«Գրանդ հոլդինգ»-ը ծխախոտ կարտադրի՞ Գերմանիայում. արդեն պայմանագիրը կնքված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս գերմանական լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակվեց այն մասին, որ հայաստանցի գործարարներից մեկը պատրաստվում է սիգարետի արտադրություն հիմնել Գերմանիայի Բուխհոլց քաղաքում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խոսքը «Գրանդ հոլդինգի» մասին է, որը հայկական շուկայում առաջատար դիրք է գրավում:

Ըստ «Համբուրգեր աբենթբլաթ» թերթի՝ Բուխհոլցը խնդիրներ է ունեցել, եւ քաղաքային իշխանությունները փորձել են որքան հնարավոր է շատ գործարարներ ներգրավել եւ քաղաքի արդյունաբերական տարածքների հանդեպ հետաքրքրություն արթնացնել: Առայժմ հայաստանյան ընկերությունն է, որ մոտ 6 հեկտար տարածք է գնել` շուրջ 4.3 միլիոն եվրոյով: Ի դեպ, արդեն պայմանագիրը կնքված է, եւ հայաստանյան գնորդ-ընկերությանը 18 ամիս ժամկետ է տրվել՝ նախագծման աշխատանքներն իրականացնելու համար: Իսկ, ահա, 2017 թվականին կլինի նաեւ շինարարությունը սկսելու թույլտվությունը: Նախատեսված է՝ սկզբնական փուլում 70 աշխատատեղ ստեղծել: Ի դեպ, ժամանակին այդ տարածքում չինական ընկերություն է գործել, որը, սակայն, դադարեցրել է գործունեությունը:

Այս տեղեկատվության հետ կապված ուշագրավն այն է, որ Բուխհոլցի քաղաքային իշխանությունները խուսափում են նշել գնորդ-ընկերության անունը: Հայտնի չէ նաեւ, թե այսօր տվյալ գնորդ-ընկերությունը ինչով է զբաղված: Փաստորեն, այն պատրաստվում է սիգարետի արտադրություն հիմնել եւ եվրոպական շուկայի համար ծխախոտ արտադրել, ուստի ենթադրվում է, որ գնորդ-ընկերությունը սիգարետի արտադրության փորձ ունի, հակառակ դեպքում` դժվար թե, օրինակ, հյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը փորձեր մուտք գործել սիգարետի եվրոպական շուկա: Սա նկատի առնելով` հարց է առաջանում՝ ի վերջո, հայկական ո՞ր ընկերությունն է 4.3 մլն եվրոյով գնել այդ տարածքը՝ սիգարետի արտադրություն հիմնելու նպատակով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գերմանիայում պատրաստվում է սիգարետի արտադրությամբ զբաղվել հենց «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Վերջինս Հայաստանում ծխախոտի արտադրությամբ է զբաղվում եւ գրավում է ներքին շուկայի գերակշիռ մասը: Բացի այս՝ ընկերությունը ՀՀ որոշ մարզերում նաեւ թութունի մշակությամբ է զբաղվում: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես ասաց. «Նման բան չկա»:

Մինչդեռ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հենց Վարդանյաններն են մտադիր Գերմանիայում սիգարետ արտադրել: Բանն այն է, որ Միքայել Վարդանյանի կինը՝ Էմիլիա Գուստինը, գերմանուհի է, իհարկե, վերջինս Հայաստանում է ծնվել, մեծացել, սակայն չի փոխել իր գերմանական ազգանունը: Եւ սա լուրջ գործոն է Գերմանիայում հեշտությամբ բիզնես-գործունեություն ծավալելու համար: Նաեւ, ըստ մեր տեղեկությունների, Գերմանիայում մոտ 6 հա տարածք գնած հայաստանյան ընկերությունը այն գրանցել է այլ քաղաքացիների անուններով: Ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Իսկ մինչ այդ նկատենք, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ հայաստանյան օլիգարխները օտար երկրներում ներդրումներ են իրականացնում, ընկերություններ կամ արտադրություններ են հիմնում` փոխանակ սեփական երկրում նոր աշխատատեղեր բացելու: Գաղտնիք չէ, որ նմանատիպ ընկերությունների սեփականատերերի մեծ մասն իրենց գումարները Հայաստանում վաստակել են ոչ օրինական ճանապարհով, այլ կերպ ասած` դրանք պետությունից գողացված գումարներ են: Ըստ էության, Հայաստանից դուրս իրենց կապիտալը տեղափոխողները հենց այն օլիգարխներն են, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է կործանման եզրին: Դրանք այն ընկերությունների սեփականատերերն են, որոնք իրենց ունեցած իշխանական լծակներով խեղդում են շուկան: Մասնագետների կարծիքով՝ այսօր արդեն Հայաստանում ներդրումներ անելու տեղ եւ հնարավորություն չկա, դրա համար էլ գերհարստացած խոշոր ընկերությունների սեփականատերերը փորձում են հեռահար ներդրումներ կատարել նաեւ դրսում:

Իսկ այն, որ «Գրանդ հոլդինգ»-ը վերջին տարիներին այլ երկրներում ներդրումներ է իրականացնում, հայտնի փաստ է: Օրինակ՝ վերջին տարիներին այս ընկերությունը Վրաստանում ծխախոտի եւ քաղցրավենիքի արտադրություն հիմնեց ու փաստորեն ոչ թե սկսեց իր արտադրանքը արտահանել Հայաստանից, այլեւ հենց տեղում` Վրաստանում, արտադրություն հիմնեց` այդ երկրում բացելով նոր աշխատատեղեր եւ խթանելով Վրաստանի տնտեսության զարգացմանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս