Երեկ՝ ողջ օրը, Հայաստանի իշխանական, պետական, քաղաքական շրջանակները փորձում էին գլուխ հանել, թե ինչպես է ինքնահռչակ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը ապաստան գտել Ադրբեջանում:
Ինչպես հայտնի է՝ ադրբեջանցի իրավապաշտպան Նովվելա Զաֆարօղլուն հայտնել էր, որ Մարտիրոսյանի փախուստը նախապատրաստվել էր 10 օր: Մարտիրոսյանը վրացի իրավապաշտպանների միջոցով նամակով դիմել էր իրենց, ինքն էլ դիմել է Միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության պետական խորհրդի նախագահ Ազայ Գուլիեւին, որն էլ դիմել է Ադրբեջանի ԱԱԾ-ին՝ այսպիսով կազմակերպելով Մարտիրոսյանի անցումը Վրաստանից Ադրբեջան:
Սա նշանակում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որը պարտավոր էր իր գործակալական ցանցի միջոցով պարզել, թե ՀՀ քաղաքացին մեր թշնամական երկրի հետ ինչ հարաբերություններ է կառուցում, ըստ էության, անգործություն է ցուցաբերել։ Ինչո՞ւ թերացավ ԱԱԾ-ն, ո՞ւր էին նրա «աչքերը», գործակալները, երբ Վահան Մարտիրոսյանը 10 օր շարունակ Ադրբեջանում ապաստան գտնելու համար նամակագրության մեջ էր տեղի ներկայացուցիչների հետ: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ի այս հարցադրումը այդպես էլ անպատասխան մնաց: Երեկ ԱԱԾ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, որը կկարողանար պատասխանել մեր հարցին:
Փորձեցինք երեկ պարզել նաեւ, թե ԱԱԾ-ի «խորը քնի» պայմաններում ինչո՞վ էր զբաղված ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԳՆ-ից պարզել, թե ինչո՞ւ նրանք թերացան այս հարցում, արդյո՞ք չի կրկնվել տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, երբ Հունգարիան մարդասպանին հանձնեց ադրբեջանցիներին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ու ԱԱԾ-ը դարձյալ անտեղյակ էին: Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վահան Մարտիրոսյանի նամակագրության մասին տեղյակ չեն եղել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արտաքին գործերի նախարարությունը Մարտիրոսյանի եւ մեր թշնամի երկրի նամակագրության մասին կարող էր տեղյակ լինել միայն այն դեպքում, երբ ազգային անվտանգության ծառայությունը հրահանգեր, որ ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին ուշադրության կենտրոնում պահեն՝ հետեւելով նրա քայլերին: Այդ դեպքում ՀՀ ԱԳՆ-ն իր դիվանագիտական կապերի միջոցով կկարողանար Վրաստանի դեսպանատան հետ իրավիճակը հսկողության տակ պահել, սակայն…
Մեկ ուշագրավ հանգամանք եւս. դատելով այն իրողությունից, որ Վրաստանի Հանրապետությունում ադրբեջանական ներկայացվածությունը այդքան էլ ուժեղ չէ, չի բացառվում, որ Վահան Մարտիրոսյանը Թուրքիայի Հանրապետության գործակալական ցանցի միջոցով է ադրբեջանական կազմակերպությունների հետ կապի դուրս եկել: Բայց բոլոր դեպքերում այս իրավիճակը ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խայտառակություն է։
Իրավապահների խառնաշփոթը
Ինչպես արդեն գրել էինք՝ Վահան Մարտիրոսյանը հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում էր երկու քրեական գործերով: Օգոստոսի 15-ին վերջինս հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծել են իրեն: Այս առթիվ հարուցվել էր քրեական գործ:Դեպքից հետո ակտիվիստն ու իր կինը գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունուց էին ապաստան խնդրել եւ 5 օր մնալով նրա տանը՝ գողացել էին 3820 դոլար:
Տիկինը դիմել էր ոստիկանություն: Այս փաստի առթիվ էլ սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ չհեռանալու մասին: Տարօրինակ էր, որ երբ ոստիկանները Վահան Մարտիրոսյանին հայտնաբերեցին եւ ներկայացրին քննչական մարմնին, Վահանը չկալանավորվեց։ Նրան ստորագրությամբ ազատ արձակեց գործը քննող քննիչը, եւ միայն սեպտեմբերի 9-ին Վահանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Բայց արդեն 5 օր նա երկրում չէր։
Ի՞նչ շահագրգռվածություն ուներ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչության ավագ քննիչ Գարիկ Ստեփանյանը, որ Վահանին ազատ արձակեց: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, Դուք սեպտեմբերի 2-ին Վահան Մարիտրոսյանի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում եք կայացրել: Ինչպե՞ս կբացատրեք այդ որոշումը:
-Ուրեմն լսեք՝ հա, ես չեմ պատրաստվում հեռախոսազրույցի միջոցով Ձեր հարցին պատասխանել:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ իրավունք չունեք իմ բջջայինին զանգահարել ու ինձ ինչ-որ բաներ հայտնել:
-Ընդամենը ցանկանում ենք հասկանալ, դատելով ստեղծված իրավիճակից՝ քննիչի բացթողումն է, որ քրեական հանցագործից ունեցանք պետական հանցագործ: Դուք Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում եք կայացրել ու այդ մասին թերեւս տեղյակ չեք պահել սահմանապահներին, դրա հետեւանքով նա հանգիստ հեռացավ երկրից:
-Դուք իրավունք չունեք ինձ հարցեր տալ, եւ ես պատասխանեմ:
-Ռուզան Մարգունին բազմիցս Ձեզ ահազանգել է, որ իր բնակարանից գողություն կատարողը Վահանն է եղել, հայտնել է Ձեզ, որ նրա կինը գնացել է իր տուն եւ խնդրել դիմումը հետ վերցնել: Այս արարքները Ձեզ համար հիմք չէ՞ին, որ նրան կալանավորեիք:
– Չեմ պատրաստվում Ձեզ կրկնել՝ չեմ պատասխանելու:
-Չե՞ք ընդունում, որ Ձեր անպատասխանատվության արդյունքում այս իրավիճակը ստեղծվեց: Կոնկրետ Ռուզան Մարգունին պատրաստվում է բողոքել Ձեր դեմ:
-Չեմ ցանկանում շարունակել խոսել Ձեզ հետ, անխափան աշխատանքային օր Ձեզ:
-Ցտեսություն:
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ քննիչը, ըստ էության, վախեցել է աղմուկից կամ այս գործով այլ շահագրգռվածություն է ունեցել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ քննիչների անփութության արդյունքում կասկածյալը կամ մեղադրյալը լքում է հանրապետությունը: Նույն պատկերն ունեցանք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքում, երբ տուժող կողմը մայիսի 2-ից բարձրաձայնում էր, որ Տիգրան Խաչատրյանն է ծեծել իրեն, սակայն իրավապահները մինչեւ որոշեցին մայիսի 11-ին հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, մայիսի 8-ին նա արդեն լքել էր երկիրը:
Կասկածների հետքերով
Դատելով ստեղծված իրավիճակից՝ չի բացառվում, որ Վահան Մարտիրոսյանը վայելել է իրավապահների բարեհաճությունը: Ավելին՝ կասկածներ կան, որ նա եղել է Հայաստանի իրավապահ մարմինների գործակալական ցանցի ներկայացուցիչ, եւ նրան հավաքագրել են երրորդ երկիր ուղարկելու նպատակով: Իսկ թե որքանով են տեղեկությունները հավաստի, թերեւս դժվար է ասել: Սակայն փաստ է մեկ բան՝ այս օրերին գործ ունեցանք իրավապահ համակարգի թերացման եւս մեկ դրսեւորման հետ, որի արդյունքում խայտառակվեց մեր երկիրը: Ինչքան էլ իրավապահ համակարգի ներկայացուցիչները տեղի ունեցածը գցեն մեկը մյուսի վրա, դրանից իրավիճակի լրջությունը չի փոխվում։
Հավելենք, որ լուրեր կան, որ Վահան Մարտիրոսյանը 10-օրյա բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Բաքվում թատրոն խաղալուց հետո 3-րդ երկիր՝ Հոլանդիա կամ Բելգիա մեկնելու մասին։
Քնար Մանուկյան