«Աղջիկ ջան, դու կարողա՞ լավ չես լսում». Գագիկ Ծառուկյանը խաղողագործների հաշվին հերթական PR-ն արեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Արարատ կոնյակի -գինու- օղու գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանում խաղողագործների հետ հանդիպեց Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հավաքվածներին խոստացավ, որ երկուշաբթի օրվանից խախողի մթերումը կսկսեն:

Նա նշեց, որ բոլոր խաղողագործների արտադրանքը կմթերվի: Armlur.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանին մի քանի հարցեր ուղղել, թե ինչու մինչև հիմա մթերում չի իրականացվել, իրապես խնդիր՞ր կա մթերման, թե ոչ: Խաղողագործները դժգոհում էին, որ իրենց հստակ թիվ է ասվել, որից ավել գրամ խաղող չի ընդունվի: Երբ փորձեցինք այս հարցը տալ Գագիկ Ծառուկյանին, վերջինս վրդովվեց. «Աղջիկ ջան, դու կարողա լավ չես լսում»: Նման կերպ արձագանքեց Ծառուկյանը մեր հարցին: Վերջինս այլ հարցերի չպատասխանեց` շտապ նստելով իր մեքենան և հեռանալով: Նշենք, որ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, լրագրողներից խույս տալու համար ավելի չմոտեցավ հավաքվածներին, որպեսզի կարողանա իր խոսքն ասելուց հետո շտապ նստել մեքենան և հեռանալ, ինչպես և արեց:

Ակնհայտ էր, որ Գագիկ Ծառուկյանի այս քայլը ավելի շատ PR քայլ էր: Քանի որ, եթե իրականում խաղողի մթերման խնդիր լիներ և իրենք չկարողանային խաղողագործներից գնել խաղողը, դժվար թե մեկ կամ երկու օր հետո փոշմանեին: Իսկ ահա այս պարագայում, տպավորություն ստեղծվեց, որ խաղողագործներից Գ. Ծառուկյանի գործարանը չի գնում խաղողը, նրանք դժգոհում են, որից հետո ինքը` Ծառուկյանը, հանդիպում է և խաղողագործների հետ և նրանց գոհացնելու համար նման խոստումներ շռայլում:

Ինչևէ, հավաքվածները գոհ մնացին Գագիկ Ծառուկյանից և հույսով հեռացան, իսկ որոշ մարդիկ էլ նույնիսկ չլսեցին, թե Ծառուկյանն ինչ հայտարարեց, քանի որ վերջինս իր մեքենայից հեռու չգնաց, չշրջեց տարածքով և չխոսեց տարբեր հատվածներում իրեն սպասող խաղողագործների հետ: Նրանք լրատվամիջոցներից էին հարցուփորձ անում, թե ինչ խոստումներ տվեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս