Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՁԵՌՆՈՑԻ ՊԵՍ ՎԱՐՉԱՊԵՏ ՓՈԽԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը բավականին ճկուն ճանապարհ է նախատեսել վարչապետին անվստահություն հայտնելու համար: 115-րդ հոդվածով սահմանվող այս ընթացակարգին ծանոթանալով՝ ստանում ենք այնպիսի տպավորություն, որ վարչապետի հեռացման հարցը առավելագույնս պարզեցված է իշխող մեծամասնության համար, սակայն միաժամանակ լրջագույնս բարդեցված է ընդդիմադիր խմբակցությունների համար: Նախագծի այդօրինակ դրույթների հղացումը լիովին հասկանալի է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այդպիսով հեշտ ուղի է հարթում այն վարչապետի հապճեպ հեռացման համար, որը կհանդգնի չենթարկվել մեծամասնության «վոժդին»:

Ստորեւ կքննարկենք այս հարցում միջազգային փորձը՝ կենտրոնանալով գերմանական եւ իտալական մոդելների վրա:
Այսպես՝ «Նախագծի» 115-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն»: Այս դրույթն, ըստ էության, իսկական ծուղակ է ընդդիմադիր խմբակցությունների համար, որոնք երբեւէ մտքներով կանցկացնեն անվստահություն հայտնել Կառավարության ղեկավարին: Հիշենք, որ նախորդ տարվա գարնանը՝ մինչ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ընդդիմադիր հռչակված խմբակցությունները խնդիր էին դրել հասնելու վարչապետի հեռացմանը հենց Կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով: Թեեւ Ս. Սարգսյանը նախահարձակ եղավ, զոհաբերեց իր վարչապետին ներքաղաքական խաղերում, սակայն, կարծես, գործընթացի համար նախադեպ ստեղծվեց: Եվ, ահա, հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ ընդդիմությունը կրկին կփորձի Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը դարձնել օրակարգային: Գործընթացը միանգամից կվիժեցվի, քանզի անհնար է անգամ պատկերացնել, որ այդքան բազմագույն ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության կգան իրենցից մեկին վարչապետ դարձնելու հարցի շուրջ: Այսպիսով, ընդդիմության մեջ պառակտումների նոր բացիլ նետելով՝ Ս. Սարգսյանը փակում է իր հակառակորդների կողմից վարչապետին անվստահություն հայտնելու դուռը:
Փոխարենը պատգամավորների 1/3-ի միջոցով որոշման նախագիծ ներկայացնելը լիովին ձեռնտու է իշխող կուսկացության ղեկավարին, որի տրամադրության տակ է լինելու խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Հատկանշական է, որ որոշումը դրական արդյունք կարող է ունենալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության պարագայում: Նկատենք, որ գործող Սահմանադրությամբ էլ է սահմանվում նույն ընթացակարգը: Այդուհանդերձ, նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարը դառնում է հենց վարչապետը, որին պաշտոնից այդքան հեշտությամբ հեռացնել չի կարելի: Սակայն, եթե պետությունը կառավարվում է վարչապետի կողմից, իսկ մեծամասնության «վոժդը» նրան կարող է այդպիսի հեշտությամբ դուրս մղել իշխանությունից, ապա ո՞ւր մնացին Կառավարության կայուն գործունեությունն ապահովող սահմանադրական երաշխիքները, որոնց մասին շարունակ թմբկահարում են փոփոխությունները գովերգողները:
Միջազգային փորձի շրջանակներում կրկին ելակետ վերցնենք Գերմանիայի կառավարման համակարգը: Գերմանական սահմանադրությունը եւս նախատեսում է Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմ: Այստեղ խորհրդարանական մեծամասնությունը պիտի քվեարկի մեկ այլ գործչի օգտին՝ նրան ընտրելով իբրեւ հաջորդ կանցլեր, եւ դիմի նախագահին՝ խնդրելով ազատել գործող կանցլերին զբաղեցրած պաշտոնից: Նախագահը պարտավոր է ընթացք տալ վճռին եւ նոր ընտրված կանցլերին նշանակելու հրաման արձակել: Նկատենք, որ Գերմանիայում եւս սահմանված է պարզ մեծամասնության միջոցով կանցլերին պաշտոնազրկելու պրակտիկան: Իսկ, ահա, Իտալիայում Կառավարությունը պիտի ստանա պառլամենտական երկու պալատների աջակցությունը: Այս դեպքում, սակայն, Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել մեկ պալատի 1/10-րդ պատգամավորների ստորագրությամբ: Անգամ այսպիսի լայն հնարավորություններ ունենալով՝ Իտալիայում ընդդիմությունը 1943թ.-ից ի վեր ընդամենը 4 անգամ է անվստահություն հայտնել վարչապետին: Մեզ մոտ նման նախադեպ դեռեւս չի եղել՝ գերազանցապես պայմանավորված ժողովրդավարական սկզբունքներով իշխանություն ձեւավորելու մեր անկարողությամբ:
Կարելի է արձանագրել, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակով Կառավարության ղեկավարի պաշտոնազրկության գործընթացն ընդհանուր առմամբ իրենից նորույթ չի ներկայացնում եւ մեծ մասամբ հիմնված է ՀՀ գործող Սահմանադրության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձի վրա: Այստեղ, ցավոք սրտի, անուշադրության են մատնված տեղական պայմանները եւ ազգային-պետական առանձնահատկությունները: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում հարկ կար ավելի խիստ միջոցառումների, քանի որ մեզ մոտ կառավարման խորհրդարանական կարգերի անցումը տեղի է ունենում կիսանախագահական համակարգից, որտեղ նախագահը բավականին ուժեղ ֆիգուր է, եւ նրան այդքան էլ հեշտ չէ հեռացնելը: Օրինակ՝ կարելի էր վարչապետին անսվտահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայների շեմը հստակորեն սահմանել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ը: Թեեւ, այս ամենն իրականում ձեւականություն է, եթե ընտրությունների երկրորդ փուլի կարգը, այդուհանդերձ, պահպանվի: Ի դեպ, երկրորդ փուլի ներմուծմամբ բացարձակ մեծամասնություն ստանալու իշխանության ցանկությունը պետք չէ բացարձակեցնել ու կարծել, թե առանց դրա Սարգսյանը ԱԺ-ում բավարար թվով կամակատարներ չի ունենա: Այսօր էլ չկա երկրորդ փուլ կոչվածը, սակայն ԱԺ-ի 80 տոկոսը փաստացիորեն գտնվում է Ս. Սարգսյանի ենթակայության ներքո: Առաջարկվող տարբերակով Սարգսյանի՝ իշխանությունից դուրս գտնվելու ժամանակ ամբողջ պետական համակարգի նկատմամբ ազդեցության պահպանումը տեղի կունենա ավելի դյուրին կերպով: Այս տարբերակով պարզապես իշխանության նկատմամբ Ս. Սարգսյանի վերահսկողության անխափանության հավելյալ երաշխիքներ են սահմանվում եւ ուրիշ ոչինչ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ
ՀՀ Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին գյուղերի բնակիչները կրկին կանգնել են ոռոգման ջուր չունենալու վտանգի առաջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ այս խնդրի շուրջ Վերին Դվին գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ օրերով ջուր չեն ունեցել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Արարատի մարզի Դվին, Վերին Դվին, Այգեստան եւ այլ գյուղեր կրկին կանգնել էին ոռոգման ջուր չունենալու խնդրի առաջ: Ամառվա տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեին, սակայն ջուր չլինելու պատճառով նրանց հեկտարներով այգիներն ու բանջարանոցները արեւից փչանում էին:
Այս տարի ոռոգման ջրի խնդրից ավելի շատ դժգոհում են Վերին Դվին գյուղի բնակիչները, ովքեր հենց երեկ բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի մոտ եւ պահանջել են անհապաղ լուծել խնդիրը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով շտապեց տեղեկացնել, որ հարցը կարգավորվել է: «Ջրամբարը ստուգել են ու տեսել են, որ ջուր կա: Անհրաժեշտ ջրի քանակություն կա: Ջուր եղել է, ուղղակի երկու օր գյուղի մի մասին է ոռոգման ջուր հասել, իսկ մյուս մասը մնացել է առանց ջրի: Բայց հիմա արդեն ամեն բան կարգին է»,- արդարացավ գյուղապետը:
Իսկ մյուս՝ Դվին գյուղում դեռ նախորդ տարվա նման մարդիկ գրաֆիկով են ռոգոման ջուր ունենում՝ 3 կամ 4 օրը մեկ: «Մեր գյուղում ոռոգման ջուրն ընդհատումներով ենք ունենում, քանի որ Ազատի ջրամբարը նստել է, բայց ընդհանուր առմամբ նորմալ է: Կարողանում ենք յոլա գնալ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանը:
Նրանից տեղեկացանք նաեւ, որ բնակիչների ահազանգից հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Ազատի ջրամբար: «Ամեն բան արվում է, որպեսզի բոլորն էլ ոռոգման ջուր ունենան: Հիմա թե՞ ջրամբարը կլցնեն, թե՞ պոմպ կդնեն ու այդ տարբերակով ջուր կտան, հայտնի չէ: Բայց հավանական է, որ պոմպի միջոցով միայն այս խնդիրը հնարավոր կլինի լուծել»,- ենթադրեց Դվինի գյուղապետը:
Չնայած գյուղացիների բողոքի ակցիային՝ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը պնդում է, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել եւ չունեն: «Ոչ մի Դվինում մենք ոռոգման ջրի խնդիր չենք ունեցել: Գուցե՞ մեկ-երկու ժամով ջուր չի եղել: Ազատի ջրամբարում ոչ միայն բավարար քանակությամբ ջուր կա, այլեւ մենք նախորդ տարի այնտեղ պոմպ ենք տեղադրել եւ դրանից կարողանում ենք օգտվել: Իհարկե, լավ չէ, որ էլեկտրաէներգիայի միջոցով ենք ջուր ունենում: Միայն պետք է պոմպով մղենք»,- վստահեցրեց պաշտոնյան:
Ու թեեւ գործադիրը հայտարարում է, որ կանգնած է գյուղացու կողքին եւ մշտապես նրան աջակցում է, այնուամենայնիվ, ամեն ինչ հակառակն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՏԵՂ Է ԴՐԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ շարունակվում է Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ալիկ Հակոբյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Վերին Ծաղկավան գյուղից դեպի Բերդ քաղաք տանող ճանապարհին՝ գյուղից շուրջ 1 կմ հեռավորությամբ, հանդիպել է ճամփեզրով քայլող, իրեն անծանոթ, Բերդ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վիկտոր Օրդյանին: Ա. Հակոբյանը Օրդյանի` իրենից խուսափելու, անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաեւ աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծելով, որ նա Ադրբեջանի քաղաքացի է եւ ցանկանում է ծոցագրպանից զենք հանել, իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է Օրդյանի վրա, որի հետեւանքով նա ստացել է հրազենային վնասվածք: Նախկինում չդատված Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս հոդվածը նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում:

 

ՋՐԱՄԲԱՐԻ ԱՓԻՆ` ՋՐԱԶՈՒՐԿ
1980թ. հանդիսավորությամբ գործարկվեց Ջողազի ջրամբարը, որի ջրերով ոռոգվում էին Ադրբեջանի Ղազախի շրջանի, Հայաստանի Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար հողեր: Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1991 թվականից Ջողազի պոմպակայանը չի գործում: Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամ գյուղի ադրբեջանցիները պոմպերով արհեստական լճից ջուր են մղում եւ ոռոգում իրենց ցանքատարածությունները: Իսկ Բերքաբեր գյուղի բնակիչները 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրից չեն կարողանում օգտվել, քանի որ ջրամղիչ պոմպեր չեն տեղադրված: Մինչդեռ սահմանամերձ Բերքաբերը ոռոգման ջրի կարիք խիստ ունի: Հիշեցնենք, որ Ջողազ գյուղը 1978թ. Բերքաբեր է վերանվանվել ի նշանավորումն Ջողազի ջրամբարի կառուցմամբ գյուղի հողերի բերքաբեր դառնալու: Այժմ հարկավոր է պարզապես ջրի խողովակները դնել ջրամբարի մեջ, տեղադրել պոմպակայան եւ գործարկել այն: Սակայն դրա համար Բերքաբեր համայնքին աջակցող է պետք՝ պետությունը, որեւէ կազմակերպություն կամ բարեգործ: Բերքաբերում առկա է նաեւ խմելու ջրի սուր խնդիր, գյուղը նաեւ գազաֆիկացված չէ, իսկ Բերքաբեր տանող, ռազմավարական նշանակության ճանապարհն էլ անբարեկարգ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս