Հանրության ուշադրությունը հերթական անգամ բեւեռվել է Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի վրա: Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է: Քանդակի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել է արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին` ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Նա մարզպետի ուշադրությունը հրավիրել է «բոլորի աչքի առջեւ ոչնչացող» աշխատանքի վրա եւ խնդրել վերականգնել այն:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, ով նշեց, որ քանդակը գտնվում է Ալափարս գյուղի վարչական հատվածում. «Քանդակի ճակատագրի հարցը մեզ մոտ միշտ քննարկվել է, արձանը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո, Ալափարսի գյուղապետարանը, բնականաբար, նույնպես պատասխանատու չէ դրա համար»,-ասաց նա:
Մենք հարցրինք` եթե նույնիսկ քանդակի պահպանության հարցն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, արդյոք իրենք անհանգստացած չեն իրենց մարզի տարածքում գտնվող հուշարձանի ճակատագրով. «Տարիներ առաջ, երբ արձանը թալանել էին, ես գործարանի տնօրեն էի, գործարանի միջոցներով վերականգնել եմ արձանը»,-պատասխանեց նա` հավելելով, որ այս դեպքում իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում:
Մենք կապվեցինք նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ 2011 թվականին քանդակի պահպանության հարցն իրենց է անցել. «Կոնկրետ պատասխանատուն մեր մարզային ծառայությունն է»,-ասաց նա:
Կ. Հակոբյանի փոխանցմամբ` դեռեւս 2007 թվականից հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, 2008-2009թթ. երեք հոգի բերման են ենթարկվել, մեկ հոգի ազատազրկվել է երեք տարով: «2011 թվականին հուշարձանը՝ կիսատ-պռատ, թալանված, հանձնել են Կոտայքի մեր մարզային ծառայության պահպանությանը, նույն թվականին կրկին թալանի դեպք է գրանցվել, գողացել են արձանի ստորին հատվածի մի մասը: Այդ առթիվ դիմել ենք ոստիկանություն, սակայն վերջինս չի կարողացել կոնկրետ պարզել, թե ովքեր են գողության հեղինակները: Մեկ այլ գողության դեպք էլ գրանցվել է 2012-ին, ապրիլի 9-ի առավոտյան հայտնաբերվել է, որ արձանի գլխամասը եւս թալանված է: Դրանից հետո մենք նորից դիմել ենք ոստիկանություն, սակայն կրկին ապարդյուն: Այնուամենայնիվ, Չարենցավանի ոստիկանությունն ուժեղացրել է քանդակի պահպանությունը»,-պատմեց նա:
ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետի խոսքով` արդեն այս տարվա հուլիսի 12-ի երեկոյան ուժեղ քամու պատճառով պոկվել է արձանի առջեւի մասը. «Քանի որ պոկված հատվածի չափերը բավական մեծ էին, ստիպված այն թողել ենք քաղաքապետարանի մոտ, որտեղ գոնե պահակ կա, եւ ինչ-որ կերպ արձանի այդ հատվածը կվերահսկվի: Քաղաքապետարանում մեզ 5 օր են տվել` արձանի այդ մասն ապահով վայր տեղափոխելու համար: Դրանից հետո կատարվածի մասին զեկուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը եւս զբաղվում է այդ հարցով: Կոնկրետ գործակալությունն էլ է դիմել մարզպետարան, որպեսզի կարողանանք արձանի այդ հատվածի համար հարմար տեղ գտնել: Ներկա դրությամբ չափագրություն է արվում, որպեսզի դա կարողանանք տեղափոխել»,-նշեց նա:
Մենք հարցրինք` ի վերջո, հույս կա, որ մոտ ապագայում «Անվերջության ժապավեն»-ը կվերականգնվի, ինչին Կ.Հակոբյանը տվեց դրական պատասխան. «Երկու շաբաթ առաջ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի, մեր հուշարձանների պահպանության ծառայության փոխտնօրենի եւ վերականգնող ճարտարապետի հետ եղել ենք հուշարձանի եւ դրա պոկված մասի տարածքում: Իրենք տեսան, որ պոկված մասը մոտ 80 տոկոսով պահպանվել է, ուստի, հնարավոր է, հեշտությամբ վերականգնել դրա նախկին տեսքը: Գործակալությունից ասացին, որ հանդիպել են Բեջանյանի ընտանիքի հետ, խնդրի լուծումն ընթացքի մեջ է»:
Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Բեջանյանի կինը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը, հայտնել է, որ Էմմիի բաց նամակից մեկ ժամ անց մարզպետն արձագանքել է, եւ այժմ պատրաստվում են հանդիպման ընթացքում քննարկել խնդիրը եւ լուծում գտնել:
Իհարկե, լավ է, որ ահազանգին արագ արձագանքել են, եւ կա տրամադրվածություն` քանդակը հնարավորինս արագ վերականգնելու, սակայն հարց է ծագում` եթե տարիներ առաջ վանդալիզմի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ մեղավորը հայտնաբերվել է, ապա նրանից արդյո՞ք բռնագանձել են գումար, եթե բռնագանձել են, ապա այդ գումարն առաջին հերթին պետք է ուղղվեր քանդակի վերանորոգմանը, ինչի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Եվ երկրորդ` ինչու է Կոտայքի մարզպետն արձագանքում խնդրին հեղինակի դստեր բաց նամակից հետո միայն, մի՞թե նա մինչ այդ տեղյակ չէր քանդակի ճակատագրից, թե՞ պետք է դանակը հասներ ոսկորին, խնդրին հանրային անձինք խառնվեին, որ նոր արձանն ուշադրության արժանանար:
ՆՈՐ ՍԻԹՔՈՄՈՎ ԿՓՈՐՁԵՆ ԺՊԻՏ ՊԱՐԳԵՎԵԼ
Շուտով հայ հեռուստադիտողի էկրանին կհայտնվի նոր հումորային սիթքոմ, որի շրջանակներում հանդիսատեսին արդեն հայտնի դեմքերը կներկայանան ամենատարբեր զվարճալի իրավիճակներում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի «Դոմինո» սիթքոմը, որը եթերում կլինի սեպտեմբերի 15-ից: Սոս Ջանիբեկյանին, Ռիփփիին, Նարեկ Բավեյանին, Լիկա Սալմանյանին եւ այլ դեմքերի կտեսնենք նոր հումորային կերպարներում:
Երգիչ Նարեկ Բավեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անձամբ իր համար ոչ միայն հետաքրքիր, այլեւ հաճելի է սիթքոմում նկարահանվելու գործընթացը. «Այս կերպ ոչ միայն մասնակցում եմ դրական մի գործի, մարդկանց պարգեւում ժպիտներ, այլեւ իմ օրն է լցվում, հարստանում: Իհարկե, սիթքոմում հանդես գալն ինձ համար պարտավորեցնող է, սակայն ես իմ առջեւ խնդիր եմ դրել անել հնարավորը հեռուստադիտողին ուրախացնելու համար»,-ասաց նա:
Նարեկի խոսքով` ինքը մարմնավորում է առողջ ապրելակերպով մի երիտասարդի, ով «կարգի է հրավիրում» իր չարաճճի ընկերներին:
Մեր այն հարցին, թե արդյոք Նարեկի ձայնային տվյալներն օգտագործվելու են սիթքոմում, արդյոք նա հանդես է գալու նաեւ որպես երգիչ, վերջինս պատասխանեց. « Ո՛չ: Որոշել ենք, որ այս անգամ հանդես եմ գալու բացառապես որպես դերասան, անգամ սիթքոմի սաունդթրեքի հետ ես կապ չունեմ»:
Իսկ, ահա, երգչուհի Ռիփփին առաջին անգամ չէ, որ նկարահանվում է սիթքոմում. նրան հեռուստադիտողները հիշում են նաեւ «Կարգին սերիալ»-ից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռիփփին նշեց, որ երկար ժամանակ Հայաստանում չէր նկարահանվել, ուստի որոշեց առիթը բաց չթողնել:
Սիթքոմում Ռիփփին մարմնավորում է ամուսնացած կնոջ, ով հեշտությամբ կառավարում է ամուսնուն: Մեր այն հարցին, թե ըստ երգչուհու` ինչն է պատճառը, ինչու են իրեն միշտ երես առած աղջիկների դերեր բաժին հասնում, Ռիփփին պատասխանեց. «Թատրոնում հակառակը` դրամատիկ դերեր էի խաղում, իսկ, ահա, էկրանին արդեն երկրորդ անգամն է` նման կնոջ դեր է բաժին ընկնում: Բայց ես իրականում այդքան էլ երես առած չեմ (ծիծաղում է): Ի դեպ, կերպարս կերտելուց առաջ ուսումնասիրել եմ նմանատիպ կանանց հոգեբանությունը, քանի որ ինքս հեռու եմ դրանից»:
Ռիփփիի խոսքով` ինքը ճանաչում է սիթքոմի գրեթե բոլոր դերասաններին, իսկ ում հետ էլ առաջին անգամ է աշխատում, արդեն հասցրել է ընկերանալ. «Ասեմ, որ կադրից դուրս էլ մեր առօրյան շատ զվարճալի է անցնում: Օրինակ` առաջին սերիան նկարահանելու ժամանակ ես եւ Սոսը չէինք կարողանում մեր ծիծաղը զսպել, կենտրոնանալ»,-պատմեց նա` վստահեցնելով, որ սիթքոմը կսիրվի հանդիսատեսի կողմից:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԳՆԱՑԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
Դերասան Վարդան Պետրոսյանը սեպտեմբերի 10-ի առավոտյան գնացել է աշխատանքի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ ԱՆ ՔԿՎ-ն հաստատել է դերասան Վարդան Պետրոսյանին աշխատանքի ընդունելու նպատակով «Օվացիա» պրոդյուսերական ընկերության պայմանագիրը:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանն այսուհետեւ իր պատիժը կրելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, բաց ռեժիմով: Այս ռեժիմով կալանավորները ՔԿՀ տարածքից դուրս են գալիս առավոտյան ժամը 8-ից եւ մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն ազատ են իրենց գործողությունների մեջ: Իսկ երեկոյան՝ նշված ժամին, նրանք պետք է վերադառնան կալանավայր եւ գիշերեն այնտեղ:
ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հայաստանի թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 17-ին:
Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին նույն դատարանի շենքում:
ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի թատերական գործիչների միության տնօրենի կինը` Լաուրա Ղազանչյանը, «Առէքսիմբանկ»-ից վերցրել է 80.000 դոլար վարկ եւ հետո վճարում չի կատարել: Արդյունքում այս պահի դրությամբ միության պարտքը կազմում է 130.000 դոլար:
ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Վարշավայում սեպտեմբերի 8-ին կայացած պատմական եւ ռազմական ֆիլմերի միջազգային 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողության ժամանակ Հայաստանից ներկայացված Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը արժանացել է կինոփառատոնի հովանավոր, լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին: Ջիվան Ավետիսյանի` Արցախի պատերազմին նվիրված «Թեւանիկ» ֆիլմն էլ արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերակցության» մրցանակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: «Ի դեպ, «Թեւանիկ» ֆիլմը ցուցադրվել է նաեւ այս տարի՝ հուլիսին, Լեհաստանի Լյուբլին քաղաքում «Արեւելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում»,- նշել է Էդգար Ղազարյանը: