«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունին պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ բողոք ներկայացել` Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան մեկնելու առթիվ: Պարզում է՝ Ռուզաննա Մարգունին քննիչներին հայտնել է, որ Վահանի կինը գնացել է իր տուն եւ խնդրել ոստիկանության դիմումը հետ վերցնել՝ խոստանալով հափշտակած գումարը տալ: Եւ քննիչները տեղյակ լինելով այս մասին՝ նրանց չեն կալանավորել: Ու, ընդհանրապես, Մարգունու դիմումին նրանք մատների արանքով են նայել, ոչ պրոֆեսիոնալ են մոտեցել, ինչի արդյունքում Վահանը հասցրել է ճողոպրել:
Armlur.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մարգունին հայտնեց, որ այն ժամանակ, երբ ինքը քննիչներին հայտնել է, որ իրեն տեղեկություններ են հասել Վահան Մարտիրոսյանի` երկրից դուրս գալու մտադրության մասին, քննիչն իրեն ասել է, թե նրան կկալանավորեն, երբ «վերևներից» հրահանգ լինի. «Հարցրի` ի՞նչ վերևներ, քննիչը ծիծաղեց ու թե` ամենավերևից: Երևի դրանց Աստված պիտի ասի: Ես վրդովվեցի, ասեցի` ինչո՞ւ եք ստորագրությամբ բաց թողել: Նա բացահայտ հանցագործ է, կփախչի: Բայց նրանք հավատացել են, այսպես կոչված, ընդդիմադիրներին, ինչն ինձ համար մեծ հարցական է` ինչո՞ւ են ընդդիմադիրների նկատմամբ այդքան մեղմ վերաբերվում»,- պատմեց տուժած կինը, ապա շարունակեց, որ քննիչն իրեն ասել է նաև, որ հավատում են իրեն, սակայն պետք է անեն այնպես, ինչպես կա. «Նրանց չկամության, դանդաղաշարժության հետևանքով ունենք այն, ինչ կա: Ասում է` կարող է դա այստեղ-այնտեղ գոռգոռա, թե իրեն անօրինական կալանավորել են: Ես էլ հարցնում եմ` դուք իր խոսքերից եք վախենում: Ես հիմա ԱԱԾ-ին եմ դիմելու և հարց եմ ուղղելու` ինչո՞ւ չեն հսկողություն իրականացրել»:
Հարցին` ինքը գիտեր, որ Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է կնոջ և երեխայի հետ Ադրբեջան գնալ, պատասխանեց. «Նա նախկինում մի քանի անգամ ասել էր, որ ուզում է գնալ, բայց ասացի` ինչ ես խոսում, ինքն էլ, թե` ես հայրենասեր եմ, նման բան չեմ անի: Ես ախր մշտապես շեշտել եմ, որ նա ուզում է փախչել, ապաստան գտնել այլ տեղ: Փաստորեն, լուրջ էր տրամադրված»:
Ռուզաննա Մարգունին այժմ ոչ մի հույս չունի, որ իր գողացված փողերը հետ կտան: Նրա մոտ հարց է առաջանում` եթե իրավապահները չկարողացան նրան երկրում պահել, ինչ հույս կարող է ունենալ ստեղծված իրավիճակում:
Տաթև Հարությունյան