ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ
Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց եւ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում կատարել դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաեւ լվացուկների՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաեւ Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ: Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը, մինչեւ պարզվի թունավորման պատճառը, եւ վերացվեն բոլոր խախտումները:
ՌՈՒՍՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԿՀԵՇՏԱՑՆԵՆ
Հայաստանը պատրաստվում է թույլատրել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր՝ առանց արտասահմանյան անձնագրերի առկայության: Երեկ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա նշել է, որ տվյալ դեպքում մուտքի համար բավարար կլինի միայն ներքին անձնագիրը: Եգանյանը հավելել է նաեւ, որ կան տեխնիկական ու իրավական ոչ բարդ հարցեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կլուծվեն կարճ ժամկետներում: «Մարդկանց հիմնական հոսքը մեր երկրում, այսպես թե այնպես, կապված է Ռուսաստանի հետ: Բնականաբար, եթե ռուսաստանցիները տեսնեն, որ Հայաստան գալը հեշտ է, նրանք ավելի հաճախ կցանկանան գալ»,- հայտարարել է Եգանյանը: Ըստ նրա՝ ռուս զբոսաշրջիկների հաճախակի այցերը Հայաստան նաեւ նոր ներդրումների հնարավորություններ կստեղծեն: