Դերասան Ստեփան Շահինյանը, ով աշխատել է Երեւանի մնջախաղի պետական, «Մետրո», Հ. Մալյանի անվան թատրոններում, իսկ այժմ արդեն` Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ մի շարք ֆիլմերից եւ սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր մնջախաղի պետական թատրոնի ներկայացումները շեղվել են մնջախաղի արվեստի կանոններից, մնջախաղը, իր ձեւակերպմամբ, վերածվել է ռեբուսի:
-Պարո՛ն Շահինյան, վերջին շրջանում Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչո՞ւ: Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա աշխատում եմ Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում, բացի այդ` մի մանկական թատերական ստուդիա ունեմ` «Արփի» անունով, այնտեղ բեմադրություններ եմ անում, դերասանական խմբի ղեկավարն եմ: Նաեւ դերասանի վարպետություն եւ մնջախաղ եմ դասավանդում Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Ի դեպ, մի գիրք եմ գրում մնջախաղի արվեստի մասին:
-Ձեր գիրքը մնջախաղի հայ արվեստի՞ն է վերաբերում:
-Ո՛չ, այն, ինչ այսօր մեզ մոտ մնջախաղի արվեստի ոլորտում է տիրում, լրիվ դուրս է մնջախաղի կանոններից, ուստի այդ մասին ես չեմ կարող գրել. գրում են մի բանի մասին, որը որոշակի կանոններ ունի: Մնջախաղը ռեբուս չէ, որ գուշակես: Երբ նայում ես մնջախաղի խոշոր վարպետներին, հասկանում ես, թե ինչ են ուզում ասել, ինչի մասին են «խոսում», իսկ այսօրվա բեմադրությունները դիտելիս չես հասկանում` ով ինչ է ուզում ասել… Այդ շեղումը վաղուց է սկսվել, արդեն ավելի քան տասը տարի է:
-Իսկ մենք մնջախաղի դպրոց ունեցե՞լ ենք, հիմա ունե՞նք:
-Ժամանակին, այո՛, ունեցել ենք, եւ որեւէ մեկի համար այնտեղ հանելուկներ չեն եղել. հանդիսատեսը եկել է, դիտել է, հասկացել է` ինչ է դիտում: Եթե այդ ավանդույթները պահպանվեին, լավ կլիներ. մնջախաղն առաջին հերթին պետք է լինի հասկանալի: Տարիներ առաջ, երբ մենք էինք խաղում, ներկայացումների 1 ռուբլիանոց տոմսը 10 ռուբլով գնողներ կային: Իմ համոզմամբ` թատրոնի խնդիրը մարդկանց ավելի լավը դարձնելն է, իսկ այսօր ինչ-որ սեփական խնդիրներ են լուծվում: Մի գործ են անում` ցուցակում «ծիտիկ» դնելու համար:
-Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մատուցած ներկայացումները չե՞ք հավանում, գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի դպրոցը Ձեզ չի՞ գոհացնում:
-Դա դպրոց չէ, Դադասյանն էլ ինքնագործունեությամբ է զբաղվում, նա չգիտի` մնջախաղն ինչ է, ինչ ժառանգել է` կիսատ-պռատ, թերի, դա էլ ներկայացնում է: Ու քանի որ մասնագետներ չկան, ազատ դաշտ է ստեղծվել, վերլուծական միտք էլ չկա, որ թատերագետները մանրամասն քննարկեն ներկայացումները, ասեն` ախպեր ջա՛ն, էս որ էս ինչ բանն անում ես, էս ի՞նչ ես անում, մի հատ բացատրի… Հաճախ ինքն էլ չի կարող բացատրել: Շատ-շատ ասի` Փարաջանովը ոնց էր անում, ես էլ եմ այդպես անում. թաքնվել Փարաջանովի հետեում ու դատարկ հանդիսասրահներում ելույթ ունենալ. ես դա չեմ հասկանում: Հետո էլ որ Հայաստանը դրսում ներկայացնեն, այնտեղ պետք է ասեն` էս ի՞նչ է Հայաստանի մնջախաղի վիճակը… Ու քանի որ գործից հասկացող մարդ առանձնապես չկա, լայն դաշտ է ստեղծվել, նա էլ իր գործն անում է: Դրա հետ մեկտեղ էլ Արվեստի վաստակավոր գործչի կոչում է ստանում… Ես զարմանում եմ…
-Իսկ Դուք փորձե՞լ եք պարոն Դադասյանի հետ բանավեճի մեջ մտնել, կարծիքներով փոխանակվել:
-Չենք բանավիճել, ես մոտավորապես 7 տարի առաջ առաջարկեցի բեմադրություն անել, հրավիրեցի մեր տուն, ասացի, որ ուզում եմ բեմադրել «Ծիծաղելի մարդու երազը» (Դոստոեւսկի), ասաց` չէ, առանց որեւէ պատճառաբանության… Դե, ինքը վախկոտ մարդ է…
-Իսկ գուցե Ձեր մասնագիտական որակնե՞րը չեն բավարարել:
-Ո՛չ, պատճառը վախն էր: Կենդանական վախը: Վախ այն բանից, որ հանկարծ կարող էր ներկայացումը լավ ստացվել, խումբը կարող էր թեքվել իմ կողմ, կամ ինչո՞ւ լիներ, ավելի լավ չէր` չլիներ, հանգիստ ապրեին: Մի բան էլ ասեմ. ժամանակին` 90-ականներին, թատերական ինստիտուտում ես իմ կուրսն ունեի` մնջախաղի կուրսը, հետո ինքը ճկուն կերպով իմ կուրսը ձեռքիցս վերցրեց: Իր մորաքրոջ ամուսինը ղարաբաղցի պաշտոնյա էր, երեւի ղարաբաղյան գործոնն աշխատեց… Դրանից հետո այդ կուրսից մի ուսանող դուրս չի եկել, որ ասես` այ սա այդ կուրսի ուսանող է… Երանի Սոս Սարգսյանը կենդանի լիներ, մոտենայի, ասեի` սա՞ է Ձեր բերած կադրը, որ փոխարինեց ինձ… Գոնե մի արժանավոր փոխարինող լիներ, ասեի` հա…
-Իսկ Դուք չե՞ք ուզում նոր խումբ, գուցե նաեւ` ստուդիա բացել…
-Դա փող արժե: Պետության հովանավորչությունն էլ բացարձակ չեմ ակնկալում: Ես ստեղծել էի շատ լավ խումբ, 94-95թթ. , երբ կոլապսային վիճակ էր, խմբի երեխեքին ասացի` գնացեք. այլեւս հնարավոր չէր նրանց պահել… Էդ երեխեքը մտան մնջախաղի թատրոն, հենց Դադասյանը եղավ ղեկավար, բոլորին հեռացրեց` Մարինե Գաբրիելյանին, Նարե Հայկազյանին եւ այլն. ոմանք գնացին արտերկիր, խումբը ցրվեց: Դրա համար էլ հերթական անգամ այդ դոնկիխոտությունը չեմ անի…
-Հիմա Ձեր մեջ, այսպես ասած, եռացող գաղափարներ կա՞ն:
-Հիմա կուզեմ դրսում բեմադրություն անել, որ փող աշխատեմ… Այդպիսի գաղափարներ չկան, կաթսայի տակի կրակը հանգել է… Հատկապես, երբ ունենում ես երեխաներ, արդեն գումար աշխատելու մասին մտածելը դառնում է անխուսափելի…
«ՊԻԿԸ ԴԺՎԱՐ Է ՊԱՀԵԼ»
«Ժողովուրդ»-ը շարունակում է հետաքրքրվել այն հայտնիների ճակատագրով, որոնք ժամանակին հաջողության են հասել իրենց ոլորտում, ինչ-որ պահի անգամ «բում»-ի հեղինակ են դարձել, սակայն հետո կորել են հանդիսատեսի տեսադաշտից:
Այս անգամ հերթը «Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանինն է: 17-ամյա Մելինեն «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այժմ սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում, ջազ-վոկալ բաժնի առաջին կուրսում: «Հատուկ ուզեցել եմ ընդունվել Երեւանի կոնսերվատորիա, եկա մայրաքաղաք, քանի որ այստեղի հնարավորություններն ավելի մեծ են»,-ասաց նա:
Մելինեն նշեց, որ մրցույթից հետո էլ շարունակվում է իր եւ մարզչի` երգիչ Հայկոյի համագործակցությունը. «Շուտով լսարանը կունկնդրի մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Նոր երգը, որի վրա աշխատում ենք, գրել է հենց Հայկոն: Մինչեւ տարեվերջ այն կներկայացնենք երկրպագուների դատին: Կարծում եմ` հետագայում երգը կունենա նաեւ իր տեսահոլովակը»,-տեղեկացրեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք ինչ-որ պահի մեծ ճանաչման հասնելուց հետո դժվար չէ այդ նշաձողը պահելը, երգչուհին պատասխանեց. «Այո՛, այդ պիկը, որին հասնում ես, շատ դժվար է պահել. պետք է անընդհատ կապի մեջ լինես հանդիսատեսի հետ: Նշեմ, որ ես բազմիցս մասնակցել եմ համերգների, օրինակ` Քաջարանում, Կապանում, վերջերս էլ Գյումրու օրվան նվիրված համերգին»: Իսկ արդյոք սկսնակներին համերգներում երգելու դիմաց տրվող հոնորարը ցածր չէ. այս հարցին ի պատասխան՝ Մելինեն նշեց. «Այո՛, կա նման բան: Բայց հիմա ինձ համար առաջնային խնդիրը վճարը չէ, թեեւ դա էլ է պետք: Պարզապես հարկավոր է լինել աշխատասեր, ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում»:
Անդրադառնալով որեւէ երաժշտական նախագծի շրջանակներում կրկին հայտնվելու հեռանկարին` Մելինեն ասաց. «Հայաստանում` ոչ, իսկ արտերկրում` հնարավոր է»:
Նա նաեւ նշեց, որ թեեւ ակումբներում դեռ չի երգում, սակայն արդեն դրանցում հանդես գալու առաջարկներ ունի, որոնցից մեկը մի օր հաստատ ընդունելու է. մտադիր է երգել սոուլ, ջազ, բլյուզ ժանրերի երգեր:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԱՅՐԱՆԱ
Նարինե Պետրոսյանը շուտով բազմազավակ մայրիկ կդառնա: Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհին պատրաստվում է ամուսնուն երրորդ դուստրը պարգեւել: Հղիության 7-րդ ամսում գտնվող Նարինեն Bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ տղա ունենալու ցանկությունը մեծ է, բայց պարզելով, որ աղջիկ է ծնվելու, ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը չեն տխրել:
Ի դեպ, հղիությունը չի խանգարել դերասանուհուն օրեր առաջ Արցախում մասնակցել «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներին, սակայն կազմվածքի փոփոխության պատճառով նոր թատերաշրջանում նա բեմում չի լինի. «Մի շարք ներկայացումներում ինձ մեկ ուրիշ դերասանուհի կփոխարինի, որոշներն էլ առժամանակ դուրս կգան խաղացանկից»:
ԶՎԵՐԵՎ VS ԲԱՍԿՈՎ
«Ռուսական գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւը Նիկոլայ Բասկովին մեղադրել է գողության մեջ, քանի որ «Ռուսաստանի ոսկե ձայնը» հագել է իր նույն մուշտակից։
Բասկովն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում ինքը սպիտակ մուշտակով է։ Լուսանկարին ուղեկցող մեկնաբանության մեջ երգիչը գրել է. «Կերպարի մեջ եմ. ռեժիսոր Անտոն Կալինկինի «Все исправить» ֆիլմի նկարահանումներ»։
Էպատաժային ոճաբանը մեղադրել է Բասկովին իրեն կրկնօրինակելու մեջ։ Զվերեւն Instagram-ում հրապարակել է նույնանման մուշտակով իր լուսանկարը եւ գրել. «Կոլյան կրկին չի կարողացել զսպել իրեն. այս անգամ գողացել է իմ մուշտակով լուքը»,- նշել է նա։
ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ՏՂԱՄԱՐԴԸ
One Direction խմբի անդամ Լիամ Փեյնը Attitude ամսագրի կողմից ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդ։ Վարկանիշային աղյուսակը կազմվել է ամսագրի ընթերցողների քվեարկության հիման վրա։
Փեյնը լուսանկարվել է ամսագրի նոր ֆոտոշարքում եւ խոսել իր խնդիրների մասին. «Ես ալկոհոլից կախվածություն եմ ունեցել, բայց կարողացել եմ սթափվել ու ազատվել այդ խնդրից»։ Նշենք, որ One Direction-ն այժմ աշխատում է իր հինգերորդ ալբոմի վրա, ինչից հետո խումբը որոշ ժամանակով դադար է առնելու։ Լիամը ասել է. «Ես շատ ծրագրեր ունեմ, որոնց մասին մեր երկրպագուներն անպայման կիմանան»։