Պարզվում է` երկրում առկա վիճակից դժգոհ են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ապահովագրական ընկերությունները:Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը նշել է. «Փոխհատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերություններին է դիմել ընդհանուր առմամբ 1700 տուժող: Կատարվել են 170 միլիոն դրամի ապահովագրական հատկացումներ, եւ կան դեռեւս շուրջ 500 միլիոն դրամի չկարգավորված պարտավորություններ»: Փորձենք վերլուծել նշված թվերը եւ հասկանալ, թե ինչից են դժգոհ ապահովագրական ընկերությունները: Հաշված ամիսների ընթացքում, իրավական, բարոյական եւ լրատվական տեռորի միջոցով ապահովագրվել է 341 հազար ավտոմեքենա, ինչը կազմում է հաշվառված տրանսպորտային միջոցների շուրջ 80 տոկոսը: 70 հազար մեքենա դեռ չունի ԱՊՊԱ պայմանագիր: Ամենահին, թույլ շարժիչ ունեցող ավտոմեքենայի ապահովագրման նվազագույն գումարը 25 հազար դրամ է: Եւ եթե այն բազմապատկում ենք արդեն ապահովագրված 341 հազար մեքենաների թվով, ստանում ենք 8,5 միլիարդ դրամ: Իսկ եթե հաշվի ենք առնում այն, որ Հայաստանի ավտոտրանսպորտային շուկայի կեսը կազմում են ոչ ռուսական արտադրության մեքենաները, որոնց ապահովագրումը կազմում է շատ ավելի գումար, քան 25000 դրամն է, ապա վերոհիշյալ 8,5 միլիարդ դրամին, առանց սխալվելու , կարելի է ավելացնել եւս 3 միլիարդ դրամ:Ի դեպ, այս գումարին ավելորդ չի լինի ավելացնել Վրաստանից Հայաստան մտնող մեքենաների ապահովագրման գումարը, առավելեւս, որ Ջավախքից Հայաստան մտնող մեր հայրենակիցները ստիպված են նույնպես «ապահովագրվել»: Այսինքն` այսօրվա դրությամբ ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագրերի կնքման միջոցով հավաքագրել են շուրջ 11 միլիարդ դրամ: Եւ եթե այդ գումարը բաժանենք առաջացած 670 միլիոն դրամի պարտավորության վրա, ապա կստանանք 6,1 տոկոս: Այսինքն` մեկին մեկ եկամուտ: Այս պարագայում անհասկանալի է դառնում ապահովագրական ընկերությունների մտահոգությունը: Թեպետ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են կանգնած այդ ընկերությունների հետեւում, կհասկանանք, որ այդ մարդիկ սովորություն ունեն ստանալ մեկին երեք հարաբերությամբ շահույթ, այդ պատճառով էլ այս «մինիմալ» թիվը նրանց չի գոհացնում: Մնում է ապահովագրական ընկերություններին համբերություն մաղթել. ձմեռը շուտով կավարտվի, եւ, ուրեմն, կպակասեն ավտոտրանսպորտային պատահարները: Հ.Գ. «Ժողովուրդ»-ի կողմից, որպես օգնություն, ամեն օր տպագրում ենք իշխանության վերնախավին պատկանող, ԱՊՊԱ կտրոն չունեցող թանկարժեք մեքենաների լուսանկարները: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԱՊՊԱ Է ՊԵՏՔ ՆԱԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ