Դատելով ընդդիմադիր դաշտը մենաշնորհած Հայ ազգային կոնգրեսի, հնամյա ՀՅԴ-ի, իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի եւ նրանց ակտիվիստների ցուցաբերած վերաբերմունքից` կարելի է ասել, որ շատերը քաղաքականապես խանդում են «Ժառանգությանն» ու դրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա այսօր քաղաքական դաշտի թիվ մեկ դերակատարն է դարձել:
Իսկ խանդելու առիթ իհարկե կա. ի վերջո, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեւին հրապարակավ չարժանացած Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է ստացել: Ըստ պաշտոնական, դեռ նախնական տվյալների՝ Րաֆֆին 539.672 հազար ձայն ստացել է, իսկ Տեր-Պետրոսյանը 2008-ին ստացավ 351.222 քվե: Անշուշտ, երկու դեպքում էլ ընտրության արդյունքները վիճահարույց էին: Պարզապես 2008-ին քաղաքական լարվածությունն ավելի մեծ էր, քան այսօր: Ասվածի ամենավառ ապացույցն այն է, որ մայրաքաղաք մտնող ավտոճանապարհները չեն փակվում, հանրահավաքի մասնակիցներին չեն ձերբակալում եւ այլն:
Անհերքելի իրողություն է նաեւ այն, որ շատ քաղաքական ուժեր՝ այդ թվում եւ ընդդիմադիր, Րաֆֆուն միշտ վերաբերվել են վերապահումով, ժպտացել են նրա մասին խոսելիս, համարել թույլ գործիչ, շատ դեպքերում՝ «փուչիկ» եւ այլն: Բայց այսօր ունենք իրականություն, որ հայ հասարակության զգալի հատվածը՝ կես միլիոնից ավելի մարդ, չընդունելով գործող ռեժիմի բարքերը, կառավարման ձեւերն ու սկզբունքները, ընտրել է Ր. Հովհաննիսյանին:
Ու եթե անգամ նրա պահվածքը, ընտրած պայքարի մարտավարությունն ու իրականացրած քայլերը հավատ չեն ներշնչում, այնուամենայնիվ, չպետք է ծաղրել (թեկուզ միջնորդավորված), անտեսել Րաֆֆու՝ այս պահին գործոն լինելու հանգամանքը: Ավելին, կարելի է օգտվել ստեղծված իրավիճակից եւ սկսել իրական պայքար: Նկատենք, որ իրավիճակի լրջությունն ու քաղաքականապես հարմար պահը բավական արագ որսաց Նիկոլ Փաշինյանը՝ միանալով Ր. Հովհաննիսյանի դեռ չսկսված շարժմանը: Ինչ խոսք, Նիկոլը լավ հռետոր է, մասսաներին կառավարելու առումով էլ արդեն լավ փորձ ունի եւ հանգիստ կարող է դառնալ իրավիճակի տերը, եթե նույնիսկ Րաֆֆին որոշի գնալ տուն՝ թեյ խմելու: Չէ՞ որ այդքան էլ հեշտ գործ չէ Ազատության հրապարակ լցնելը (այսօր այն լիքն է):
Հետեւաբար, ի՞նչն է խանգարում մյուսներին միանալ Նիկոլին: Կա՞ որեւէ մեկը, որ կասկածում է նրա ազնվությանը: Կարծում ենք՝ ոչ: Համենայնդեպս, տրամաբանական որեւէ հիմնավորում մինչ այժմ որեւէ մեկի կողմից չի ներկայացվել: Այնպես որ, ռեժիմի դեմ պայքարելու համար չպետք է առաջնորդվել «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով»: Պետք է ունենալ նպատակ եւ դրան հասնելու ծրագիր: Ու եթե իսկապես, օրինակ, ՀԱԿ-ի առաջ ռեժիմը կազմաքանդելու խնդիր կա դրված, հաստատ այս կերպ չպետք է վարվեին:
Զարմանալի է, որ Ազատության հրապարակում հավաքված մարդանց առաջնորդելու ձգտում չեն ցուցաբերում նաեւ դաշնակցականները, որոնց կապը Րաֆֆու հետ «պապենական է»: Ծպտուն չի հանում նաեւ քաղաքական այլընտրանք ներկայացող «Բարգավաճ Հայաստան»-ը: Նրանք ե՞ւս խանդում են Րաֆֆուն: Բա ո՞ւր մնացին հասարակության առջեւ տրված պայքարի ճռճռան խոստումները:
Վերջում հավելենք, որ սովորաբար ընդունված է ասել, թե մարդուն բնորոշ շատ գերագույն արժեքներ՝ բարոյականություն, թասիբ, ազնվություն, դրանց կարելի է ավելացնել նաեւ խանդը, ընդհանրություններ չունեն քաղաքականության հետ: Հերքելով այդ մոտեցումը՝ ամրագրենք, որ քաղաքագիտությունը լուրջ գիտություն է, պարզապես դրանով զբաղվողների մոտ կա շատ արժեքների դեֆիցիտ: Ու եթե մարդը ցեխոտ է, ցեխը չէ դրա մեղավորը:
ՈՒԶԵՆՔ, ՉՈՒԶԵՆՔ` ՐԱՖՖԻՆ ԳՈՐԾՈՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ