ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ գյուղացիները հայնտվել են նոր խնդրի առաջ. Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանի խոսքերով՝ «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի պոչամբարները վթարված են եւ թեթեւ ցնցման դեպքում կարող են վնասել գյուղի խմելու ջրագիծը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախօրեին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում տեղի են ունեցել «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Այս տարվա ընթացքում սա երկրորդ հանրային քննարկումն է, որը տեղի է ունենում Մելիքգյուղում: Տեղեկացնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրի տարածքը գտնվում է վերը նշված մարզի Մելիքգյուղի վարչական սահմաններում՝ գյուղից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա: Հանքավայրին մոտ բնակավայրերն են` Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղը, Միրաք եւ Ջարջառիս գյուղերը:
«Ժողովուրդ»-ը Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանից տեղեկացավ, որ ներկայումս գյուղում լարված մթնոլորտ է ստեղծվել: «Հանքավայրի առկա պոչամբարները վթարի են ենթարկված, նախօրեին լսումներ արեցին, որ իբր առաջիկայում պատնեշներ կառուցեն: Ոչ մի նախագիծ չեն ներկայացրել: Իրենք նաեւ մտադիր են երրորդ պոչամբարը կառուցել, որը անհնարին է, եւ ես արդեն այդ առումով իմ վերջնական խոսքն ասել եմ»,- ներկայացրեց գյուղապետ Մկրտչյանը: Նրա պատմելով, եթե ընկերությունն անհապաղ պատնեշներ չկառուցի, ապա մի թեթեւ ցնցման դեպքում էլ կարող են պոչամբարները փլվել. «Իսկ մեր խմելու ջրի ջրագիծն այդքան էլ հեռու չէ այդ պոչամբարից: Կարճ ասած՝ մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած»:
Զրույցի ընթացքում գյուղապետը նշեց, որ «Մեգո Գոլդ» ընկերությունն այս ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար՝ բացի խոստումներ տալուց: «Ես ոչ մի տեսակի ներդրում չեմ տեսել իրենց կողմից: Խոստումներ տվել են, բայց դրանք մնացել են անհետեւանք: Ես մի անգամ գնացի, իրենց ներկայացրեցի գյուղացիների պահանջները, իրենք էլ հայտարարեցին, թե երբ կաշխատենք, ամեն ինչն էլ կանենք, բայց թույլ չեն տալիս, որ աշխատենք»,- պատմեց գյուղապետը:
Տեղեկացանք, որ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը ներկա գյուղացիների մի մասը դեմ է արտահայտվել ե՛ւ երրորդ պոչամբարի, ե՛ւ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցմանը, ե՛ւ հանքավայրի շահագործմանն առհասարակ: «Բայց, դե, գյուղացիների մեծ մասն արդեն կողմ է, որովհետեւ նրանց մեծ մասը ՌԴ՝ արտագնա աշխատանքի չի կարողանում մեկնել, քանի որ արգելքներ ունի: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով էլ` նրանք ստիպված համաձայնում են հանքավայրի շահագործմանը՝ վտանգելով իրենց ու իրենց երեխաների կյանքն ու առողջությունը: Պարապ են հիմա գյուղացիները, իսկ անասնապահությամբ էլ չեն կարող ընտանիք կերակրել: Կաշկանդվում են, երբ տեսնում են իրենց ընտանիքի անդամների վատ վիճակը: Ստիպված են համաձայնել, որովհետեւ այլ ելք չունեն»,- նկատեց գյուղապետը:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հանրային քննարկմանը մասնակցած բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, որն ասաց. «Այդ ընկերությունը, որը մտադիր է Մելիքգյուղում իր աշխատանքները շարունակել, գործել է բազմաթիվ խախտումներով, նաեւ ունի լիցենզիայի ժամկետների խախտումներ: Հանքի շահագործման օրվանից սկսած այստեղ լուրջ խնդիրներ են ծագել եւ ջրի ու հողի աղտոտման հետ կապված: Գյուղացիները շարունակ բողոքում էին, որ հենց հանքը սկսում է շահագործվել, իրենք ունենում են ե՛ւ բերքի որակի, ե՛ւ իրենց առողջության հետ կապված խնդիր»:
Մեր զրուցակիցը տարօրինակ համարեց նաեւ այն, որ «Մեգո Գոլդ» ընկերությունը երրորդ պոչամբարի նախագիծը առանձին է ներկայացնում, իսկ հարստացուցիչ ֆաբրիկայինը՝ առանձին. «Այնինչ՝ դրանք պետք է միասին ներկայացվեն: Իրենց նպատակը դա է, որպեսզի երեք պոչամբարները միացնեն իրար»:
Ըստ Սիլվա Ադամյանի` բնապահպանության նախարարությունը այս հարցում չեզոք դիրք է պահպանում: «Իսկ ընկերությունն էլ գյուղացիների առաջ խնդիր է դնում, թե՝ եթե դուք թույլ չտաք պոչամբարները վերանորոգել, մենք ստիպված կլինենք մեկ այլ պոչամբար կառուցել եւ մյուսների թափոնները տեղափոխել նոր կառուցվողի մեջ: Անհնարին բան են ասում, դա հեքիաթի ոլորտից է: Երրորդ պոչամբարն էլ ցանկանում են կառուցել, որ նորից կորզեն, լցնեն ու խայտառակ վիճակ ստեղծեն»,- նկատեց բնապահպանը:
Բացի այս՝ Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Մեգո գոլդ» ընկերությունն ունի «զրոյական բալանս եւ մեծ պարտքեր է կուտակել»: «Մենք ուսումնասիրել ենք եւ տեսել, որ ընկերությունն ունի զրոյական բալանս, ես այս հարցով դիմել եմ ընկերությանը, սակայն պատասխան չստացա: Իրենք պարտքեր ունեն, նույնիսկ վաճառել են իրենց տեխնիկան, որպեսզի մարդկանց աշխատավարձերը մարեն: Այսպես՝ ընկերությունը չի կարող պոչամբարները վերականգնել: Իսկ այդ ամենը կապված է մեծ ծախսերի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, մասնագետների պնդմամբ՝ այն տարածքը, որտեղ «Մեգո Գոլդ» ընկերությունը մտադիր է իրականացնել Թուխմանուկի հանքաարդյունաբերական համալիրի վերազինում, գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում:
«Ժողովուրդ»-ը բնապահպանի կողմից բարձրացված հարցերին պատասխան ստանալու նպատակով կապ հաստատեց «Մեգո Գոլդ»-ի հետ, սակայն ընկերությունից հայտնեցին, որ այս հարցով պատասխանատու է ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը: Իսկ վերջինիս հետ էլ ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՏԱԼ
«Նոր Նորքի կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները կրկին դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Բանն այն է, որ նրանք մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանում Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու աշխատանքներին եւ 2 շաբաթ 3 ժամ ավել աշխատանք են կատարել, սակայն դրա դիմաց չեն վարձատրվել:
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը հոդված էր գրել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի «Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր մաքրման եւ նորոգման աշխատանքներ էին իրականացրել Նոր Նորքի 1-ին զանգվածի Կրպեյանի անվան զբոսայգում, 3 ժամ ավել կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել: Նրանց ամսական աշխատավարձը կազմում է 73 հազար դրամ, աշխատանքային ժամերն են 08.00-16.00-ն, զբոսայգու հետ կապված նրանք 2 շաբաթ աշխատել են 08.00-19.00-ը, սակայն ավել ժամերի դիմաց այդպես էլ ոչ մի դրամ չեն ստացել:
Պարզվում է՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների դժգոհությունը լուսաբանելուց հետո նույն ՓԲԸ-ի եւ Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները սկսել են կոպտել նրանց՝ ասելով հետեւյալը. «Ձեր կարծիքով մեզ թերթո՞վ պետք է վախեցնեք, թե՞րթը մեզ պետք է ստիպի, որ ձեզ փող տանք: Էդքանն է ձեզ հասնում, եթե չեք ուզում, գնացեք գրասենյակ, դիմում գրեք ու ազատվեք, էնքան մարդ կա հերթ կանգնած»:
«Իրենց այսպիսի լկտի պահվածքից հետո էլ մենք ստիպված ենք լինում աշխատել: Հանդուրժում ենք իրենց այս խոսքերը: Ի՞նչ արած: Իսկ մեր քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը, մասնակցեց այգու բացմանը, որից հետո գնաց ուտել-խմելու, բայց չշրջվեց ու մեզ շնորհակալություն չասաց»,- զայրացած նկատեց ընկերության աշխատակիցներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ից ոչ ոք չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին, ինչի պատճառով կապ հաստատեցինք Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի հետ: Սակայն պարզվեց՝ թաղապետը ոչնչից տեղյակ չէր. ուղտի ականջում քնած է: «Դրանք հեքիաթներ են, չի կարող նման բան լինել: Ես պատրատ եմ դժգոհող քաղաքացիներին ընդունել, զրուցել իրենց հետ: Իրենք իրենց աշխատավարձը սահմանված ժամանակին ստանում են: Չկա նման բան, բայց ես խոստանում եմ ուսումնասիրել խնդիրը: Էս թվին աշխատացնեն ու աշխատավարձ չտա՞ն (ծիծաղում է-Ս.Հ.): Ես չեմ պատկերացնում այդպիսի բան: Եթե նրանք եկել են ու ավել աշխատել են, ապա մյուս օրերին ազատ են մնացել»,- արդարացավ թաղապետը:
Ստացվում է, որ տեղական իշխանիկները, մոռացած օրենքի ու օրինականության մասին, մարդկանց հետ վարվում են ինչպես տերը ծառայի հետ: Մարդիկ ավելի հանգիստ կապրեին, եթե համոզված լինեին, որ հարգված եւ պաշտպանված են իրենց ընտրած ղեկավարության կողմից: Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է: Հուսով ենք՝ «Ժողովուրդ»-ի այս հոդվածը գոնե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արձագանք կունենա:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՆՊԱՍՏԱՌՈՒ ՔԱՀԱՆԱՆ
Սոցիալական ծառայություններ իրականացնող Նոյեմբերյանի տարածքային գրասենյակից տեղեկացանք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի կեսը սպասարկող Սմբատ քահանա Աբրահամյանի ընտանիքը ընտանեկան նպաստ է ստանում: Տեր Սմբատի իսկական անունը Դավիթ է, նա ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից է: Քահանան ամուսնացած է, 3 անչափահաս երեխա ունի: Տեր Սմբատը կամ Դավիթ Աբրահամյանը Նոյեմբերյանի սոցիալական ծառայություն է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանից տեղեկանք այն մասին, որ իր ամսական աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ: Նշենք, որ դա Հայաստանում պաշտոնապես ընդունված նվազագույն աշխատավարձն է: Սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում շատ են անապահով, հանապազօրյա հացի կարոտ ընտանիքները, սակայն տարածաշրջանի մոտ 9 հազար ընտանիքներից ընտանեկան նպաստ է ստանում մոտ 900-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը: Նախկինում ընտանեկան նպաստը համարվում էր աղքատության, սակայն այժմ այդ տհաճ որակավորումը հանվել է: Ինչեւիցե, ըստ օրենքի՝ ընտանեկան նպաստը տրվում է առավել խոցելի, անապահով ընտանիքներին: Հայ առաքելական եկեղեցին, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում, չի՞ աջակցում բազմազավակ քահանաներին: Անցյալ տարի մամուլը գրեց, որ Տավուշի թեմի այն ժամանակվա առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը թեմի առաջնորդանիստ՝ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու պատին փակցրել էր ծառայությունների մատուցման սակագների ցուցակ, համաձայն որի՝ մկրտության արարողության համար հավատացյալները պետք է մուծեին 20 հազար, իսկ պսակադրության համար՝ 40 հազար դրամ: Մամուլի հրապարակումներից, հանրության բուռն արձագանքից հետո այդ գնացուցակը եկեղեցու պատից պոկվեց: Սակայն եկեղեցական արարողությունների սակագները չվերացան: Նշենք, որ ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ են լինում Տավուշի մարզի նշանավոր եկեղեցիներում՝ Հաղարծինում, Գոշավանքում, Մակարավանքում, ուր Աստվածաշնչի, զանազան աղոթարանների, մոմերի, սրբապատկերների վաճառքից Հայ առաքելական եկեղեցին մեծ գումարներ է վաստակում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Արդեն երեք օր է` որոնվում է Սյունիքի մարզի Թասիկ գյուղի բնակիչ, 34-ամյա Մանվել Ղազարյանը: Armlur.am-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին Մ. Ղազարյանը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր, ինչից հետո նրան ոչ ոք չի տեսել: Թանահատի գյուղապետ Խաչիկ Հովհաննիսյանը կայքին ասել է. «Գյուղի ողջ բնակչությունն ԱԻՆ-ի աշխատողների հետ երրորդ օրն է՝ փնտրում ենք, բայց դեռ հետքի վրա չենք հայտնվել: 4 անչափահաս երեխա ունի, անասնապահությամբ է զբաղվում: Սովորաբար կողքի գյուղ` Թանահատ է տանում նախիրը, այնտեղ արոտավայրերը հարմար են: Նախկինում երբեք նման բան չէր եղել, որ անհետանար կամ օրերով տուն չգար: Առողջական խնդիրներ էլ չունի, որ ասենք՝ հոգեպես անառողջ էր կամ նման բան»: