Այսօր հայ երգահան Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1883 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում է ծնվել  հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։

1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. 3ավորսկա դասարան։ Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։

1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա: 1924 թվականին մեկնել է Ստեփանակերտ` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը։ Մահացել է Թիֆլիսում 1935 թվականի մարտի 30-ին:




Լրահոս