ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ գործողությունների փուլը երեկ ավարտվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին նախատեսված է ամփոփել զորավարժությունների արդյունքներն ու հաշվետվությունը ներկայացնել Սերժ Սարգսյանին: Իսկ արդեն ամսի 17-ին Սերժ Սարգսյանի մոտ տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ կներկայացվի զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր եզրակացությունը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ինչ տվեց «Շանթ 2015»-ը, արդյոք այն նպատակները, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, լավագույնս իրականացվեցին:
ՀՀ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ տվեցին «Շանթ 2015» ռազմական զորավարժությունները Հայաստանին, արդյո՞ք այն խնդիրները, որոնք դրված էին Հայաստանի պաշտպանության համակարգի առջեւ, կատարվեցին:
-Զորավարժությունները դեռեւս չենք ավարտել, ինչի պատճառով էլ չենք կարող արդյունքների վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ տրամադրել: Գործողությունների փուլն է ավարտվել, դեռեւս մենք զորավարժությունները չենք ավարտել, եզրակացություն չունենք: Երբ ամբողջովին ամփոփենք, այդ ժամանակ էլ կխոսենք, մեր տեսակետը կներկայացնենք:
-Բայց զորավարժությունների ընթացքից գո՞հ եք, արդյո՞ք դեռեւս մեկ տարի առաջ նախապատրաստվելիս հենց նման կերպ էիք պատկերացնում զորավարժությունները:
-Զորավարժությոնները նորմալ էին, սա մեր առաջին զորավարժություններն էին, որոնք ունեին նման ձեւ, սա տարբերվող էր բոլորից: Զորավարժություններն իրականացվել են այնպես, ինչպես ծրագրված էր:
-Զորավարժություններին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանը շատ լարված էր, հակառակորդը կրակում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա, արդո՞ք Հայաստանը կարողացավ «լռեցնել» Ադրբեջանին այս զորավարժությունների շնորհիվ: Ըստ Ձեզ՝ հայկական կողմը կարողացա՞վ հակառակորդին ցույց տալ, որ հարձակվելու դեպքում ինքն է տուժելու:
-Մենք հակառակորդին որեւէ բան չունենք ապացուցելու կամ ներկայացնելու, դա մենք արել ենք Հայաստանի անվտանգության համար: Մենք այդ զորավարժություններն արել ենք նրա համար, որ եթե պատերազմ լինի, իմանանք՝ մեր պետությունն ինչ է անելու: Դա արվել է միայն մեր անվտանգությունը պաշտպանելու համար, մենք երբեք որեւէ բան չենք անում՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ներկայացնելու, ապացուցելու համար:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Շիրխանյան, որպես նախկին ՊՆ փոխնախարար, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում անցկացված «Շանթ 2015» զորավարժությունները:
-Ես կարծում եմ, որ նորմալ զորավարժություններ էին, բայց կարծում եմ, որ ավելի մանրամասն այդ ամենի մասին կարող են խոսել զորավարժություն իրականացնող մարմինները: Նրանք պետք է ասեն, թե ինչ խնդիրներ էին իրենց առջեւ դրել ու թե դրանք որքանով են կատարել: Իսկ իմ կարծիքով իսկապես այդ զորավարժություններն անհրաժեշտ էին Հայաստանին՝ պարզելու համար, թե որքանով էին մերոնք պատրաստ, որքանով է մեր անվտանգությունը պաշտպանված, այդ առումով ես կարծում եմ, որ դրանք մեզ համար կարեւոր էին: Սպառնալիքի, վտանգի դեպքում հասկանալի դարձավ, թե մեր պաշտպանության բանակը, մեր պետությունն ինչի է ընդունակ, դա շատ կարեւոր հանգամանք է, երբ պետության համար հասկանալի է դառնում, այն, ինչ ինքն ունի, այն, ինչ ինքը կարող է անել նման գործողությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ խնդիրն այդ առումով կատարվել է:
-Արդյո՞ք հակառակորդը «լռեց» այդ զորավարժություններից հետո, դա որքանո՞վ զսպիչ դեր խաղաց:
-Իրենք էլ այս ժամանակահատվածում էին ցույց տալիս, որ իրենց միլիարդները, որոնք գնացել են սպառազինության համար, իզուր չեն, իրենք այդ ամենով բարձր են ՀՀ-ից, իրենք դա մշտապես են ցանկացել ապացուցել: Բայց ես վստահ եմ, որ հասարակությունը համոզված է հակառակում: Ես վստահ եմ նաեւ, որ Ադրբեջանի զինվորականությունը դրանում որեւէ կասկած չունի: Ես կարծում եմ, որ իրենք շատ լավ գիտակցում են` մենք ցանկացած դեպքում հաղթանակելու ենք, եթե իրենք համարձակվեն հարձակում գործել Հայաստանի վրա: Ես դրանում ուղղակի համոզված եմ: Հակառակորդը միշտ էլ նման կրակոցներ հնչեցրել է ու մշտապես էլ համապատասխան ձեւով ստացել է իրեն արժանի պատասխան, դա շատ լավ գիտեն Ադրբեջանի զինված ուժերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈ՞ՆՆ Է

Երեկ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը. մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատգամավորներին ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է արված փոփոխությունները:

Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Արձագանքելով այն պնդումներին, թե ներկայացվածը ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, այլ բոլորովին նոր Սահմանադրություն, Վարդան Պողոսյանը հայտարարել է, որ դա այդպես չէ` ընդգծելով, որ գործող Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածները փոփոխության ենթակա չեն, դրանք կարող են փոփոխվել միմիայն նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում: Այնուհետեւ Պողոսյանը նշել է, որ ինքը որեւէ քաղաքական հարցի չի պատասխանելու:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ, Պողոսյանից հետաքրքրվել է. «Դուք ասացիք, որ հանրային համաձայնության առարկա պետք է լինի Սահմանադրությունը փոխելը: Մինչեւ այստեղ գալը Սերժ Սարգսյանից չպարզեցի՞ք, որ որպես իրավաբան, տեսաբան գիտնական, չեք կարողանալու պատասխանել այն հարցերին, որոնք հուզում են հանրությանը: Մենք քաղաքական մարմնում ենք, բնականաբար, քաղաքական հարցեր էլ են լինելու: Դուք ո՞ւմ շահերն եք այս պահին պաշտպանում, Ձեր վստահորդի՝ Սերժ Սարգսյանի հետ չխորհրդակցեցի՞ք, որ ԱԺ-ում Ձեզ քաղաքական հարցեր էլ պետք է տրվեն, Դուք չեք կարողանալու պատասխանել, եւ նրա բացակայությունը արդար չէ»:
Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը հավելել է. «Երկու անգամ այդ անձը (Սերժ Սարգսյանը. Ս. Գ.) այս Սահմանադրության վրա երդվել է, բայց բազմիցս ոտնահարել է Սահմանադրությունը: Նա ինքն է խախտում Սահմանադրությունը, բա նրան չհարցրեցի՞ք՝ երկու անգամ խաբել եք մեզ, որ հայտարարություն եք անում, արդյո՞ք ժողովուրդը Ձեզ կհավատա, պարզ չէ՞, որ Դուք վերարտադրվելու համար եք դա անում: Այդ Սերժ Սարգսյանը, որ ուզում է փոխել մոդելը, ինքը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է: Իմանանք՝ ի՞նչ հիմնադիր հայր է, որ ցանկանում է փոխել ու թաքնվել է Ձեր նման տեսաբանների հետեւում»,-հարցրել է Փոստանջյանը, ինչին արձագանքելով` Պողոսյանն ընդամենը հայտարարել է, որ հրաժարվում է Փոստանջյանի հարցերին պատասխանել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ Վ. Պողոսյանին հարց է ուղղել. «Եթե այս նախագիծը փրկության հնարավորություն էր երկրի համար, ինչո՞ւ այն չէր իրականացվում 4, 8 տարի առաջ»: Ի պատասխան` Պողոսյանն ասել է, որ, իսկապես, կառավարման կիսանախագահական համակարգն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ. «Մեր բախտն այն առումով է բերել, որ մենք չենք ունեցել համակեցության իրավիճակներ, երբ ՀՀ նախագահը եւ պառլամենտական մեծամասնությունը եղել են իրար քաղաքական հակառակորդներ: Եղել է ժամանակ, երբ լարվածություն է եղել միմյանց միջեւ, բայց դա եղել է կարճ ժամանակահատված»:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկվի առաջիկա քառօրյայում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀԱՆՈՒՆ 1 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 15-ին Հայաստանում պետք է մեկնարկի ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է արդիականացնել հայաստանյան վիճակագրությունը: Եվրոպական միությունը այս ծրագրի իրագործման համար տրամադրել է 1 մլն եվրո: Իսկ դրա նպատակն է աջակցել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը եւ պաշտոնական վիճակագրության հայաստանյան համակարգը դարձնել ԵՄ չափանիշներին համահունչ: Ծրագրի իրականացման ժամանակահատվածն է այս տարվա օգոստոսի 8-ից մինչեւ 2017 թվականի օգոստոսի 7-ը: Սակայն ուշագրավն այն փաստն է, որ Հայաստանն իր բոլոր տեսակի ստանդարտները վերջին մեկ տարում համապատասխանեցրել է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին: Այսինքն՝ տնտեսությունում ընթացող գործընթացները հաշվառվելու են ԵՏՄ-ի չափանիշներով, իսկ վիճակագրությունը կազմվելու է ԵՄ չափանիշներով: Իրականում այս աբսուրդի միակ նպատակը «փող կպցնելն է»: Այսինքն՝ ԱՎԾ-ն հո՞ խելքը հացի հետ չէր կերել, որ մեկ միլիոն եվրոյից հրաժարվեր: Հիմա այդ գումարը կծախսեն, եւ երբ այն վերջանա, անհրաժեշտության դեպքում նորից համակարգը կփոխեն եւ այս անգամ արդեն ԵՏՄ չափանիշներին կհամապատասխանեցնեն:

 

ԹԵԺ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է՝ վաղը Հայաստանի 9 մարզերի 13 գյուղական եւ 2 քաղաքային համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Բնականաբար գրանցված թեկնածուների գերակշիռ մասը ՀՀԿ-ականներ են, մի մասն էլ անկուսակցական: Թեկնածուներից միայն մեկն է ԲՀԿ-ից, իսկ մեկն էլ ՀՅԴ-ական: Այս անգամ եւս Տավուշի մարզի Իջեւան եւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում թեժ ընտրապայքար է սպասվում: Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն գործող քաղաքապետ, նախկինում ԲՀԿ-ական, իսկ այժմ արդեն ՀՀԿ-ական դարձած Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ, այժմ Տավուշի կադաստրի պետ ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը: Իսկ Մարալիկի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արտակ Գեւորգյանը եւ քաղաքապետարանի տեսուչ ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը:

 

ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ
Սերժ Սարգսյանի հրամանով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարի պաշտոնից ազատված Մարտին Կարապետյանը զինված ուժերում չի աշխատում եւ այլեւս չի վերադառնա այդ համակարգ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, թե զբաղվում է իր թոռնիկներով եւ ցանկություն չունի խոսելու: Հիշեցնենք, որ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատվեց փետրվարի 29-ին` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո: Հավելենք, որ կուրսանտի սպանության քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն շուտով կուղարկվի դատարան:




Լրահոս