ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Մարշալ Բաղրամյանի անունը կրող հրաձգարանում
Երեկ «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ընթացող հրաձգության ընթացքում Մարշալ Բաղրամյանի անունը կրող հրաձգարանում պրակտիկ գործողություններ են ցուցադրվել: Միջոցառմանը մասնակցել են Կառավարության ներկայացուցիչները, որոնք, կարծես թե, այդքան էլ գոհ չեն իրենց կարգավիճակից: Արեւի շողերին «դիմակայելու» համար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նման «օրիգինալ» միջոց է ընտել: Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ իր մշտական դժգոհ դեմքով հետեւում է հրաձգության ընթացքին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս են բնութագրվում անավարտ շինությունների ավարտվածության աստիճանները: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է իրականացվում շենքերի, շինությունների կադաստրային գնահատության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
Լեւոն Ամիրխանյան (47 տարեկան, ծրագրավորող )
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում անավարտ շինությունները գույքահարկով հարկման նպատակով, ըստ ավարտվածության աստիճանի, բնութագրման կարգը սահմանվել է ՀՀ Կառավարության 2003թ. մայիսի 29-ի N 645-Ն որոշմամբ, համաձայն որի՝
ա) շինությունները համարվում են մինչեւ 50% ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.5.
բ) շինությունները համարվում են 50-80% ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը եւ տանիքը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.7.
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 1.0:
Մինչեւ գնահատման տարվա սեպտեմբերի 1-ը տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի եւ շինությունների ամփոփ ցուցակները կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները տրամադրում են հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը տրամադրում են տեղեկություններ՝ նախորդ ամսվա ընթացքում շենքերի եւ շինությունների սեփականատերերի փոփոխման, նոր առաջացած, ավարտվածության աստիճանի, հարկայնության եւ գործառնական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաեւ սեփականության իրավունքը դադարեցված, բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի եւ շինությունների վերաբերյալ:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. նախատեսված է համակարգչային ծրագիր մուտքագրել առնվազն 2000 շենքերի տեխնիկական տվյալներ, այդ թվում նաեւ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց եւ չշահագործվող շենքերն ու շինությունները, առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտներին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդի մեջ, ապա նա իրավունք ունի՞ ստանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Գայանե Ջանիբեկյան (32 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Ջանիբեկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:
«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ մեկ տարվա ընթացքում ոչ ավել, քան 60 օր տեւողությամբ: Իսկ քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավել, քան երեսուն օր: