դիմաց վճարումների թվերը, ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանի բնակչությունը եւ արդյունաբերությունը «Գազպրոմ Արմենիային» ֆինանսավորում են, որպեսզի այդ ընկերությունը իրեն պատկանող ՋԷԿ-երին գազ մատակարարի, թանկարժեք հոսանք արտադրի եւ մեկ այլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջոցով վաճառի ՀՀ բնակչության վրա: Բացատրենք, թե ինչպես է «Գազպրոմ Արմենիան» կյանքի կոչում իր այդ «աֆիորան»: Բանն այն է, որ սպառված գազի դիմաց բնակչության վճարումները կազմել են մոտ 100 տոկոս, գազալցակայանների վճարումները՝ 104,2 տոկոս, արդյունաբերությունը՝ 116,7 տոկոս, իսկ էներգետիկ համակարգինը՝ 66,9 տոկոս: Այսինքն՝ արդյունաբերությունը եւ գազալցակայանները իրենց սպառածից ավել են վճարել, ասել է թե՝ գերավճար են արել: Փոխարենը էներգետիկ համակարգը, որի մեջ մտնում են նույն «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդան ՋԷԿ-ը եւ Հրազդան ՋԷԿ-ի «5-րդ էներգաբլոկ»-ը, գազը սպառել, բայց դիմացը չեն վճարել: Գազալցակայանների եւ արդյունաբերության գերավճարների շնորհիվ ընդհանուր սպառված գազի դիմաց վճարումները կազմել են 97,7 տոկոս:
Ինչպես հայտնի է՝ ընդամենը մեկ ամիս առաջ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 25 դոլարով էժանացրեց իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող հազար խորանարդ մետր գազի գինը: Այս «էժանացման» համար մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն իրականությունն այն է, որ այդ էժանացման արդյունքում սպառողին մատակարարվող գազի գինը չի փոխվելու: Ուստի վերը բերված թվերով հանդերձ՝ ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմն ինքն իր համար է գազի գինն իջեցրել: Հավանաբար հասկացել են, որ հավերժ չեն կարող գազալցակայանների եւ արդյունաբերության գերավճարներով իրենց ՋԷԿ-երն աշխատեցնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
Որքան մոտենում է սահմանադրական փոփոխությունների փուլը, այնքան ակտիվանում են խոսակցությունները, որ հետաքրքիր իրավիճակ է լինելու Շիրակի եւ Լոռու մարզերում: Մասնավորապես Շիրակում, որտեղ իշխանությունը վերջին երկու ընտրություններում խնդիրներ ունեցավ: Պարզ է, որ Շիրակում չկա մեկ ուժ կամ պաշտոնյա, որ կարողանա միայնակ, սահուն կերպով անցկացնել սահմանադրական այո-ն, այստեղ խնդիրը ձեւաչափն է, թե ինչպես պետք է բաշխվի պատասխանատվությունը: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իր թիմակիցների շրջանում բացեիբաց հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունների՝ Գյումրիում տապալումից հետո իր գործերը լավանալու են: Նա հույս ունի, որ տապալումից հետո վատ արդյունք ցույց տվածներից մեկին փոխարինելու հնարավորություն կառաջանա: Իսկ ձախողումներ հաստատ կլինեն, քանզի որեւէ մեկը՝ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետ Բալասանյանը, ո՛չ Մարտուն Գրիգորյանը, ո՛չ մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը չունեն բացարձակ ազդեցություն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է ստեղծել մեկ միասնական շտաբ իր գլխավորությամբ, որտեղ մյուսները կլինեն իր տեղակալները, եւ կգործի ընդհանուր պատասխանատվության սկզբունքը, մանավանդ որ փոքր քաղաքում տակից միմյանց դեմ աշխատողներին բացահայտելը խնդիր չի լինի: Հակառակ պարագայում Վարդանիկին կարիերայի թռիչքներ են սպասում, ընդ որում, ամենալայն ամպլիտուդայով՝ մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր, նույնիսկ … ռեկտոր:

 

ՀԱՋՈՐԴԸ ՈՎ ԿԼԻՆԻ
Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո սկսեց աչքի ընկնել մի գործելաոճով՝ նա Կառավարության անդամների հետ սկսեց խոսել բավականին կոշտ տոնով: Իսկ երբեմն նա այնքան կոպիտ է իրեն դրսեւորում, որ օրվա հիմնական թեմաներից մեկը դառնում է հենց վարչապետի պահվածքը: ՀՀ Կառավարության երեկվա նիստում Հովիկ Աբրահամյանը որոշել էր բոլոր նախարարների «ականջները քաշել»: Սակայն առավել «ուշադրության» արժանացան ՀՀ Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը եւ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 

ԷԼԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի մոտ 20 բնակիչ երեկ սննդային թունավորում ախտանիշով հոսպիտալացվել են: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ձիթհանքովի գյուղապետ Հովիկ Պողոսյանի հետ, որը նույնպես թունավորվել է: «Հենց այս պահին ես էլ բարձր ջերմություն ունեմ: Հստակ հայտնի չէ, թե հատկապես ինչից է սննդային թունավորումը, բայց ես երեկ ձմերուկ եմ կերել եւ կարծում եմ, որ դրանից է: Գյուղում բոլորն էլ երեկ ձմերուկ են գնել ու կերել են: Հիմա այս պահին մարզի պատկան կառույցները ստուգումներ եւ ուսումնասիրություններ են անցկացնում, որպեսզի պարզեն, թե ինչն է պատճառը»,- ասաց գյուղապետը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՂԻՆ ԲԱՆԱՁԵՎ
Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը Եվրախորհրդարանում առաջ է քաշել ադրբեջանցի չինովնիկների հանդեպ հասցեական պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի նախագիծը, որի տեքստը հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում: Բանաձեւի նախագծում նշվում է, որ Ադրբեջանում աճել են բռնաճնշումներն ու ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թիվը: Բանաձեւի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է դիտարկի Եվրամիության կողմից ադրբեջանցի չինովնիկների հանդեպ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը: 21-րդ հոդվածի համաձայն` բանաձեւի հեղինակները կոչ են անում ԵՄ անդամ երկրներին, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով վարչությանը հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելուց:

 

ՎԱՂԸ ԿԿԱՐԾԻ
«Ամենամեծ մտահոգությունը, որ մենք ունենք, այն է, որ զանգվածները կարող են դուրս գալ փողոց` բացարձակապես ջանք չխնայելով ծանոթանալու հարցի էությանը»,- անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալման համար ձեւավորված «Ոչ»-ի շարժմանը` երեկ ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ վաղը քաղաքացիները դուրս են գալու փողոց` պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, քանի որ կարծում են` խաբված են, Հարությունյանը պատասխանել է .«Ո՛չ, չեմ կարծում»:

 

ՊԱՐԱՊՈՒՐԴԻ Է ՄԱՏՆՎԵԼ
«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը երեկ «ԱԺ 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների ամփոփումը» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրել է նստաշրջանի արդյունքները, ըստ որոնց՝ խորհրդարանում մշտապես կողմ քվեարկող խմբակցությունը Հանրապետականն է, ամենադեմը` ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ամենաձեռնպահն էլ՝ ՀՅԴ-ն: Նախորդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է, ամենաշատ կողմ քվեարկածը՝ հանրապետական Մնացական Մնացականյանն է, ամենադեմը` Նիկոլ Փաշինյանը: Վասիլյանը նաեւ նկատել է, որ աննախադեպ պարապուրդ է դրսեւորել Էթիկայի հանձնաժողովը՝ ո՛չ մի դիմում, ո՛չ մի որոշում: Նման պատկեր այս գումարման ԱԺ-ում դեռ չի եղել:

 

ԱՎԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է
Անդրադառնալով դոլարից հրաժարվելու մասին Հովիկ Աբրահամյանի` նախօրեին ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ընթացքում արած առաջարկին` Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ էներգակիրների մասով ԱՊՀ երկրներում ռուբլիով առեւտրաշրջանառությունը մեր տնտեսության համար բավական դրական ազդեցություն կունենա: «Գազի վաճառքի գինը, իհարկե, ոչ միայն Հայաստանի համար, ձեւավորվում է դոլարով: Մեր մոտ բոլոր սպառողները ռուբլիով են վճարում, եւ «Գազպրոմ»-ը կորուստներ է կրում, քանի որ Ռուսաստանի կառույց է, բայց Ռուսաստանի հետ հաշվետվություններ եւ փոխադարձ հաշվարկներ արվում են դոլարով: Եվ այդ կորուստները չունենալու համար ավելի նպատակահարմար է Հայաստանում եւս գնագոյացումն անել ռուբլիով»,- կարծիք է հայտնել Զախարյանը:

 

ԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների մասին խոսք լինել չի կարող, երեկ հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ի՞նչ զիջում, կա Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններ, կա Ղարաբաղի անվտանգության հարց», – նշել է նա: Քոչարյանի խոսքով` անվտանգության հարցում Հայաստանը հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի: «Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ հարց է, բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ եթե որեւէ երկիր իր պաշտպանության հարցում հույսն ուրիշի վրա է դնում, ներողություն, դա կարող է շատ տխուր վերջանալ»,-ասել է նա:




Լրահոս