Վերջին օրերին մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, թե իբր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին վերջին` սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հասկացրել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ըստ այդ վարկածի՝ չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները ստիպված լինեն հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Իրադարձությունների զարգացման նման հեռանկարը մի փոքր անհավանական է թվում, բայց մյուս կողմից էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:
Ուստի տեղին կլինի դիտարկել, թե ներկա սահմանադրական փոփոխություններն ինչով կարող են ձեռնտու չլինել ՌԴ ղեկավարությանը եւ հակառակ տարբերակը՝ ինչու պետք է, որ ռուսները դեմ չլինեն այդ գործընթացին:
Տարիների փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանի համար ամենակարեւոր խնդիրը եղել եւ մնում է այն, որ Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ` պետության ղեկավարը լինի իրենց համար վերահսկելի անձ: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի համար կարեւորն այն է, որ իրենք որոշեն, թե ում ձեռքում կգտնվի Հայաստանի իշխանության ղեկը, իսկ թե տվյալ անձը ինչպես կիրացնի իր իշխանությունը` նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդելով առանձնապես էական չէ: Ըստ այդմ, կառավարման մոդելի փոփոխությունը Ռուսաստանի համար միայն մեկ դեպքում կարող է նշանակություն ունենալ, եթե այն վտանգի Հայաստանում իշխանության ձեւավորման վերահսկելիությունը: Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման մոդելը մազաչափ անգամ չի վտանգում Ռուսաստանի ունեցած ազդեցությանը: Ավելին՝ այդ գործընթացի միակ նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանի, այսինքն՝ Ռուսաստանի համար լիարժեք վերահսկելի անձի իշխանությունը անորոշ ժամանակով երկարաձգվի: Այսինքն՝ Ռուսաստանի կողմից սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելը նույն է, թե նրանք Սերժ Սարգսյանին ասեն, որ նա իրենց համար այլեւս անցանկալի անձ է եւ պետք է իշխանությունը հանձնի Պողոսին:
Բանն այն է, որ 2018-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Եթե Հայաստանի կառավարման համակարգը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ամեն դեպքում հանձնել ՀՀ ղեկավարի պաշտոնը, լինի դա իշխանության համար վերահսկելի տարբերակով՝ իր կողմնակիցներից որեւէ մեկին, թե անկանխատեսելի տարբերակով՝ ընդդիմադիր որեւէ թեկնածուի: 2013-ի փորձը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ վերահսկողությունը պահպանելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում: Մի խոսքով, այն տարբերակը, որ ռուսական կողմը կարող էր Սերժ Սարգսյանին առաջարկել, որպեսզի նա իշխանությունը հանձնի, ի սկզբանե կարող ենք բացառել:
Բայց միեւնույն ժամանակ նոր Սահմանադրության նախագիծը ռուսական կողմի, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինի համար որոշակի անհարմարություններ, այնուամենայնիվ, պարունակում է: Բանն այն է, որ եթե հաջորդ` 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, եւ ներկա իշխանությունները կառավարման համակարգը վերափոխեն՝ ըստ նոր Սահմանդրության, եւ ինչպես խոստացել է Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոն չզբաղեցնի, ապա ռուսական կողմի համար բավական անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել: Բանն այն է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը կշարունակի Հայաստանի իշխանության ղեկն իր ձեռքում պահել, բայց ոչ ի պաշտոնե: Անկախ նրանից Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի, թե կնախընտրի մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում եւ այդ կերպ կառավարի, էական չէ, միեւնույն է՝ նա չի լինի Հայաստանի ղեկավարը: Նոր Սահմանադրության նախագծով ՀՀ ղեկավարը պետք է լինի վարչապետը: Ստացվում է՝ ռուսական կողմը պետք է բանակցի, հանդիպի մի անձի հետ` գիտակցելով, որ որոշում կայացնողը նա չէ, այլ իր տանը նստած Սերժ Սարգսյանն է: Համաձայնեք, որ անձամբ Պուտինի համար այդքան էլ «հաճելի» չի լինի դրածոյի հետ հանդիպել եւ ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է: Սակայն անձնական «անհարմարությունն» այն դեպքերից չէ, որի համար ռուսական կողմը Սերժ Սարգսյանի առջեւ խնդիրներ կդնի: Առավելագույնը, եթե ռուսական կողմը ունի իրավիճակի լուծում, որի դեպքում Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը եւ անձամբ ներկայացնել ՀՀ իշխանությունը, ապա պարզապես կհուշեն այդ տարբերակը: Բայց, կարծես թե, նման տարբերակ մինչ օրս դեռ չի նշմարվում, հակառակ դեպքում ՀՀ իշխանությունների գործողությունները միտված կլինեին հենց այդ տարբերակը իրագործելուն եւ նոր Սահմանադրության այս «աֆյորայով» չէին զբաղվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԱՆԽՈՍՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ
Եկող երեքշաբթի կմեկնարկի խոհրդարանի այս տարվա աշնանային նստաշրջանը, այդպիսով պաշտոնապես կմեկնարկի նաեւ քաղաքական աշունը: Անցած տարի այս օրերին ոչ իշխանական քաղաքական ուժերը խոստանում էին թեժ աշուն: Մասնավորապես, ոչ իշխանական եռյակն անցած տարի աշնանը պատրաստվում էր համատեղ հանրահավաքների, որոնք, ըստ նրանց, պետք է հանգեցնեին լուրջ փոփոխությունների: Սակայն այդ ամենը ավարտվեց փետրվարյան «կապիտուլացիայով»: Այս տարի, սակայն, քաղաքական ուժերն իրենց հայտարարություններում ավելի համեստ են, չնայած որ իշխանություններն այնպիսի կարեւոր գործընթաց են սկսել, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստումն է: Քաղաքական ուժերի համեստությունն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ» նախաձեռնության շուրջ քաղաքական ուժերի լայն համախմբումը դեռեւս տեսանելի չէ: Ուստի ոչ ոք չի կարող ասել, թե հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան:
ՈՐ ԻՆՉ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՏԱԼԻՍ
ՀՀ առողջապահության նախարարությունը այս տարվա օգոստոսի 19-ին համաձայնագիր է կնքել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հետ, որի հիման վրա այդ ձեռնարկությանը պետբյուջեից պետք է վճարվի ավելի քան 22 միլիոն դրամ` պետպատվերով բժշկական ծառայություն մատուցելու համար: Հիշեցնենք, որ «Շենգավիթ» բ/կ հենց այն առողջապահական հաստատությունն է, որի հետ կապված վերջին շրջանում մի քանի աղմկոտ միջադեպեր տեղի ունեցան: Մասնավորապես, վերջին աղմկոտ դեպքը արձանագրվեց այս տարվա հուլիսի վերջին: «Շենգավիթ» բ/կ-ում հաշվառված ծննդկանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն այդպես էլ բժիշկներին չէր հաջողվել փրկել ծննդկանի եւ նրա փոքրիկի կյանը:
ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ մեր երկրում գործող տեսախցիկներն ու արագաչափ սարքերը թեեւ արձանագրել, բայց, ամեն դեպքում, տուգանքի որեւէ արձանագրություն չէր ուղարկվել ԱԺ պատգամավորներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին: Եւ այդ բացահայտումից հետո նոր բոլոր պաշտոնյաները սկսել էին «փաթեթներով» տուգանքներ ստանալ: Եւ, ահա, երեկ Սերժ Սարգսյանը խրոխտ կերպարով այդ խնդիրն էր քննարկում՝ պահանջելով ազնիվ աշխատանք:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բանակաշինությանը, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՔԾ-ում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված եւ հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի որոշ դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին:
ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկ կազմել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հանձնելու մասին արձանագրություն:
ՀԻՇԵՑՐԵԼ Է
Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արեւելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ելույթ ունենալով Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում։ «1915 թվականին հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականացվում են, այսպես կոչված, «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ եւ հնագույն քաղաքակրթությունների հետքերը:
ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով բազմաթիվ դիմում-խնդրանքները` ՀԵՀ-ը որոշում է կայացրել իր միջոցների հաշվին փոխհատուցել նաեւ 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական եւ միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու եւ ավելի երեխա ունեցող ուսանողների կրթավճարը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է։