Երգիչ Սերգեյ Գրիգորյանը, ով այժմ մի շարք միջազգային մրցույթների շրջանակում հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մենք` հայերս, կենտրոնացած ենք մեկ-երկու միջազգային մրցույթների վրա, այնինչ գոյություն ունեն բազմաթիվ այլ` ավելի հետաքրքիր մրցույթներ: Նա նաեւ խոստովանել է, որ եթե իրեն կրկին հնարավորություն ընձեռնվի որեւէ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ «Եվրատեսիլ»-ում, համապատասխան պայմանների դեպքում ինքը, հնարավոր է, համաձայնի:
-Արդեն երկրորդ տարին է` նոր տեսահոլովակով հանդես չեք գալիս, էկրաններին չեք երեւում, հետաքրքիր է` այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա ես իմ գործունեությունը հիմնականում ծավալում եմ Հայաստանից դուրս, միջազգային մրցույթներին հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, ժյուրիի անդամ, Եվրամիության տարածքում երաժշտական միջազգային մրցույթների ժյուրի եմ եւ երաժշտական պրոդյուսեր: Այս ամենն ինձ համար ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր հայկական շոու-բիզնեսում:
-Դուք Հայաստանից մասնակիցներ եք ներգրավում արտերկրի մի շարք միջազգային մրցույթներում, որոնց մասին մեզ մոտ անգամ չեն էլ լսել, փոխարենը Հայաստանում կարծես կենտրոնացել ենք մեկ-երկու միջազգային մրցույթի վրա…
-Իհարկե, հայաստանցի այդ մասնակիցները միջազգային մրցույթներից վերադառնում են մրցանակներով, ստանում են նոր մրցույթների, միջազգային համերգների մասնակցելու հրավերներ: Օրինակ` մի հայ մասնակից Շվեդիայից «Գրան պրի»-ով վերադարձավ, բացահայտվեց որպես լավ վոկալիստ, սակայն այժմ Հայաստանում երգում է այն, ինչի պահանջարկը կա, իսկ մեզ մոտ, ցավոք, «ուտվում է» ոչ այնքան որակյալ «մթերք»: Առհասարակ, հետաքրքիր մրցույթներ են անցկացվում, օրինակ` Շվեդիայում, Ֆինլանդիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Բելառուսում, Չեխիայում եւ այլն, դրանցից են, օրինակ, Europe sings-ը, Songs of the world-ը, Universong-ը: Հայաստանն, այո, կենտրոնացած է երկու մրցույթի վրա` «Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք», քանի որ դրանք ավելի կոմերցիոն են, մասսայական, դրանց միջոցով հնարավոր է գումար վաստակել: Թեեւ «Նոր ալիք»-ն էլ արդեն փորձում են «ջրել», քանի որ մեզ` հայերիս համար այն, ինչ եվրոպական է, ուրեմն դա լավն է, ուստի այն պահից, երբ «Նոր ալիք»-ը տեղափոխվեց Սոչի, ցավոք, սկսեց քչերին հետաքրքրել:
-Ու քանի որ ընդամենը մի քանի միջազգային մրցույթի վրա է հանրության հետաքրքրությունը կենտրոնացած, դրանց մասնակցելու համար հերթեր են գոյանում, մրցակցություն է լինում, կրքերը թեժանում են, երբեմն անգամ անառողջ մթնոլորտ է ձեւավորվում…
-Մեզ մոտ շատ ցավագին են ընդունում «Եվրատեսիլ»-ի ներքին խոհանոցային խնդիրները, մասնակցի, երգի ընտրության հարցը, իսկ այլ երկրներում այդպես չէ: Օրինակ` հարեւան Վրաստանում այդ մրցույթին «դոշ ճղելով», «մազ պոկելով» չեն մասնակցում, նման հերթեր չեն գոյանում: Այդքան պայքարից հետո էլ արձանագրում ենք, որ «Եվրատեսիլ»-ի շրջանակներում մենք ունեցել ենք 2-3 հաջողված երգ, մի այդքան էլ` լավ կատարում: Պարզապես, ըստ իս, մենք մի փոքր հնացել ենք այդ մրցույթում: Ասեմ Ձեզ` ինչպես մենք ենք ծիծաղում մի շարք երկրների վրա, որոնք միօրինակ կատարումներով են հանդես գալիս, մյուս երկրներն էլ, հավատացեք, մեր երկրի ներկայացուցչի կատարման դեպքում են հաճախ նման ռեակցիա ունենում: Վերջապես ո՞վ է ասել, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա եվրատեսիլյան մեկ կոմպոզիտոր, ընդ որում, փորձը ցույց է տվել, որ այդ մեկ կոմպոզիտորի գրած երգերը հաջողություն չեն ունենում մրցույթում: Կարծում եմ` ինչ-որ ավանդական կարծրատիպեր են ձեւավորվել, որոնք ավելորդ են եւ խանգարող: Որոշակի դժվարություններ կան նաեւ մասնակցի համար: Օրինակ` հենց թեկուզ այն հանգամանքը, որ երգիչը նույն «Եվրատեսիլ»-ին մասնակցելու դիմաց ոչ մի հոնորար չի ստանում, ու վայ նրան, եթե հանկարծ լավագույն տասնյակում իր երգը չընդգրկվի: Իսկ մի շարք միջազգային այլ մրցույթների մասնակիցներ ստանում են հոնորարներ, միջազգայի համերգներին մասնակցելու համար նրանք նույնպես վարձատրվում են:
-Տարիներ առաջ Ձեզ առաջարկել էին ներկայացնել Անդորան «Եվրատեսիլ»-ում: Ինչու՞ մերժեցիք հրավերը, չե՞ք փոշմանել դրա համար:
-Այն ժամանակ ես վախեցա, որ կքարկոծվեմ, բայց հետո փոշմանեցի… հիմա չեմ փոշմանում, բայց հասկացել եմ, որ հասունացել եմ այդ մրցույթի համար, պատրաստ եմ մասնակցելու ու կապ չունի` որ երկիրը կներկայացնեմ, միեւնույն է` նույն կոմերցիոն գործն ես անում:
-Եթե որեւէ երկրից կրկին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հրավեր լինի, հիմա կընդունե՞ք:
-Դա կախված է պայմաններից, եթե դրանք ինձ բավարարեն, ինչո՞ւ ոչ:
-Հայաստանի հետ կապված այժմ ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հիմա դասավանդում եմ Երգի պետական թատրոնում, ունեմ իմ կուրսը, մասնավոր պարապմունքներ էլ եմ անում, երեւի այսքանը…
Աննա Բաբաջանյան