ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾՈՎ
«Հայնյուզ»-ի տեղեկություններով` գոմեշի մսի գործով ՀՀ ՊՆ երկու պաշտոնյա է ձերբակալվել: Հիշեցնենք, որ բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում անցած տարի ձերբակալվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նույն պատմության շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր գնումների եւ սպառազինության գծով: Ավելի ուշ Ա. Փայտյանը գոմեշի մսի գործով որպես վկա հարցաքննվեց:
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է
Եվրամիության փոխնախագահ, արտգործնախարար Քեթրին Էշթոնը եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարություն են տարածել, որում ասված է. «Եվրամիությունը ողջունում է Հայաստանում նախագահական վերջին ընտրություններում արձանագրված առաջընթացը, միեւնույն ժամանակ կոչ է անում արձագանքել առկա մտահոգություններին ու բարեփոխել ընտրական օրենսդրությունը»: Եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են, որ այս ընտրություններում հատկապես բարեփոխվել է ընտրական գործընթացի վարչարարությունը, երաշխավորվել է բոլոր թեկնածուների՝ ազատորեն քարոզարշավ իրականացնելու իրավունքը, բարելավվել է ընտրացուցակների որակը։
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՃՆՇԵԼՈՎ
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպերով։ Այս մասին իրենց տարածած հայտարարության մեջ ահազանգել են 15 հասարակական կազմակերպություններ:
ԴԵՌ ՉՏՈՒԳԱՆԵԼ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հրավիրված երեկվա խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, եւ ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի եւ ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջեւ անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ՝ վարչապետը հանձնարարել է, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. փետրվարի 19-ին դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ՝ մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ կապակցությամբ Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պաշտոնապես պահանջում ենք անմիջապես բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները: Դրանք սկսել միայն եւ պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց եւ Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների՝ ԸԸՀ-ներ ժամանելուց հետո»: