Այսօր «ոչ»-ից անցնելու ենք հանունի. Պարույր Հայրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերի համաժողովը, որը կազմակերպել էր «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը: Համաժողովի ժամանակ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի ձեւավորման մասին եւ ընդունվել է հայտարարություն: Ուշագրավն այն է, որ ճակատի ձեւավորմանը այդպես էլ չեն մասնակցել այն ուժերի ղեկավարները, որոնք հայտարարում են, թե իրենք դեմ են Սահմանադրության նոր նախագծին. ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացուցիչներ էին ուղարկել համաժողովին:

«Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձեւավորվել են կեղծված ընտրությունների միջոցով, եւ չկա հանրային վստահություն ո՛չ իշխանության, ո՛չ էլ նրա որեւէ նախաձեռնության նկատմամբ, հայտարարում ենք, որ մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը»,-նշված է հայտարարությունում, որը ստորագրող ուժերը հավելում են, թե այդ նպատակին հասնելու համար համախմբվում են որպես «ՈՉ»-ի ճակատ ու նախաձեռնում են համաժողովրդական դիմադրություն:
Հայտարարությանը միացել է ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, «Հայազն»-ը, «Ազգային համաձայնություն»-ը, ԱԻՄ-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ը եւ այլ հասարակական-քաղաքական ուժեր ու ՀԿ-ներ:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա անձամբ չմասնակցեց համաժողովին ու ընդհանրապես այդ դեպքում ինչ է անելու իրենց կողմից ստեղծված «Ազգային փրկության ճակատ»-ը, որը սեպտեմբերի 10-ին նույնաբովանդակ հայտարարություն ընդունեց:

-Պարո՛ն Հայրիկյան, Դուք սեպտեմբերի 12-ին անձամբ չմասնակցեցիք «Ոչ»-ի ճակատի ստեղծման համաժողովին, ներկա էր Ձեր կուսակցության ներկայացուցիչը: Ինչո՞ւ ինքներդ հարկ չհամարեցիք ներկա գտնվել Ձեր իսկ կողմից այդքան կարեւորվող պայքարի մեկնարկին:

-Իսկ անձամբ ո՞վ մասնակցեց որ, եթե մյուս առաջնորդները ներկա չէին, ապա ինչո՞ւ եք ուզում, որ ես անձամբ ներկա գտնվեի: Մենք պայմանավորվել էինք, որ մեր ներկայացուցիչները կհանդիպեն, ի՞նչ վատ է որ դա: Դուք դրանում վա՞տ բան եք տեսնում:

-Այսինքն՝ Դուք ճի՞շտ եք համարում այն, որ որոշում է կայացվում պայքարել Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեմ, ու դա արվում է «հեռվից»՝ կուսակցության ներկայացուցիչներին «ուղարկելով»: Իսկ Դուք ինչ-որ վա՞տ բան էիք տեսնում այդ համաժողովին անձամբ մասնակցելու մեջ:

-Երբ որ քննարկում կլինի ղեկավարների մակարդակով, այդ ժամանակ էլ ներկա կլինենք, այժմ միայն հայտարարություն էր ստորագրվում, ինչպես ասում են՝ բարի կամքի դրսեւորման, դրական վերաբերմունքի վերաբերյալ: Այդտեղ նույնիսկ կարող էի Ձեզ լիազորագիր տալ ու ասել` գնացեք ու իմ անունից ստորագրեք, այդտեղ որեւէ բացասական բան չկա:

-Բայց եթե ամեն մի կուսակցության ղեկավար պայքարի «ուղարկի» իր ներկայացուցիչներին, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարի ելքը, արդյո՞ք դա պառակտում չի առաջացնի:

-Բայց թուղթ են ստորագրե,լ չէ՞: Նախ ես ուզում եմ ասել, որ «Ոչ»-ի ճակատն ու «Ազգային փրկության ճակատ»-ը տարբեր կառույցներ են, բայց մենք հիմա այնպես արեցինք, որ այդ տարբերությունը չնկատվի, այսինքն՝ գրեթե ամբողջ կազմով ենք, ու եթե մեկը ուրիշ տեղ կոչ կանի, կասենք՝ այո, մենք էլ ենք այս ճամբարում: «Ազգային փրկության ճակատ»-ը ուրիշ բան է, այստեղ մենք ուզեցինք ասել, որ մի բարդույթավորվեք, մի հուսահատվեք, մենք էլ կանք: Վաղը մեկն էլ մի բան կանի, եթե կզգանք լուրջ է, տեսանելի է, կմիանանք, բայց մենք մեր նախնական ձեւաչափով մեր աշխատանքները շարունակում ենք: Արդեն հնչեցվել է, որ առավելագույնը մինչեւ ամսի 21-ն ենք սպասելու, որ «ոչ»-ից անցնենք հանունի: Մենք պետք է ասենք նաեւ, որ Հայստանում պետք է սահմանադրական կարգ հաստատվի, որի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր առիթներով խոսում են: Մենք իսկապես կարող ենք մեր երկիրը դարձնել բացարձակ ժողովրդավարության երկիր:

-Նույն մարդիկ տարբեր անուններ կրող ճակատներում են, ընդ որում, պայքարում են միեւնույն բանի դեմ: Եթե իսկապես պայքարի թիրախը նույնն է, ի՞նչ իմաստ կար նոր կառույց ստեղծել, արդյո՞ք հասարակությունը կընկալի, թե ինչի համար եք պայքարում:

-Մարդիկ ե՛ւ այնտեղ են, ե՛ւ այստեղ են, մենք որ առաջին ճակատում ենք, նաեւ երկրորդում ենք, երկրորդում ավելացել են նոր մարդկային խմբավորումներ, որը ողջունելի է: Ես այս պահին հակասություն չեմ տեսնում դրանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս