ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի էլէկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի էլէկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման համար: Նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
“Այս տարվա փետրվարի 13-ին, Պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է “Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման”, այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց վրա՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկ էր համարել անդրադառնալ այս խնդրին։ 
Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը։   Անհանգստացնող ենք համարում այն, որ Պետական եկամուտների կոմիտեն համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության եւ անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին։
Տնտեսվարողների ազատ զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտ է շարունակել բարելավել հարկային եւ մաքսային վարչարարությունը. հետեւաբար Պաշտպանը շարունակելու է հետեւել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը եւ առաջիկայում ըստ անհրաժեշտության կներկայացնի նաեւ այլ խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները”:




Լրահոս