«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը վաճառելու գործընթացն այլեւս գտնվում է հրապարակային փուլում, ասել է թե՝ գործարքի կնքմանը մնացել են հաշված օրեր: Մասնավորապես, երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ Կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրեն պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքի առնչությամբ համաձայնություն ստանալու նպատակով:
ՀՀ Կառավարությունը մեկ շաբաթ ժամանակ տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի նախարարություններին եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների միջեւ կնքվելիք պայմանագիրն ուսումնասիրելու եւ գործադիրին եզրակացություն ներկայացնելու համար:
ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն, ինչպես եւ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: ՀԷՑ-ի գնորդ ընկերության սեփականատերերի մասին տեղեկություններն առայժմ գաղտնի են պահվում եւ չեն հրապարակվում: Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ այդ ընկերության թիկունքում կանգնած է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս դեռեւս պաշտոնապես չի հաստատել իր առնչությունն այս գործարքին, բայց միեւնույն ժամանակ չի էլ ժխտվել նրա կապը ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության գործընթացի հետ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության մամուլի խոսնակ Զառա Աճեմյանը, լրագրողների հարցմանն ի պատասխան, ասել է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն իրենց ընկերությունը չէ: Իսկ Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի գնորդի կապի հարցը մնացել է առանց մեկնաբանության: Այլ կերպ ասած՝ Կարապետյանների կողմից ՀԷՑ-ը գնելու լուրը չնայած որ դեռեւս պաշտոնապես չի հաստատվում, միեւնույն ժամանակ չի էլ հերքվում, ինչն այս դեպքում հավասարազոր է այդ տեղեկությունը հաստատելուն:
Այսպիսով, կարելի է ասել, որ դեռեւս տարեսկզբին տարածված այն տեղեկությունները, թե ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, այսօր արդեն իրողություն են դառնում: Ի դեպ, գարնանը, երբ այդ լուրերը նոր էին շրջանառության մեջ դրվել, պաշտոնատար անձինք եւ Սամվել Կարապետյանի շրջապատը խուսափում էին այդ գործընթացի վերաբերյալ հարցերին կոնկրետ պատասխանելուց: Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ դրանից մի քանի ամիս առաջ ՀՀ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի փոխվի ՀԷՑ-ի սեփականատերը: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության գործընթացը ընդամենը ժամանակի հարց է: Բայց մյուս կողմից էլէներգիայի նոր սակագնի հարցը այդպես էլ վերջնականապես չլուծվեց: Ուստի ենթադրվում էր, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը իր մասին կհայտարարի այդ խնդրի լուծումից հետո:
Եվ հիմա կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները, ՀԷՑ-ի ներկա եւ ապագա սեփականատերերը էլէներգիայի սակագնի հարցում կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հայտարարել է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո էլէներգիայի սակագինը չի վերանայվի: Ասել կուզի` իշխանությունները խոստացել են, որ մի քանի ամսից էլէներգիայի սակագինն իրենք, այնուամենայնիվ, կբարձրացնեն:
Ի դեպ, մինչ օրս չի պարզաբանվել այն հարցը, թե ռուսական կողմի համար, որպես ՀԷՑ-ի նոր սեփականատեր, Սամվել Կարապետյանն ինչու է ձեռնտու: Բանն այն է, որ Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպի» մեջ մտնում են մոտ 200 տարբեր ոլորտներում գործող ընկերություններ: Սակայն այդ խմբի մեջ իրենց ուրույն դերն ունեն հենց էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք ներառված են «Կասկադ էներգոհոլդինգ» ընկերությունների խմբում: Մասնավորապես, դրանք են «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո» եւ այսպես շարունակ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» մաս կազմող Էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունները հիմնադրվել են 2005-ին եւ արդեն 2007-ից դրանք գործունեություն են ծավալում Ռուսաստանի մի շարք տարածքներում, այդ թվում նաեւ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանը վաղուց է Ռուսաստանի էներգետիկ շուկայի խաղացող:
Այն փաստը, որ նրա ընկերությունները տարեցտարի զարգացել եւ նոր տարածքներ են ընդգրկել, ենթադրում է, որ Կարապետյանների եւ ՌԴ իշխանությունների հարաբերությունները լիարժեքորեն փոխադարձ համաձայնեցված են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ