«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երեւում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»: Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, նկարում ձախից` կոստյումով, իսկ հասցեատերը՝ Գագիկ Ծառուկյանը` նկարում աջից, սպիտակ, սպորտային հագուստով: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է այս տարվա փետրվարի 12-ին: Ի դեպ, լուսնկարն արվել է երեկ, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցված օլիմպիական ավան:
Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի զգացողություն է ունենում՝ նա իրեն կրկեսի մասնակից չի՞ զգում: Կամ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում է Սերժ Սարգսյանին ինչ-որ տեղ հրավիրել, հիշո՞ւմ է, որ ժամանակին ինքն էր կոչ անում. «… հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից: Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»:
Մի խոսքով, մեր հայրենիքը մեծ կրկեսի է վերածվել, որի հերթական արարը երեկ էր՝ Դավթաշեն համայնքում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացրել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը: Ենթադրվում է, որ առաջիկա` եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Եթե եկող շաբաթ Աժ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը եւ այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-ից 8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը: Ի դեպ, այլեւս ակնհայտ, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվն առավելագույնը կլինի մեկ տասնյակի սահմաններում:
Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդուն` Ռոմա Գասպարյանին, պարզվում է՝ կարճվել է: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: Իհարկե, հետագայում` երկու ամիս անց, նրան ազատ էին արձակել, բայց քրեական գործի քննությունը չէր դադարեցվել, քանի որ ԲՀԿ-ն դեռ ամբողջությամբ չէր նահանջել: Սակայն երեկ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասացին, որ նշված քրեական գործը կարճվել է: Այժմ հասկանալի է, թե սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայր գնացած Ռուստամ Գասպարյանն ինչի համար էր երախտագիտություն հայտնում Սերժ Սարգսյանին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները կազմել են 103 տոկոս: Այլ կերպ ասած՝ սպառողները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն իրենց օգտագործած էլէներգիայի վարձավճարից ավել գումար են վճարել: Առավել ուշագրավ է ոռոգման համակարգի վճարումների ցուցանիշը, այստեղ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գերավճարը կրկնակիից էլ ավել է: Ոռոգման համակարգն այս տարվա առաջին կեսում սպառել է 1 միլիարդ 759 մլն դրամի էլէներգիա, բայց դրա դիմաց վճարել է 3 միլիարդ 878 միլիոն դրամ, այսինքն՝ 220 տոկոս: Ի դեպ, էլեկտրական էներգիայի վարձավճարների թերի վճարում առկա է միայն բյուջետային կազմակերպությունների մոտ: Բյուջետային կազմակերպությունները վճարել են իրենց սպառած էլէներգիայի վարձավճարի 99 տոկոսը: Այսինքն՝ պետական կազմակերպությունները պարտք են մնացել 1 տոկոսի չափով:
ՓՐԿԵՔ «ՓՐԿԻՉՆԵՐԻՑ»
Այն խայտառակությունը, որին հայ հանրությունն ականատես եղավ նախօրեին սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի հանդիպման ընթացքում, եւ այն անհավանական, անհնար թվացող պոռթկումը, որը երեկ եղավ Բաղրամյան պողոտայում, լավագույնս ի ցույց դրեցին ահռելի վիհը, որն առկա է լճացած, ինքնասիրահարվածության, սնապարծության, ինտրիգների եւ կեղտոտ խաղերի մեջ վերջնականապես քայքայված, այսպես կոչված, ընդդիմության եւ անեղծ, սկզբունքային, արագահոս առվակի նման մաքուր ու զրնգուն երիտասարդության միջեւ:
Մինչ իրենց «hանրային փրկության ճակատի» մարտիկներ ներկայացնող քաղաքական գործիչները` ի դեմս Պարույր Հայրիկյանի, Հմայակ Հովհաննիսյանի, Ժիրայր Սէֆիլյանի եւ այլոց, չորս ժամ շարունակ միմյանց վրա միկրոֆոններով բղավելուց հետո փորձում էին համաձայնության գալ ընդամենը երկու էջանոց մի փաստաթղթի ընդունման շուրջ, «Ոչ թալանի» նախաձեռնության անդամներն առանց բարձրագոչ խոստումների, հռչակագրերի, հանրագրերի եւ այլ անիմաստ …«գրեր»ի կրկին բարձրացրին այդ նույն հանրության բողոքի ձայնը՝ ի հեճուկս եւ համոթ ինքնակոչ փրկիչների:
Իրականում այն, որ այսօր Սերժ Սարգսյանը կարողանում է անարգել կերպով անել ինչ ցանկանում է, հենց այս գործիչների եւ ընդդիմադիր ճամբարի մնացած «փրկիչների» պատճառով է: Տարիներ շարունակ դատարկաբանելով՝ ժամավաճառությամբ եւ վճռական պահին ձայնավաճառությամբ ժողովրդի վստահությունը բռնաբարած այս ընդդիմադիրների ապիկարությունն է, որ հուսահատեցրել է հայ ժողովրդին: Եթե փորձենք դիտարկել, թե ովքեր են այսօր փորձում պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովող սահմանադրության դեմ, ապա կարող ենք ասել, որ այս չարաբաստիկ Սահմանադրությունն արդեն իսկ կարելի է ընդունված համարել:
Ամիսներ շարունակ հանրահավաք եւ անհնազանդության ակցիա հասկացությունները կրկեսի վերածած Անդրիաս Ղուկասյանը, բոլոր ժամանակների թիվ մեկ «ջուր պղտորող» Հմայակ Հովհաննիսյանը, բացառապես Ապրիլի 24-ը «հարամելու» նպատակ հետապնդող եւ դրանից հետո տեւական ժամանակ ոչինչ չանող Ժիրայր Սէֆիլյանը, ժողովրդին Բաղրամյան պողոտայում մենակ լքող եւ ոստիկանապետի հետ աղոթելու գնացող Րաֆֆի Հովհաննիսյանը, 2013-ին նախագահական նոր ընտրություններ անցկացնելու շանս ունեցող, սակայն այդ շանսից անբացատրելի պատճառներով հրաժարված Պարույր Հայրիկյանը, 2008-ի մարտի 1-ին տնային ինքնակալանքի տակ գտնվող Լեւոն Տեր-Պետրոյսանը եւ, ի վերջո, 2004-ի ապրիլի 12-ի գիշերը «թեյ խմելու» գնացած Ստեփան Դեմիրճյանը, այս մարդի՞կ են, որ պիտի կանգնեցնեն Սերժ Սարգսյանին, նրա՞նք են, որ պիտի «փրկեն» մեզ: Եթե այո, ապա մեր փրկությունը չփրկվելու մեջ է: